...

Լուրջ ե՞ս ասում

Լուրջ ե՞ս ասում

ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը խորհրդարանում հայտարարել է. «Թուրքիան միշտ էլ ուզեցել է լինել պատերազմի կողմ, նա դա ուզեցել 1992-ին էլ, 93-ին էլ, 94-ին էլ, սակայն մենք ունեցել ենք երկրի քաղաքական ղեկավարություն, ունեցել ենք դիվանագիտություն, որոնք բոլոր միջոցներով արգելափակել են Թուրքիայի ներգրավումը արցախյան հակամարտությանը»:

«ՉԻ». Թե այդ ինչ իշխանություն է եղել 1990-ականներին, որը կարողացել է արգելափակել Թուրքիայի ներգրավումը արցախյան հակամարտությանը, Գեղամ Մանուկյանը չի ասում: 

Եթե նկատի ունի Լևոն-Տեր Պետրոսյանին, ապա սուտ է ասում, որովհետև Առաջին նախագահը 1990-ականներին փորձում էր Ղարաբաղը ծախել, հանձնել, ապազգային քաղաքականություն իրականացնել, թույլ չտալ, որ հայերը տարածքներ ազատագրեն, հասնեն մինչև Քուռ գետը: Չե՞ք հավատում, կարդացեք 1992-ի դաշնակցական մամուլը: 1993-ի, 1994-ի, ու այդպես մինչև 2020-ը: 

Կարդացեք այս 30 տարվա ընթացքում դաշնակների ելույթները, հարցազրույցները, հոդվածները, թե ինչպես էր Տեր-Պետրոսյանը Թուրքիայի հետ քիրվայություն անում, սիրաշահում նրանց, հետները գաղտնի պայմանավորվածություններ ձեռք բերում: Երևի դրա համար էին 1990-ականներին զինված ջոկատներ ստեղծում, որ սպանությունների և ահաբեկչությունների միջոցով ազատվեն այդ ապազգային իշխանություններից: 

30 տարի ահա սա են ասել ու արել, ինչ ասես, որ չէին վերագրում Առաջին նախագահին, ուրիշ ոչ մի բան, հիմա հանկարծ գլխի են ընկել, որ Տեր-Պետրոսյանի շնորհիվ Թուրքիան զերծ մնաց արցախյան հակամարտությանը մասնակցությունից: 

Բայց չմտածեք, թե դաշնակները խելքի են եկել: Վաղը նույն այս մարդիկ ցրտի ու մթի տարիների մասին իրենց 30 տարվա զառանցանքները շատ հանգիստ խղճով նորից կրկնելու են: Այն, ինչ Գեղամ Մանուկյանն ասել է, ընդամենը իշխանություններին քննադատելու համար է արել, ոչ թե Տեր-Պետրոսյանի արածը գնահատելու: Իրենք դրան ընդունակ չեն:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2034 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ