...

Գեղամ Մանուկյանից ռուսների վարկածն էլ ճշտեք, անցեք այլմոլորակայիններին

Գեղամ Մանուկյանից ռուսների վարկածն էլ ճշտեք, անցեք այլմոլորակայիններին

Օրերս ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքում գրառում  կատարեց՝ ինֆորմացիոն սկանդալային արտահոսք կազմակերպելով։ Խոսքը երկու քուրդ ազատամարտիկների, հեղափոխականների մասին է, որոնք, ըստ Մանուկյանի, պայքարել են սեփական ժողովրդի ազատագրության համար, պայքարել են թուրքական բռնատիրության դեմ։ «Հիմա նրանք, հայտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում, օրինական ուժի մեջ մտած դատավճռից հետո առևանգվել և հանձնվել են մեր երկրի դեմ 44-օրյա պատերազմի ակտիվ մասնակից, այս օրերին ադրբեջանական ագրեսիայի հովանավոր ցեղասպան Թուրքիայի իշխանություններին։ Քրդական աղբյուրները հայտնում են, որ Լեհենգ և Ալիշեր գաղտնանուններ ունեցող երկու մարտիկները հանձնվել են թուրքական գաղտնի սպասարկությանը՝ MIT-ին։ Թուրքերն իրենց հերթին հպարտությամբ հայտարարում են, որ տարիներ շարունակ որոնվող երկու քրդերը իրենց ձեռքում են հայտնվել գաղտնի հետախուզական գործողության արդյունքում»,- գրել էր Մանուկյանը՝ ներում խնդրելով, որ «ձեր զավակներին թուրքերի ձեռքը տվեցին հայերը, որտեղ նրանց կտտանքների են ենթարկելու։ Հիմա մեզ մոտ հայկական իշխանություն չէ։ Նրանք էլ են արդեն թշնամական օկուպացիոն ուժեր մեր երկրում»,- ընդգծել էր Մանուկյանը։ 

Պատգամավորի գրառումից ժամեր անց Քրդական ժողովրդական պաշտպանության ուժերի (HPG) մամուլի ծառայությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ Հայաստանը խախտել է իր և միջազգային օրենքները՝ Թուրքիային փոխանցելով Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) երկու անդամների։ Նրանք, ըստ հաղորդագրության, «Հայաստանի հետ սահմանի շրջանում բախվել են հայկական պետության ուժերի հետ 2021 թվականի օգոստոսին, բացասական իրավիճակը կանխելու համար կշռադատված են գործել, սակայն նրանք ձերբակալվել են, կալանավորվել և նրանց մեղադրանքներ են առաջադրվել»: Եվ չնայած սրան՝ 2022 թ․ փետրվարի 23-ին Հայաստանի Վերաքննիչ դատարանը  որոշում է կայացրել ազատ արձակել նրանց։ Ըստ էության, շուրջ 7 ամիս ազատության մեջ մնալուց հետո «․․․ նրանք առևանգվել և ձերբակալվել են Հայաստանի գաղտնի ծառայության կողմից։ Չնայած խոստացել էին նրանց ազատ արձակել նշված միջոցառումների ընդունումից հետո, սակայն նրանց Հայաստանից Թուրքիա են արտահանձնվել մոտ մեկ ամիս առաջ»,- ասված էր հայտարարության մեջ։ «Ցեղասպանության ձգտող Թուրքիային քուրդ հեղափոխականների այսկերպ փոխանցումը խայտառակություն է Հայաստանի համար: Այդ քուրդ հեղափոխականները պայքարում են իրենց ժողովրդի գոյության և ազատության համար ու ցավում բոլոր ճնշված ժողովուրդների համար»,- նշել էր HPG-ն:

Հայտարարությանը բավականին օպերատիվ արձագանքեց ՀՀ ԱԱԾ-ն՝ նշելով, որ իրենք կապ չունեն հանձնման գործընթացի հետ, քանի որ քրեական վարույթների շրջանակներում դատապարտված անձանց հանձնման գործընթացը դուրս է Ծառայության լիազորությունների շրջանակից։ Տարածվող լուրերը ԱԱԾ-ն որակեց անհիմն, մերկապարանոց, ստահոդ, զուրկ իրավական հիմքից։ Հաղորդագրության մեջ ուշագրավն այն էր, որ ԱԱԾ-ն հորդորում էր զերծ մնալ պետական կառույցների հեղինակությունը արատավորող երկրի արտաքին անվտանգությունը խաթարող ապատեղեկատվություն տարածելու անթույլատրելի գործելաոճից, ապա զգուշացնում էր, որ իրենք ստուգողական գործողությունների միջոցով հետամուտ են լինելու պարզելու ստահոդ լուրեր տարածողների իրական շարժառիթներն ու քողարկված մղումները։

ԱԱԾ հաղորդագրությանը հետևեց ՀՀ Արդարադատության նախարարութան պարզաբանումը։ Պարզվեց, որ այս կառույցն է իրավասու դատապարտյալին փոխանցել իր քաղաքացիության երկիր պատժի մնացած մասը կրելու նպատակով։ «Սակայն, Արդարադատության նախարարության կողմից համացանցում տարածված՝ ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին Թուրքիային փոխացում չի իրականացվել։ Ավելին, Արդարադատության նախարարությունում նշված անձանց հանձնման կամ փոխանցման վերաբերյալ հարց չի քննարկվել»,- նշված էր հաղորդագրության մեջ։

Վերադառնալով ԱԱԾ-ին՝ նշենք, որ այսօր արդեն «Ժողովուրդ» օրաթերթը «բացառիկ տեղեկություններ» է որակել իր այն հրապարակումը, համաձայն որի՝ ԱԱԾ-ում որոշվել է քրեական գործ հարուցել՝ պարզելու, թե ինչպես են երկու քուրդ ազատամարտիկներ Աթիլլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին Թուրքիայում հայտնվել: Ըստ լրատվամիջոցի աղբյուրի՝ հարցը բավականին խիստ է դրվել։ 

Կարծում ենք ԱԱԾ-ին հարուցվելիք գործի շրջանակներում պետք է հետարքրի հետևյալ հարցադրումները․

1․ ԱԱԾ-ն տեղյակ չի եղել, Արդարադատութան նախարարությունը տեղյակ չի եղել, Քրդական ժողովրդական պաշտպանության ուժերը տեղյակ չեն եղել, բայց Գեղամ Մանուկյանն իմացել է։ Որտեղի՞ց և ինչպե՞ս։ 

2․ Միտումնավո՞ր է արդյոք առաջ քաշվել քարոզչական այն թեզը, որ հայերն են հանձնել քրդերին թուրքերի ձեռքը, որտեղ նրանք կտտանքների են ենթարկվելու։ (Ադրբեջանցիների, թուրքերի ագրեսիան դիմագրավող մեր տղաների համար երրորդ ճակատ են բացում՝ ի դեմս քրդերի)։

3․ Հայաստանի ի՞նչ գաղտնի ծառայության մասին է խոսում HPG-ին։ Եթե այն ԱԱԾ շրջանակներից դուրս է, ապա ո՞ր երկրի շահերի սպասարկման տիրույթում է գործում։ (ԱԱԾ-ն տեղյակ չէ, բայց HPG-ն պնդում է, որ սա Հայաստանի համար խայտառակություն է)։

4․ Եվ վերջում ռուս սահմանապահներն են նրանց «դիմավորել» սահմանին և հանձնել ՀՀ արդարադատությանը։ Հնարավո՞ր է, որ ռուս սահմանապահներն էլ ներգարվված լինեն նրանց Թուրքիային հանձնելու գործընթացում։

5․ Եթե ԱԱԾ-ն չէ, Հայաստանի իշխանությունը չէ, Հայաստանի տարածքում էլ գործող գաղտնի ծառայությունը չէ, և իվերջո՝ ՌԴ-ն էլ չէ, մնում է քննարկել այլմոլորակայինների վարկածը։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   6982 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ