ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հակարի կամրջի վրա անցակետ տեղակայելուն և լրագրողի դիտարկմանը, որ խաղաղությամբ հարցը չի լուծվում, ասել է. «Պատերա՞զմ եք ուզում: Միգուցե Ադրբեջանը պատերազմ է ուզում, բայց միակ տարբերակը խաղաղ բանակցությունների արդյունքում և խաղաղության պայմանագրի ստորագրմամբ տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելն է: Սրան այլընտրանք չկա»:
«ՉԻ». Si vis pacem, para bellum: Էս դեռ Հին Հռոմի ժամանակներից են քարոզում. խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի:
Մեր իշխանություններն այս հայտնի բանաձևն էլ են ձևափոխել. խաղաղություն ես մուրում, պատրաստվիր մուրացկանության:
Հենց մի բան ես ասում՝ որ Ադրբեջանը սա է արել, այն է արել, այստեղ է մտել, այնտեղ փակել, մենակ մի պատասխան ունեն՝ խաղաղությանն այլընտրանք չկա: Մեկ-մեկ էլ ասում են, թե Ադրբեջանին չպետք է ագրեսիվ գործողությունների առիթ տալ:
Այսինքն, որ ձեն չհանենք, տարածաշրջանում երկարատև խաղաղություն է հաստատվելու: Չգիտենք՝ ինչ է հաստատվելու, բայց Ադրբեջանն արդեն անցակետ է հաստատել Լաչինի միջանցքում:
Ուղղակի իմացած եղեք, որ մուրացկանությամբ զբաղվողներին ինչ-որ կռճոններ են տալիս, որ սովից չմեռնեն: