Հիմա՝ բանակի մասին։ Այս հարցում նույնպես մենք շարունակում ենք ինքնախաբեությամբ զբաղվել, որովհետև այսօր ամենատարածված թեզն այն է, թե մեր բանակը չի պարտվել։ Իրականում պարտվել է, ընդ որում՝ բլից-կրիգում, որովհետև եթե բանակը 26 տարի պատրաստվում է պատերազմի ու դիմադրում է ընդամենը 44 օր, դա հենց բլից-կրիգ է։ Այլ հարց է՝ մեղավո՞ր է այդ պարտության համար բանակը, թե ոչ։ Իհարկե մեղավոր չէ։ Մեղավորը ռազմաքաղաքական ղեկավարությունն է՝ գերագույն հրամանատարի գլխավորությամբ, բայց դրանից պարտության փաստը որևէ տեղ չի անհետանում։
Իսկ ռազմաքաղաքական ղեկավարությունը մեղավոր է, որովհետև․
1․ Բանակի համար չի ապահովել դրված խնդիրները լուծելու համար անհրաժեշտ ժամանակակից սպառազինություն,
2․ Չի իրականացրել այնպիսի արտաքին քաղաքականություն, որը կբացառեր բանակի՝ տասնապատիկ ավելի հզոր բանակների դեմ պատերազմի հեռանկարը,
3․ Չի կարողացել ձեռք բերել այնպիսի դաշնակիցներ, որոնք նման պատերազմի դեպքում հայկական բանակին թշնամու դեմ մեն-մենակ չէին թողնի։
Պարզ ասած, երկար տարիներ ռազմաքաղաքական ղեկավարությունը բանակի առջև բարդագույն խնդիր է դրել՝ առանց դրա իրականացումը հնարավոր դարձնելու ուղղությամբ կոնկրետ քայլերի։
Իսկ ի՞նչ պետք է անել հիմա։ Ինֆորմացիոն բաց աղբյուրների տվյալները թույլ են տալիս եզրակացնել, որ մեր կանոնավոր բանակի մոտավորապես մեկ երրորդը շարքից դուրս է եկել։ Ընդ որում՝ խոսքը և՛ անձնակազմի մասին է, և՛ սպառազինության։ Մնացած սպառազինությունն էլ, չնայած թվացյալ հզորությանը, բավականին հնացած է և խոցելի։ Հետևաբար՝ մենք շատ արագ պիտի կարողանանք վերակառուցել բանակը ու համապատասխանեցնել ժամանակակից պահանջներին։ Ոչ թե կորցրած տարածքները ետ բերելու (այսօր դա իրատեսական չէ), այլ տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական նոր իրավիճակում «ոտնատակ չլինելու» համար։ Ընդ որում՝ դրա համար մենք շատ քիչ ժամանակ ունենք։ Հնարավոր է՝ հաշված ամիսներ։ Տարածաշրջանը «բացվում է», և այդ խնդրի լուծումից է կախված՝ արդյունքում Հայաստանը խաչմերո՞ւկ կդառնա, թե՞ «պրախադնոյ դվոր»։
Որքան էլ ցավալի հնչի՝ բայց միայն սեփական ուժերով, հասկանալի է, այս խնդիրը կարճ ժամանակում չենք լուծի։ Այսօրվա իշխանություններն էլ հազիվ թե կարողանան դաշնակիցներ գտնել, որովհետև նրանց միջազգային հեղինակությունը ձգտում է զրոյի։ Մնում է համապատասխան եզրակացություններ անենք ու աշխատենք՝ առանց իրականության աչքերին նայելուց վախենալու։ Սա է, մնացածը դատարկ էմոցիաներ են։
Արմեն Բաղդասարյան
Սկիզբը՝ Մենք միշտ էլ պարտվելու ենք, եթե հրաժարվենք ուղիղ նայել ճշմարտության աչքերին: