...

Ներքաղաքական դաշտի համախմբման ևս մեկ ազդակ

Ներքաղաքական դաշտի համախմբման ևս մեկ ազդակ

Երեկ հայտնի էր դարձել՝ Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը հանդիպել են ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: 

Այսօր կայացել է մեկ այլ խորհդակցություն, որին այս անգամ՝ բացի Լևոն Տեր-Պետրոսյանից, Արկադի Ղուկասյանից, Բակո Սահակյանից, մասնակցել են նաև Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Երկու դեպքում էլ քննարկումների թեման եղել է Արցախում ընթացող պատերազմն ու դրա շուրջ ստեղծված իրավիճակը:

Սա հենց այն էր, ինչի մասին պատերազմի սկզբից ի վեր նշել էինք. մի կողմ թողնել քաղաքական բոլոր տարաձայնությունները և համախմբել բոլոր ուժերը՝ ընդդեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի: Ճիշտ է, երբ մենք խոսում էինք կոնսոլիդացիայի մասին, բնավ չէինք ենթադրում, որ բանը կհասնի նրան, որ պատերազմական իրավիճակով թելադրված, մի սեղանի շուրջ կնստեն Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը:

Բայց սա արդեն կայացած փաստ է, ինչը նշանակում է, որ բոլորի մոտ էլ ի վերջո արմատավորվել է այն ընկալումը, որ ներկայումս ներքաղաքական գզվռտոցները, իրար հարվածելը միայն թուլացնում է մեր պետությանը, մեր բանակին, մեծ հաշվով՝ բոլորիս, որ նժարին դրված է Հայաստանի և Արցախի ապագան:

Անկասկած, սա ողջունելի իրողություն է: Այս հանդիպման մասնակիցները արցախյան պատերազմի բոլոր փուլերով են անցել, երկիր են ղեկավարել, բանակցություններ են վարել, չենք ասում՝ ով որքան չափով, և կարող են իրենց ուժերը ներդնել պատերազմի բարեհաջող ավարտի մեջ: 

Գլխավորն այն է, որ այս պահին հատկապես արտաքին աշխարհի համար կարևոր ազդակ կա, որ Հայաստանում ներքաղաքական համախմբման գործընթաց է գնում, և այստեղ ջրեր պղտորելու ճանապարհները փակվում են: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ