...

«Մերոնքական» և «ոչ մերոնքական» հերոսների տարբերությունը

«Մերոնքական» և «ոչ մերոնքական» հերոսների տարբերությունը

Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ անդրադառնալով նրան, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր անազատության մեջ է, մեղադրյալի աթոռին է, իսկ Սերժ Սարգսյանին ևս մեղադրանք է առաջադրվել, ասել է. «Մենք խոսում ենք առաջնորդների մասին, որոնք ժամանակին ղեկավարել են ազգային ազատագրական պայքարը: Սկզբնական շրջանում նաև կազմակերպել են զինված դիմադրությունը: Հետագայում այդ մարդիկ իրենց մասնակցությունն են բերել բանակաշինության գործին, մասնակցություն են ունեցել մեր հայրենիքի բարօրությանը: Պարզ է, որ չի կարող նրանց ներկայիս վիճակը չառաջացնել այդ ոչ հասարակ տրամադրությունները մեր ժողովրդի մոտ:
Լինի դա մեր միջնորդությունը դատարանում, լինեն այլ գործողություններ մեր կողմից նախաձեռնված, միայն նպատակ էին հետապնդում իմ կողմից նշված իրողությունը հաշվի առնելով, որ մենք խոսում ենք մարդկանց մասին, որոնց մասնակցությունը հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ դժվար է չգնահատել»:

«ՉԻ». Մեզ մի հարց է հետաքրքրում. Բակո Սահակյանը երբևիցե մատը մատին խփե՞լ է, երբ Սամվել Բաբայանին Շուշիի բանտ էին նետում: Սամվել Բաբայանն էլ է ժամանակին ղեկավարել ազգային ազատագրական պայքարը: Սկզբնական շրջանում նաև կազմակերպել է զինված դիմադրությունը, մասնակցություն է ունեցել բանակաշինության գործին: Ոչ, չի խփել:

Այսինքն, եթե մարդուն բանտից ազատ արձակելու միջնորդություն անելու հիմնական փաստարկը նրա հերոսական անցյալն է, ուրեմն Բակո Սահակյանն այդ հարցում հետևողական չի եղել: Նրա համար եղել են մերոնքական և «ոչ մերոնքական» հերոսներ:

Բայց սա մի կողմ. Բակո Սահակյանն իր խոսքում Ռ. Քոչարյանին և Սերժ Սարգսյանին պաշտպանելու համար նշում է ոչ թե այն, որ այդ երկուսը հանցանքներ չեն գործել, անմեղ են, այլ՝ որ հերոսական անցյալ ունեն: Իսկ դա ի՞նչ է, նոր իրավական տերմի՞ն է. այսինքն, եթե մարդը հերոս է, ուրեմն նրան կարելի՞ է մարտի 1-ի ոճրագործություն կազմակերպել կամ իշխանություն զավթել: Պատմությունից բազմաթիվ նման հերոսներ գիտենք, որոնք հետո պարզապես աղետ են դարձել սեփական ժողովրդի գլխին. Պոլ Պոտից բռնած, վերջացրած՝ Հիտլերով ու Ստալինով: Չհաշված աֆրիկյան բազմաթիվ մուգաբեներին: Հետո՞: 

Բակո Սահակյանը պետք է հաշվի առնի, որ Հայաստանում հազարավոր մարդիկ կան, որոնք նույնպես հերոսական անցյալ ունեն, բայց որոնք արյան մեջ թաթախված չեն, ու հերոսությունների անվան ներքո պետությունը սեփական խաղալիք չեն դարձրել: Բա մի հատ էլ նրանց կարծիքը թող իմանա: Նրանց տրամադրությունները, ի վերջո, նրանք էլ են ժողովրդի մաս կազմում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2847 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ