...

Ինչ է կատարվում ԱԱԾ-ում

Ինչ է կատարվում ԱԱԾ-ում

Պրահայում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Փաշինյանի և Ալիևի հանդիպմանը հաջորդած հայտարարությունը մի քանի օր շարունակ է դարձել է հայաստանյան քաղաքական դաշտի գրեթե բոլոր փորձագետների քննարկման նյութը։ Հրապարակային մակարդակում քննարկումները երկու ճակատով են՝ արևմտամետները կարծես թե առանձնապես դժգոհ չեն կատարվածից, ռուսամետները պնդում են, որ ՌԴ-ը կարող էր մեզ ավելին առաջարկել և պետք չէր շտապել՝ մտածելով, թե ՌԴ-ը պարտվելու է Ուկրաինայում, ապա դուրս է մղվելու տարածաշրջանից։ Քաղաքական դաշտում սա է, իսկ ի՞նչ է կատարվում պետական համակարգում։ Ըստ էության այստեղ էլ ամեն բան միանշանակ չէ։ Թվում էր՝ պետական կառույցները պետք է առանց քննարկման իրականացնեն քաղաքական իշխանության պատվերը, բայց այստեղ էլ, մեղմ ասած, անհասկանալի իրավիճակ է։

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, որն ավանդաբար սպասարկել է իշխանության շահը (մեզանում՝ մասնավորապես այս մարմնում, պետական և իշխանական շահ հասկացությունները գրեթե նույնական են եղել) այսօր բառացիորեն սաբոտաժի է ենթարկում իշխանության՝ արտաքին քաղաքական օրակարգի սպասարկումը։ Այդ օրակարգում, ինչպես հայտնի է, խաղաղությունն է՝ այս պահին Արևմուտքի առաջնորդությամբ։ Եվ ահա ԱԱԾ-ը, որն ավանդաբար գործել է ՌԴ ազդեցության տիրույթում, այնքան էլ հակված չէ սպասարկել այս պահի իշխանության օրակարգը։ ԱԱԾ վերնախավի ներկայացուցիչների մեծ մասը իր «գործի մկրտությունը» ստացել է Ռուսաստանի Դաշնությունում, ավանդաբար իրեն համարում է ռուսական «շկոլայի» հետևորդ։ Չխորանալով ռուսական ԿԳԲ-ի գաղափարաբանության և գործիքակազմի մանրամասների մեջ՝ միայն հավելենք, որ այսօրվա ԱԱԾ-ի պորտալարը դեռ կտրված չէ Մոսկվայից, ուստի՝ Փաշինյանին և նրա թիմին սաբոտաժի ենթարկելու ԱԱԾ վերնախավի մոտեցումը միանգամայն տեղավորվում է պրոռուսական գծի մեջ։ 

Կարելի է ասել՝ ԱԱԾ-ն ամբողջ կազմով ամեն ինչ անելու է, որպեսզի տապալի Փաշինյանի ծրագիրը։ ԱԱԾ-ը փախչում է Փաշինյանի տակից, և միայն մեկ տեղակալ է, որն այս պահին սպասարկում է այն ծրագիրը, որին հավանություն է տվել երկրի իշխանությունը։ ԱԱԾ-ում ստեղծված այս իրավիճակի, տեղակալներից մեկի դիմադրության մասին հրաշալի ապացույց է օրերս հրապարակված ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանի հրապարակային դիմումը առ Նիկոլ Փաշինյան։ Համբարձումյանի նամակը, եթե մաքրենք ազգային-հայրենասիրական զեղումներից, ապա պարզորեն կուրվագծի մեր շարադրածը։ 

Դեռևս սեպտեմբերի 14-ին ՀՀ ազգային ժողովի ելույթի ժամանակ վարչապետը «խոպանչիության», լրտեսության և դավաճանության մեղադրանքներ հնչեցրեց ԱԱԾ պահեստազորի սպաների միության անդամների հասցեին՝ նշելով․ «Հայաստանի Հանրապետությունում ձեր օրոք ԱԱԾ չի եղել, խոպանչիների բրիգադ եք դուք եղել, խոպանչիների բրիգադ, ցավոք սրտի նաև մեր ժամանակ նշանակվածների շրջանից։ Ազգային անվտանգության ծառայության սպաների միություն, տո դուք ով... ազգային անվտանգության ծառայություն, ձեզանով ԱԱԾ-ն պետք է զբաղվի, որովհետև շատ դեպքերում հլը պետք է հասկանանք՝ դուք ամեն մեկդ քանի երկրի շպիոն եք, ընդհանրապես»:  Ահա այս հայտարարությանը Համբարձումյանը պատասխանում է՝ հաստատելով, որ իրեն է Փաշինյանը հրահանգել 44-օրյա պատերազմի ժամանակ պատերազմի ընթացքին առնչվող կոնկրետ հարցում խիստ գտնվել։ Համբարձումյանն ասում է, թե ինքը շատ խիստ է գտնվել, բայց «ցավոք, (գործը-խմբ․) իսկապես ձախողվեց տեղերում պատասխանատուների կողմից աշխատանքը ճիշտ չկազմակերպելու և նշված հրամանի պահանջները, ըստ էության, լիարժեք չկատարելու հետևանքով։ Սաբոտաժ ԱԱԾ աշխատակիցների կողմից՝ սա մեկ։ 

Երկրորդ՝ Համբարձումյանը հակադարձում է, թե ԱԱԾ-ում առ այսօր գրեթե 100 տոկոսով աշխատում են նույն այն մարդիկ, որոնք նախկինում ևս համակարգում զբաղեցրել են ղեկավար պաշտոններ ու պատասխանատու են եղել ծառայության որակյալ գործունեության համար: «Այսօրվա ղեկավար կազմը (բացառությամբ մեկ տեղակալի) նույն մարդիկ են»,- փաստել է ԱԱԾ նախկին պետը՝ ըստ էության մեկ տեղակալին հանելով հնաբնակների շարքից։  

Եթե ԱԱԾ-ում մարդիկ կան, որոնք կողմ կամ դեմ են իշխանության վարած քաղաքականությանը, ապա կարող են դուրս գալ կառույցից և սկսել պայքարել։ Այլապես մնալ տեղում՝ նպատակադրված բոյկոտելով կառույցը, սաբոտաժի ենթարկել իշխանությանը, հրամանների կատարումը համաձայնեցնել որտեղ ասես, միայն ոչ ներսում՝ իսկապես մտահոգիչ է։ Շատ մտահոգիչ։

Գոհար Վեզիրյան 

Շարունակելի

ՎԱՐԿԱՆԻՇ

   1131 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ