...

Գարեգին Բ-ն՝ Քոչարյանի ու Սարգսյանի պատճենը հոգևոր կյանքում

Գարեգին Բ-ն՝ Քոչարյանի ու Սարգսյանի պատճենը հոգևոր կյանքում

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը վերջը չդիմացավ ու հրապարակային հայտարարությամբ սատար կանգնեց իր վաղեմի գործընկեր Ռոբերտ Քոչարյանին՝ կարևորելով վերջինիս խափանման միջոցի փոփոխությունն ու ազատ արձակումը։ 

Իր այս ցանկությունը Կաթողիկոսը պայմանավորել է մարդասիրական մղումներով. «Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին, կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»։

Ռոբերտ Քոչարյանն ու Գարեգին Բ-ն Հայաստանի քաղաքական ու հոգևոր իշխանության ղեկին են հայտնվել 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո։ Սա շատ խորհրդանշական պահ է երկուսի կենսագրության մեջ։ Հոկտեմբերի 27-ից հետո նրանց կենսագրություններն ու գործունեությունը ամուր թելերով կապվել են իրար հետ։ Այդ ամուր թելը կոչվում է քրեաօլիգարխիկ համակարգ։

Հոկտեմբերի 27-ից հետո Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի պետական-քաղաքական կյանքում ձևավորեց այդ քրեաօլիգարխիկ համակարգը (իհարկե, Սերժ Սարգսյանի հետ մեկտեղ)։ 

Վեհափառի գահին նստած Գարեգին Բ-ն՝ պատճենելով Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, նույն համակարգը ձևավորեց հոգևոր կյանքում։ Հենց նրա վեհափառության տարիներին եկեղեցին դարձավ օրվա իշխանության սպասավորը, նաև եկեղեցական համակարգում արմատավորվեցին այն բարքերն ու արժեքները, որոնք Քոչարյան-Սարգսյան զույգը հաստատել էին պետական-քաղաքական համակարգում՝ մաֆիոզ երևույթներ, գողականություն, կոռուպցիա, գանձագողություն, շեղում բարոյական շատ արժեքներից։

Պատահական չէ, որ ինչպես Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին էին նրանք ատելի դարձել հանրության մեծամասնության շրջանում, այնպես էլ Գարեգին Բ-ի վեհափառության ժամանակաշրջանում հայոց եկեղեցու հանդեպ առաջացավ ժողովրդի ընդգծված բացասական վերաբերմունքը։

Գարեգին Բ-ն եղել է Քոչարյանի ու Սարգսյանի պատճենը հոգևոր կյանքում։ Երեկ նա մեկ անգամ ևս հիշեցրեց այդ մասին։ Իսկ ժողովուրդը լավ հիշում է, որ Կաթողիկոսը երբևէ մարդասիրական մղումներ չի ցուցաբերել Քոչարյանի ու Սարգսյանի իշխանության տարիներին իսկապես բռնաճնշվածների հանդեպ։ 

Համլետ Կիրակոսյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ