«Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտնել է, որ վերցնելու են պատգամավորական մանդատները և ասել. «Խորհրդարանական գործունեությունից բացի, մենք պայքարի այլ մեթոդներ ևս կօգտագործենք: Խորհրդարանական լծակները մեզ լրացուցիչ հնարավորություն կտան՝ ավելի ակտիվորեն խորանալու տարբեր ուղղություններով: Դրանք թույլ կտան բացահայտել արդիական խնդիրները: Դուք կտեսնեք, թե ինչ կոռուպցիոն գործարքների մեջ է ներգրավված այս իշխանությունը, հատկապես՝ գնումների և այլ ոլորտների մասով»:
Այ, էս ուրիշ բան: Սիրուն, շնորհքով, կուլտուրական ներխուժում են խորհրդարան: Սա բացառիկ խորհրդարան է լինելու: Նախ, որովհետև մենք այնտեղ առաջին անգամ կարող ենք տեսնել շարքային ընդդիմադիր գործիչ, ԱԺ պատգամավոր Ռոբերտ Քոչարյանին, ինչը աննախադեպ ցուցանիշ է վերջին 3000 տարում:
Ճիշտ է, Քոչարյանը սրտնեղած ասում է՝ ես ինձ չեմ պատկերացնում օրենսդիր մարմնում, ինչի հետ լիովին համաձայն ենք, քանի որ մենք էլ բացարձակապես չենք պատկերացնում Քոչարյանին խորհրդարանում: Նախ, որովհետև այնտեղ թղթաբանությունը հայերենով է, երկրորդ՝ պարբերաբար իրեն կարող են տհաճ հարցեր տալ, ոնց որ այսօր տվեց լրագրող Նարեկ Կիրակոսյանը: Հարցրեց. «Ի՞նչ էիք արել ժողովրդին, որ Ձեզ քվե չտվեց իշխանություն ձևավորելու համար»: Խեղճ Քոչարյանը մենակ մի բան կարող էր պատասխանել ու դա էլ արեց: Ասաց՝ ձեր հարցը չեմ հասկանում:
Հա, բայց խորհրդարանում հո չե՞ս կարող բոլոր մունդառ հարցերին այդպես պատասխանել: Կասեն՝ բա դու ընդհանրապես ի՞նչ ես հասկանում: Կամ որ բան չես հասկանում, ի՞նչ գործ ունես խորհրդարանում: Պլյուս, մի տաքգլուխ իմքայլական կարող է գյալմա-մյալմա ասի Քոչարյանին, խայտառակ լինենք:
Լավ չի: Ոնց որ թե Քոչարյանին խրտնեցնելու է այս հեռանկարը, չգնա խորհրդարան:
Բայց որ գնումների մասով կոռուպցիոն գործարքներ է բացահայտելու, էդ լավ է: Էդ մեկը մեզ դզում է. կենտ օրերին իշխանությունը կբացահայտի Քոչարյանի պաշտոնավարման տարիների կոռուպցիոն գործարքները, զույգ օրերին Քոչարյանը՝ իշխանությունների կոռուպցիոն գործարքները: Բացահայտում եք դուք, շահում ենք մենք: