...

Տեռորը հաղթահարելի է, մարմնավաճառությունը՝ երբեք

Տեռորը հաղթահարելի է, մարմնավաճառությունը՝ երբեք

«Սիրելի՛ գործընկերներ, Հայաստանում արդեն տևական ժամանակ սկսել է ձեր նկատմամբ տեռոր, հարձակում, ԱԺ ամբիոնից ամենավերջին բառերն են ասում, սրա դեմը չառնելու դեպքում ինչպես դատարաններն էին շրջափակում, նույն կերպ ձեր խմբագրություններն են շրջափակելու»,- հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ նշելով, որ լրագրողները բացի մեկ-երկու հայտարարություններից, կտրուկ գործողությունների չեն դիմում։ «Դուք տեռորի զոհ եք դառնում, տեռորի զոհ է դառնում հասարակությունը։ Որպես ԱԺ պատգամավոր՝ դիմելու եմ միջազգային կառույցներին։ Նաև մեծամասնությանն եմ դիմում, հիշեք, վաղը կարող է իշխանության չլինեք և կարող է այդ պաշտպանության կարիքը ունենաք, հանուն այդ ամենի, մի թույլ տվեք տեռոր»,- եզրափակել է նա։

Գեղամ Մանուկյանի ուշքումիտքն էլ տեռորն ու միջազգային կառույցներն են։ Պարզ է՝ ինչո՞ւ։ Բայց Մանուկյանի հետ չենք կարող չհամաձայնել վերջին դիտարկման մասով՝ հիշեք, որ կարող եք վաղը իշխանություն չլինել և լրագրողների պաշտպանության կարիքն ունենաք։ Ուրեմն՝ տարիներ առաջ, երբ Գեղամ Մանուկյանն ու նրա կուսակցությունը իշխանություն էին, ինքն էլ իշխանական հեռուստաընկերության դեմքերից էր, աչք էր փակում լրագրողների վրա հարձակումների դեպքերով։ Կներեք՝ աչք չէր փակում, կոնկրետ ողջունում էր կրիմինալի համապատասխան տեռորիստական գործողությունները։ Դեպքը կոնկրետ ինձ հետ է պատահել, և դրա մասին կարող են վկայել գործընկերներս։ Լևոն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովի և լրագրողների միջև ընտրությունների ժամանակ տեղամասում ծեծկռտուք սկսվեց։ Մի կերպ հասցրինք ոստիկանություն կանչել։ Նրանք եկան ու վախեցան Սարգսյանի բանդայի հետ առերեսվելուց։ Ասացին՝ գիտե՞ք իրենք ով են։ Շամշյանին հասցրել էի մեսիջ գրել, թե մեզ կսպանեն, ոստիկանությունը վախենում է միջամտել։ Շամշյանի կապերի շնորհիվ բարձրաստիճան ոստիկանները տեղում հայտնվեցին Մետաքսի տեղամասում։ Խոսքը մի քանի միլպետերի և փոխոստիկանապետերի մասին էր։ Ես արդեն վնասվածքներ ունեի։ Ինձ առաջարկեցին լքել տեղամասը, գնալ ոստիկանության Էրեբունու բաժին և հաղորդում տալ։ Ասացի՝ կգնամ, բայց ուշ, չեմ թողնի տեղամասը։ Սկսեցին համոզել, որ պետք է արագ գործել, դատաբժշկական փորձաքննության ուղեգիր վերցնել, որ արձանագրվեն վնասվածքները։ Ասացին, որ ինձ կուղեկցեն, որ գործընթացը արագ լինի և մինչև ձայների հաշվարկը կարողանամ հետ վերադառնալ։ Ժամը 16։00-ին կամ 18։00-ին Գեղամ Մանուկյանի լուրերն եմ լսում, որտեղ գլխավոր լուրն այն մասին է, որ ես ծեծի եմ ենթարկել Լևոն Սարգսյանին, խոչընդոտել եմ ընտրական գործընթացը, և իմ նկատմամբ գործ է հարուցվել մի քանի հոդվածներով, այդ թվում՝ խուլիգանության։ Ու այս լուրը ընթերցվում է կադրերի ուղեկցությամբ, որոնցում ես դուրս եմ գալիս տեղամասից և միլպետի ուղեկցությամբ նստում եմ նրա մեքենան։ Սա էլ տրվում է որպես ապացույց այն հայտարարության, թե ես բերման եմ ենթարկվել։ Ես, իհարկե, այդ պահին խմբագրությունում էի և բացի ծիծաղելուց նաև փորձեցի հասկանալ, թե ի՞նչ հաշիվ է։ Բոլորը ստացել էին ոստիկանության հաղորդագրությունը։ Բացառապես բոլորը։ Անգամ Միքայել Մինասյանին սպասարկող լրատվամիջոցները հարկ չէին համարել իրենց լրահոսում զետեղել այդ հաղորդագրությունը։ Զանգահարեցի Գեղամ Մանուկյանին։ Ասաց, որ պաշտոնական հաղորդագրություն է, պարտավոր էին տալ։ Իսկ մնացած ավելի կարևոր բանե՞րը։ Գրեցի, որ եթե ոստիկանությունը հաղորդագրություն տարածեր, թե Կրկեսի մոտից մարմնավաճառության համար բերման է ենթարկվել Գեղամ Մանուկյանը, ես անպայման կզանգեի նրան ու կհարցնեի՝ եղե՞լ է նման բան, թե՞ քո նկատմամբ իշխանությունները տեռոր են հայտարարել։ Բայց Գեղամ Մանուկյանն այն ժամանակ իշխանություն էր ու տեռորի տոն տվող։ Հիմա ընդդիմություն է, և ես նրան ժամանակ առ ժամանակ պաշտպանում եմ՝ մոռանալով, որ եղել են ժամանակներ, երբ մի խումբ լրագրողներ տեռորի թիրախ էին, իսկ մի խումբը «մարմնավաճառությամբ էր զբաղված»։ 

Գոհար Վեզիրյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ