«Բանն այն է, որ եթե անկեղծ լինենք, ապա միանգամայն ակնհայտ է, որ Ռուսաստանը մատակարարում է այդ սպառազինությունը ոչ թե Փաշինյանին, այլ Հայաստանին: Սա ամենագլխավորն է: Այդ մատակարարումները Անդրկովկասում ռազմական և ռազմավարական հավասարակշռությունը պահպանելու համար են: Փաշինյանին չէ: Դա եղել է Փաշինյանից առաջ և կլինի Փաշինյանից հետո»:
Սա հատված է ռուսաստանյան «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովի հարցազրույցից՝ տրված 1in.am-ին:
«ՉԻ». Ինչպիսի անկեղծություն, բա մեզ էլ թվում էր՝ Փաշինյանի աչքերն եք հավանել և սկսել եք զենք մատակարարել:
Իրականում հեչ էլ անկեղծ չեք: Վերջին մատակարարումները կապված են մի շարք հանգամանքների հետ: Դրանցից ամենակարևորն այն է, որ Ադրբեջանը դադարել է նույն ծավալներով զենք գնել Ռուսաստանից, ինչպես անում էր, ասենք, 5 տարի առաջ: Ադրբեջանը բավական դիվերսիֆիկացրել է զենքի գնման իր շուկան, և Իսրայելն Ադրբեջանին զինամթերք վաճառելու ծավալներով արդեն գրեթե անցել է Ռուսաստանին:
Հայաստանին զենք մատակարարելով՝ Ռուսաստանը մեսիջ է ուղարկում Ադրբեջանին, որ ավելի ակտիվ է պետք գործել ռուսական շուկայում: Հասկանալի է, որ նավթի վաճառքից ստացված առաջվա եկամուտները չկան, բայց եղածն էլ պետք է Ռուսաստանում ծախսվի:
Եթե իսկապես հավասարակշռությունը պահպանելու մտահոգություն ունենայիք, ՀԱՊԿ-ի անունից հայտարարություն կտարածեիք, որ թույլ չեք տա ագրեսիա համաձայնագրի անդամ պետության հանդեպ: Դրանից լավ հավասարակշռությանը միտված քայլ հնարավոր չէ մտածել:
Իրականում, այո, Ռուսաստանը չէր ցանկանա հիմա մեծ ծավալի զենք մատակարարել Հայաստանին, բայց մյուս կողմից էլ՝ չի կարող հետաձգել իր բիզնես շահերը, ինչ է թե Փաշինյանն այնքան էլ իրենց սրտով չէ: