...

Մի անգամ Հայաստանում

Մի անգամ Հայաստանում

Աննախադեպ հայոց պատմությունը

Նախապատմությունն այսպիսին էր. ունեինք փլուզված կայսրություն, երկրաշարժ և աղետի գոտի, հարյուր հազարավոր փախստականներ, փլուզված կայսրության փլատակների տակ մնացած տնտեսություն, լիակատար շրջափակում, էներգակիրների բացակայություն կամ ներկրման մեծ խնդիրներ, Կրեմլի կողմից հալածանքներ, սուղ ֆինանսներ, Շահումյանի և Մարտակերտի շրջանների կորուստ, կես օրվա հացի պաշար և ամենակարևորը՝ ապազգային իշխանություններ:

Հետևանքը. Ղարաբաղյան պատերազմում հաղթանակ, եռակողմ զինադադար, 7 շրջաններ, Լաչինի և Քելբաջարի ճանապարհներով ամուր կապի հաստատում Արցախի հետ, տնտեսության վերականգնում, գազաէներգետիկ համակարգի վերականգնում, ատոմակայանի վերականգնում, Հայաստանի միջազգային հեղինակության անսովոր աճ:

Հիմա. 22 տարի չենք ունեցել չփլուզված կայսրություն, չենք ունեցել հարյուր հազարավոր փախստականներ, չենք ունեցել փլուզված կայսրության փլատակների տակ մնացած տնտեսություն, չենք ունեցել շրջափակում, չենք ունեցել էներգակիրների բացակայություն կամ ներկրման մեծ խնդիրներ, չենք ունեցել Կրեմլի կողմից հալածանքներ, չենք ունեցել սուղ ֆինանսներ, չենք ունեցել պատերազմ, ունեցել ենք երկնիշ, վագրային, աննախադեպ տնտեսական աճեր և ամենակարևորը՝ ազգային իշխանություններ:

Հետևանքը. ջախջախիչ պարտություն Ղարաբաղյան պատերազմում, հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր փախստականներ, 8 շրջանների կորուստ, Շուշիի կորուստ, Հայաստանի Հանրապետության սահմանամերձ որոշ տարածքների կորուստ, Զինված ուժերի թուլացում, անորոշ հեռանկարներ, Հայաստանի միջազգային հեղինակության իսպառ բացակայություն:

Այն, ինչ ներկայացրեցինք, զուտ չոր փաստեր են: Ոչ մի բան չենք հնարել: Համառոտ նշել ենք, թե որից հետո որն է եղել:

Ու հիմա, այսքանից հետո, հաջորդ շաբաթվանից սկսելու է աշխատել նոր խորհրդարանը, որտեղ ընդգրկվել են բոլոր նախկին ու ներկա ազգային իշխանությունները: Ազգայինը չակերտների մեջ չենք մտցնում: Չակերտով թե առանց չակերտ, դրանից ոչ իրենք են իրենց դադարելու համարել ազգային, ոչ էլ իրենց 20 տարվա վարած քաղաքականության արդյունքներն են սրբագրվելու: 

Այսինքն, մեր վերջին 20 տարվա դժբախտությունների հավաքական կերպարը խտացված է լինելու այս խորհրդարանում: Սա խիստ հազվագյուտ երևույթ է համաշխարհային պատմության մեջ, խիստ հազվագյուտ՝ քաղաքագիտության տեսանկյունից, որ հաղթանակ ապահոված քաղաքական գաղափարախոսությունը պարտվում է, իսկ պարտություն ապահոված գաղափարախոսությունը՝ հաղթում: Այո, նոնսենս, բայց դա է իրականությունը: Եվ սա է աննախադեպը: Ուրիշ աննախադեպ բան չունենք: 

Ազգային ուժերի Ազգային ժողովը

Այնքան հետաքրքիր է, թե այս ազգային ուժերը խորհրդարանում ինչ են խոսելու: Ինչպես են իրար հետ հարաբերվելու: Այստեղ երկու ենթադրություն կա. իրար գզելու են, էլ գող փիսո, էլ քաչալ շուն, միմյանց հիշեցնելու են արած ղալաթները: Եվ երկրորդ. լավ էլ լեզու են գտնելու: Իրար հետ աշխատելու են, կուլտուրական, առանց հայհոյանքների ու վիրավորանքների: Մանավանդ որ հայհոյանքն էլ քրեականացվել է: Թե որ հայհոյանքներն են քրեականի տակ ընկնելու դեռ պարզ չէ, բայց բացառված չէ, այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ կապիտուլյանտ, հողատու, դավաճան, կարող է այլևս չլսենք ընդդիմության կարկառուն գործիչների կողմից:

Իսկ ահա «ասֆալտին փռելը», մուրճ կամ քյարփինջ ճոճելը խնդիր չէ. դրանք շինարարական տերմիններ են, ինչպես՝ շինել բառը: Սերմացու գողացող մկներ արտահայտությունը գյուղատնտեսական նշանակություն ունի:

Այնպես որ, մեզ բավական կառուցողական, շինիչ խորհրդարան է սպասվում, որտեղ քրեական հոդվածների տակ չընկնելու համար բոլորը ձեռքի տակ պետք է ունենան հայ-քֆուրչի բացատրական բառարան, որպեսզի քֆուրներին փոխարինող արտահայտություններ անեն: Հայոց լեզվի համար նոր հեռանկարներ են բացվում:

Պայծառ ու աննախադեպ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2363 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ