Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 20-ին խորհրդարանական ամբիոնից արտասանած հերթական հիստերիկ ելույթը բազմաթիվ փակագծեր բացեց և բացահայտեց այն վիճակը, որում այսօր գտնվում է Հայաստանը։
Փաշինյանը նախ մի կուշտ հեգնեց արտգործնախարարությանը (երևի մոռացել էր, որ այն իր ղեկավարած կառավարության կազմում է), հետո հայտարարեց, թե Գեղարքունիքի մարզում հայ և ադրբեջանցի զինծառայողների «զանգվածային ծեծկռտուքի» մասին պաշտպանության նախարարությանը պարզապես չէին զեկուցել (պատկերացրեցի՞ք, թե ինչ խայտառակ վիճակ է այդ համակարգում), հետո ասաց, թե բացարձակ պատկերացում չունի սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների մասին ու չգիտի՝ անկլավների հարցն ինչպես է լուծվելու, հետո հայտարարեց, որ այո, այսօր հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում կան տարածքներ, որոնք մեր վերահսկողության տակ են, բայց Խորհրդային Ադրբեջանի կազմում են եղել (այսինքն՝ բաց տեքստով ասաց, որ հայ-ադրբեջանական այսօրվա շփման գծից էլ ենք հետ քաշվելու), և այլն։ Ունքերն ու ուսերը խաղացնելով՝ Միշիկի վրա հարձակվելու և աջուձախ բոլորին ադրբեջանական գործակալներ անվանելու մասին չենք խոսում. այդ առումով ամպլուայի մեջ էր։
Բայց ամենակարևորը նրա այն հայտարարությունն էր, թե ինքը ոչ մի գործ կիսատ չի թողնելու։ Թե կոնկրետ ինչ կիսատ թողած գործի մասին էր խոսում՝ չկոնկրետացրեց, բայց ենթադրելը դժվար չէ։ Վերջին հաշվով՝ իր իշխանության երեք տարիների ընթացքում նա ընդամենը երկու «շոշափելի արդյունք» է արձանագրել։ Վերացել է ԼՂՀ տարածքի մոտ 75 տոկոսը, հայկական բանակից էլ թե ինչ է մնացել՝ հայտնի չէ։ Բայց ուշադրություն դարձրեք՝ երկուսն էլ «կիսատ գործեր» են, որովհետև Արցախի 25 տոկոսը դեռ կա, բանակից էլ հաստատ ահագին բան մնացած կլինի։ Ու հիմա նա հայտարարում է, թե ոչ մի գործ կիսատ չի թողնելու, ամեն ինչ ավարտին է հասցնելու, որից հետո սկսվելու է Հայաստանի խաղաղ զարգացման ժամանակաշրջանը։ Այսինքն՝ ավարտին է հասցնելու Արցախի վերացումը (ինչը Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումից և Արցախի կարգավիճակի հարցի փակումից հետո ընդամենը ժամանակի խնդիր է), փաստացի վերացնելու է հայկական կանոնավոր բանակը, Ադրբեջանին ու Թուրքիային տրամադրելու է բոլոր հնարավոր միջանցքները, սահմանների պաշտպանությունը հանձնելու է Ռուսաստանին ու դրա դիմաց ստանալու է «տևական խաղաղություն»։ Սրանք, ի դեպ, ենթադրություններ չեն, Փաշինյանն ինքն էր խորհրդարանական ամբիոնից ճոճում այդ փաստաթուղթն ու հայտարարում, որ անպայման ստորագրելու է, որովհետև դա 100 տոկոսով ձեռնտու է Հայաստանին։
Բայց ամենաահավորն, իհարկե, այն ցինիզմն էր, որով նա «մուննաթ էր գալիս» քաղաքական ուժերի վրա, թե բա եթե 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունն այդքան կործանարար էր, բա ինչո՞ւ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած որևէ ուժ չի հայտարարում, թե հաղթելու դեպքում Հայաստանի ստորագրությունը ետ է վերցնելու։ Պատկերացնո՞ւմ եք՝ մեկը հարբած նստի մեքենայի ղեկին, մի քանի հոգու վրաերթի ենթարկի ու սպանի, իսկ երբ փորձեն ղեկից պոկել՝ սկսի աջուձախ բոլորին հայհոյել ու գոռգոռալ, թե «բայց որպես ի՞նչ պիտի տեղս զիջեմ, բա խի՞ չի որևէ մեկը հայտարարում, որ իմ փոխարեն ղեկին նստելու դեպքում էդ մեռածներին սաղացնելու ա»։ Հիմա նա իրեն ճիշտ այդպես է պահում՝ մի ամբողջ երկիր է կործանել ու ասում է «բայց դե եղածը եղած է, ոչինչ չեք կարողանալու փոխել, թողեք գոնե սկսածս ավարտին հասցնեմ»։
Հ.Գ․ Նույն ելույթում մեծ թատերաբեմի փոքրիկ կոմբինատորը հայտարարեց նաև, թե Հայաստանն Ադրբեջանի սահմանները դեռ 1991-ի դեկտեմբերին է ճանաչել։ Ճիշտ է, բայց ոչի՞նչ, որ այդ սահմանները դրանից հետո են փաստացի փոխվել։ Ընդ որում՝ փոխվել են Հայաստանի աջակցությամբ, բայց պաշտոնապես դա արել է ԼՂՀ-ն, Ադրբեջանն էլ ընդունել է դա՝ 1994-ի մայիսին Բիշքեկում եռակողմ համաձայնագիր ստորագրելով։ Թե՞ Նիկոլ Փաշինյանին նման «մանրուքները» չեն հետաքրքրում։
Արմեն Բաղդասարյան