ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության և ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացված գործողությունների արդյունքում նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետախուզվող Լևոն Սարգսյանը՝ Ալրաղացի Լյովը, և այժմ լուծվում է նրա արտահանձնման հարցը:
Այսպիսով, մեծ է հավանականությունը, որ քոչարյանա-սերժական քրեապետության ամենաօդիոզ դեմքերից մեկը կարող է Հայաստան բերվել: Իսկ Ալրաղացի Լյովը նշանակալի դերակատարում է ունեցել այդ տարիներին Հայաստանում բազմաթիվ աղմկոտ հանցագործություններում, աղմկոտ պատմություններում:
Նախ, Լևոն Սարգսյանը կարող է առանցքային վկայություններ տալ Մարտի 1-ի գործով ընթացող դատավարությանը: Այդ գործով Փաստահավաք խմբին՝ Սեդա Սաֆարյանի և Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ, հաջողվել էր տվյալներ ձեռք բերել, որ 2008թ. մարտի 1-ին օլիգարխների և բարձրաստիճան պաշտոնյաների կազմած սափրագլուխների խմբերին հատկացվել է ընդհանուր թվով 950 հատ զինվորական համազգեստ: Եվ այդ խմբերից մեկը ղեկավարել է հենց Լևոն Սարգսյանը:
Սա՝ ըստ էության, հաստատել էր նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որը այս տարվա մարտի 1-ի գործով դատական նիստերից մեկից հետո անդրադարձել էր այդ հարցին, թե ովքեր են սահմանադրական կարգի տապալման մեղադրանքում եղած Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի մերձավոր որոշ անձինք:
«Օրինակ՝ թիկնազոր կամ այլ անձինք են, մեր նկարագրած դրվագին առնչվում է ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը»:
Ալրաղացի Լյովի անվան հետ է կապվում նաև 2004թ. ապրիլի 5-ին ընդդիմության հանրահավաքի ժամանակ մի շարք լրագրողների և ցուցարարների նկատմամբ բռնություններ կատարելու դեպքը: Այդ օրը մի քանի տասնյակ քրեական տարրեր հարձակվել էին ցուցարարների և լրագրողների վրա, ծեծի էին ենթարկել լրագրողներ Աննա Իսրայելյանին՝ «Առավոտից», Հայկ Գևորգյանին՝ «Հայկական ժամանակից», բրիտանացի լրագրող Օնիկ Գրիգորյանին, «Շանթ» հեռուստաընկերության լրագրողին, «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատոր Տիգրան Բաբայանին, «Ազգային միաբանության» օպերատորին՝ ջարդուփշուր անելով լրագրողների ֆոտոխցիկներն ու օպերատորների տեսախցիկները: Որից հետո դանակահարել էին մի քաղաքացու, որը փորձել էր օգնել ծեծի ենթարկված լրագրողներից մեկին:
Այս ամենը տեղի էր ունեցել հարյուրավոր ոստիկանների աչքի առջև: Այդ հանցագործներից մի քանիսին բոլորն էին ճանաչել. նրանց թվում էին եղել «Արտաշատցի Հրոն», «Բանգլադեշցի Համոն»: Եվ այն ժամանակ արդեն կային տեղեկություններ, որ այդ բանդայի գործողությունները կազմակերպել և ուղղորդել են Երևանի ոստիկանության քրեական ոստիկանության պետ Կարեն Բաբաքեխյանն ու Լևոն Սարգսյանը: Դե, ավելորդ է ասել, որ այս հանցագործությունների համար ոչ-ոք պատասխանատվության չենթարկվեց: Այսօր 37 թվից զառանցողները թող սա իմանան:
Ալրաղացի Լյովի մասնակցությամբ հաջորդ աղմկահարույց դեպքը տեղի ունեցավ 2008թ. սեպտեմբերի 21-ին: Զարհուրելի պատմություն է: Այդ օրը Ալրաղացի Լյովը և նրա բանդան Խանջյան փողոցի վրա գտնվող «Օդնոկլասնիկ» սրճարանում սպանել էին 35-ամյա Անդրանիկ Բաբայանին: Նախ՝ դաժան ծեծի էին ենթարկել, հետո սրճարանի աստիճաններից ցած նետել, ու ստացված վնավածքներից Անդրանիկը մահացել էր: Հետո պարզվեց, որ Ալրաղացի Լյովը սխալմամբ է սպանել Անդրանիկ Բաբայանին. բանդան «Օդնոկլասնիկ» էր եկել «Ռադիոլուր» լրատվական ծառայության ղեկավար Արթուր Սահակյանի հետևից՝նրան սպանելու, Անդրանիկ Բաբայանին տեսել էին, մտածել էին, նա է Արթուր Սահակյանը, ու տեղի էր ունեցել ոճրագործությունը:
Սպանության շարժառիթն էլ այն էր եղել, որ Արթուր Սահակյանից դժգոհ էր ՀՀԿ-ական հայտնի «Մարիշը»՝ Մարինա Մաթադյանը, որը Ալրաղացի Լյովի մտերմուհին է եղել, Լևոն Սարգսյանն էլ որոշել էր Արթուր Սահակյանին պատժել:
Այս սպանության համար էլ Լևոն Սարգսյանը պատասխանատվության չենթարկվեց: 37 թվի ու դատարանների վրա ճնշումներ գործադրելու մասին բղավողները թող սա էլ իմանան:
Իսկ 1998 թվականից ի վեր բոլոր տեսակի ընտրություններում Ալրաղացի Լյովի կատարած բռնությունների, ծեծ ու ջարդի փաստերի մասին կպատմենք առանձին: