...

Մանվել Գրիգորյանի օգնականը խաբել է պետությանը

Մանվել Գրիգորյանի օգնականը խաբել է պետությանը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր կայացած նիստում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանին պատկանող «Անի» ընկերությանը տուգանեց 1 մլն դրամով և ընկերությանը պարտավորեցրեց ՀԷՑ ՓԲԸ-ին ավել վճարված 480 միլիոն դրամը վերադարձնել: Ընկերությունը շահագործում է «Ջրաձոր» ՓՀԷԿ-ը: 

Վերջինս 2017 թվականին ՓՀԷԿ-ից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի վերանայման հայտին կից ներկայացրել է ոչ հավաստի տեղեկատվություն ՓՀԷԿ-ը սնուցող հիդրոկառույցների պատկանելիության վերաբերյալ, որի համաձայն էլ՝ 2 տարի վճարվել է ավելի բարձր սակագնով, ինչի արդյունքում էլ իրեն շուրջ 480 մլն դրամ ավելի գումար է վճարվել ՀԷՑ ՓԲԸ-ի կողմից:

ՀԾԿՀ իրավակաբանական և լիզենզավորման վարչության պետ Հռիփսիմե Ղազարյանը նիստին ասաց, որ «ԱՆԻ» ԲԲԸ-ի «Ջրաձոր» ՓՀԷԿ-ից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը եղել է 15.832 դրամ (առանց ԱՀՀ), քանի որ այն համարվել է ոռոգման համակարգի վրա աշխատող փոքր ՀԷԿ:

Վերջինս փորձելով առավել բարձր սակագին ստանալ՝ հանձնաժողովին ներկայացրել է ոչ հավաստի տեղեկատվություն, և արդյունքում հանձնաժողովը 2017 թվականի մայիսից ՓՀԷԿ-ից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանել է 23,753 դրամ (առանց ԱԱՀ):

Իրականացված վարչական վարույթի շրջանակում պարզվել է, որ «Ջրաձոր» ՓՀԷԿ-ը ՀԾԿՀ-ի սահմանած մեթոդիկայի իմաստով չի հանդիսացել և չի հանդիսանում բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայան, քանի որ կայանում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար առկա են այն սնուցող ջրանցքի գլխամասային հիդրոկառույցներ, որոնք հանձնված չեն «ԱՆԻ» ԲԲԸ-ին և հանդիսանում են պետական սեփականություն:

ՀԾԿՀ-ն պարտավորեցրել է «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ին, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին և «ԱՆԻ» ԲԲԸ-ին որոշմամբ սահմանված ժամկետներում կատարել 2017 թվականի հունիսի 17-ից մինչ օրս ՓՀԷԿ-ից առաքված էլեկտրական էներգիայի դիմաց կատարված վճարումների վերահաշվարկ՝ հաշվի առնելով ոռոգման համակարգերի վրա և բնական ջրահոսքերի վրա կառուցված ՓՀԷԿ-երի սակագների տարբերությունը:

«Նշված խախտման հիմքով ընկերությունը տուգանվում է 1 մլն դրամի չափով՝ որպես լիցենզիայի պայմանների խախտում: Այդ 480 մլն դրամը, որը ներառվել է սպառողների սակագնում, ընկերությունն ամբողջությամբ պետք է վերադարձնի սպառողներին: Այս ամենի ադյունքում խախտվել են մի խումբ սպառողների շահերը: 1 մլն դրամը փոխանցվելու է պետական բյուջե»,- նշեց Ղազարյանը:

«Անի» ԲԲԸ-ի սեփականատեր Մեսրոպ Մանուկյանը պարզաբանեց, որ պետական սեփականություն հանդիսացող տարածքում չի գործունեություն ծավալել:

«Մենք կառավարությանն էինք դիմել, որ ամբողջը ջրանցքը մեզ տային, անտրամաբանական է, որ 6 կմ տրամադրեցին և մի պատվարը, որը 37 մետր է՝ 21-ը տային մեզ, 16-ը՝ չտային»,- ասաց ՀԷԿ-ի սեփականատերը: 

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամը պնդում է, թե սա քաղաքական հետապնդում է իր և իր ընտանիքի նկատմամբ: Պատճառն էլ, ըստ նրա, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի վերաբերյալ իր հրապարակումներն են:

ՀԾԿՀ իրավաբանական և լիցենզավորման վարչության պետն անհիմն է համարում այս որակավորումը:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին իրականացված պարտադիր վճարումները 2018 թվականի հունվար-հունիսի ցուցանիշը գերազանցել են 347.8 միլիոն դրամով:

Մեսրոպ Մանուկյանն էլ հակադարձեց, որ վարչապետի ներկայացրած թվերը չեն համապատասխանում իրականությանը: Կառավարության առաջ զոհված զինծառայողների մայրերի բողոքի ժամանակ այնտեղ էր նաև Մանուկյանը: Վարչապետը տեսնելով նրան՝ հարցրել է. «Դուք Մանվել Գրիգորյանի օգնականը չե՞ք»։

Դրական պատասխան ստանալուց հետո վարչապետն ասել է, թե ինչու չեն վաճառում Մանվել Գրիգորյանի ունեցվածքը։ Իսկ երբ Մանուկյանը փորձել է խոսել, Փաշինյանը նրան թույլ չի տվել որևէ բան ասել:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5533 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ