«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջերս էլ Շուշի տանող ճանապարհի սկզբում ադրբեջանցիները տեխնիկա են կենտրոնացրել՝ իբրև թե ճանապարհն են սարքում։ Մի քանի ժամ փակված է եղել Ստեփանակերտ տանող ճանապարհը, լուրը հասել է խաղաղապահներին։ Ռուստամ Մուրադովը կապ է հաստատել ադրբեջանցի պարետի հետ, որը պատասխանել է, թե՝ լավ ենք անում, մեր ճանապարհը չէ՞, ինչ կուզենք, կանենք։ Մուրադովը 2 ԲՏՌ է ուղարկել «դեպքի վայր» և հրահանգել ադրբեջանական տեխնիկան ոչնչացնել։ Այդպես էլ արել են՝ ճանապարհը փակած տրակտորը հրել-գցել են ձորը»։
«ՉԻ». Մուրադով ջան, բա մի հատ հեռախոսի եղածն ի՞նչ է, որ չունես. նկարեիր, տարածեիր՝ սիրտներս հովանար:
Դու չունեիր, համհարզներիցդ մեկը կունենար: Այն մեկը, որը Ստեփանակերտում նկարում էր, թե ինչպես ես հայրաբար բռնել ձերբակալված ադրբեջանցի զինծառայողի ձեռքը, որին կայծակնային արագությամբ այցելեցիր ու արագ փոխանակում կազմակերպեցիր:
Առաջիկա օրերին Մուրադովը կթողնի պաշտոնը, և նրան կփոխարինի գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը: Առաջին բանը, որ պետք է անի Արայիկ Հարությունյանը, գեներալին մեծ հիշողությամբ ու հզոր մեգապիքսելով հեռախոս նվիրելը պետք է լինի:
Հետաքրքիր է՝ այսպիսի փիառ կազմակերպողները չե՞ն մտածել, որ ընթերցողների մոտ հարցեր կառաջանան, որ նրանց թիրախը չմտածող զանգվածն է, որին առիթ-անառիթ ծաղրում են: