Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը X սոցկայքի միկրոբլոգում գրել էր, որ վերջին շաբաթներին իրենք կանոնավոր պարեկություն են իրականացնում Երասխի հատվածում և վերահսկում մետալուրգիական գործարանի ապամոնտաժումը: «Մեր ներկայությամբ նպաստում ենք նյութերի և սարքավորումների ապահով և անվտանգ տեղափոխմանը նոր վայր»,- գրել էին դիտորդները:
Ավելի ուշ այս գրառումը պաշտոնական էջից հեռացվել է և արվել է մեկ այլ գրառում. «Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը կանոնավոր պարեկություն է կատարում Երասխի տարածքում, ներառյալ մետալուրգիական գործարանը՝ հետևելու անվտանգության և ռազմական ցանկացած զարգացումներին»:
«ՉԻ». Շատ խառը վիճակ է: Նույնիսկ եվրոպացի դիտորդներն են խճճվել: Այնքան են խճճվել, որ բռնել, Երասխի մետալուրգիական գործարանի ապամոնտաժման մասին պաշտոնական հաղորդագրությունն են ապամոնտաժել:
Հուսով ենք, որ ԵՄ դիտորդական առաքելությունը մենակ Երասխի մետալուրգիական գործարանի ապամոնտաժման-չապամոնտաժման գործով կսահմանափակվի: Որովհետև մենք էլի մի քանի սահմանամերձ գործարան, կոմբինատ ունենք, ի՞նչ իմանանք, մեկ էլ տեսար, այնտեղ էլ պարեկություն կատարեն, հետո այդ գործարանների հետքը կորի:
Մեզ մոտ այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջանը պահանջել է, որ Երասխի գործարանի շինարարությունը դադարեցվի, մեր իշխանություններն էլ այդ պահանջի բավարարումը գցել են եվրոպացիների ջեբը: