Ապրիլի 6-ին 4rd.am-ը անդրադարձել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր-նախագահ Շուշան Դոյդոյանի հայտարարությանը, որտեղ վերջինս նշել էր, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագիծը (բաղկացած ընդամենը 2 պարբերությունից) մշակվել է 780.000 ԱՄՆ դոլարով դրամաշնորհի շրջանակում՝ Շրջակա միջավայրի նախարարության կողմից։
«Նաև մեր այն պնդմանը, թե Շրջակա միջավայրի նախարարությունում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ տեղի է ունեցել հանրային քննարկում, ապա ինչու այդ մասին որևէ տեղեկատվություն առկա չէ նախարարության կայքում, պաշտոնական գրությամբ պատասխանել են. «նախարարության պաշտոնական կայքում չի տեղադրվել տեխնիկական խնդիրների պատճառով»,- ասել էր Շուշան Դոյդոյանը:
Շրջակա միջավայրի նախարարությունն Շուշան Դոյդոյանի այս հայտարարության ի պատասխան պարզաբանում է տարածել, մեջբերում ենք.
««Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշանիկ Դոյդոյանը ԳԷՀ կողմից ֆինանսավորված և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից 2015-19թթ. իրականացված «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի բնապահպանական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի վերաբերյալ հայտարարություն էր տարածել, որով տպավորություն էր ստեղծվում, թե մեկ օրենքի նախագիծ մշակելու համար ՇՄՆ-ին հատկացվել է 780 000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ։
Նշված 780 000 ԱՄՆ դոլարը նախատեսված է եղել 4-ամյա (2015-2019 թթ.) ողջ ծրագրի իրականացման համար, որի շրջանակներում կատարվել են բազմաթիվ աշխատանքներ։ Դրանց վերաբերյալ բովանդակային տեղեկատվությունը հնարավոր է ստանալ շրջակա միջավայրի նախարարությունից, իսկ բյուջեի, փորձագետների, պայմանագրերի և մրցույթների վերաբերյալ՝ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակից։
Հայտնում ենք, որ վերոհիշյալ ծրագիրն իրականացվել է նախարարության աջակցությամբ, սակայն ծրագրի ողջ ֆինանսական կառավարումը, բյուջեի համակարգումը, պայմանագրերի կնքումը, մրցույթների անցկացումը, փորձագետների ընտրությունն իրականացվել է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից։
Ծրագրի ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը շրջակա միջավայրի նախարարությունը պարբերաբար ներկայացրել է հանրությանը՝ իրազեկման պաշտոնական հարթակի՝ ՇՄՆ կայքէջի միջոցով։
Ծրագրի նպատակն էր ընդլայնել Հայաստանի կարողությունները Ռիո-ի Կոնվենցիաների ռազմավարություններն իրականացնելու և գլոբալ բնապահպանական օգուտներ ձևավորելու համար, մասնավորապես՝ աջակցել գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծմանը՝ շահագրգիռ կողմերի բնապահպանական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով։
Հավելենք նաև, որ շրջակա միջավայրի նախարարությունը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրինագծի վերաբերյալ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից ստացել է 4 հարցում, որոնց բովանդակությունը մեծամասամբ վերաբերվել է ծրագրի տևողությանը, ֆինանսավորմանը և փորձագետներին, սակայն բուն օրենքի բովանդակությանը վերաբերող որևէ հարց վերոհիշյալ ՀԿ-ի կողմից չի հնչեցվել»:
«ՉԻ». Սա էլ, նախարարության տեսակետը: Նշենք, որ Շ. Դոյդոյանը անդրդվելի է մնացել իր տեսակետում և շարունակում է պնդել, Շրջակա միջավայրի նախարարությունը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկում չի արել, նախարարության կայքում համապատասխան տեղեկատվություն չի տեղադրել:
Ի պատասխան Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցչի՝ Շուշան Դոյդոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մենք ձեզ ենք հարկեր վճարում, ոչ ՄԱԿ-ին, որ իրենցից տեղեկություն ստանանք։ Դուք որպես ոլորտի պետական լիազոր մարմին, պարտավոր եք տիրապետել տեղեկատվությանը ողջ ծավալով։ Ու եթե չեք տիրապետում, թե շրջակա միջավայրում ինչ ծրագրեր են իրականացվում, ովքեր են իրականացնողները, դա շատ վտանգավոր կարող է լինել բոլորիս համար։ Ինչ վերաբերվում է մոլորվելուն, կցում եմ ստորև ձեր բոլոր պաշտոնական պատասխանները, որտեղից պեղել ենք մեր կողմից հայցվող տեղեկությունների մի փոքր մասը»:
Մեր կողմից էլ մի բան ավելացնենք. եթե նույնիսկ 780.000 դոլարի մասին տեղեկությունը ճիշտ էլ չլինի, ուրեմն, այնպես աշխատեք, որ ոչ ոքի մոտ հարցեր չառաջանա: Եթե ծրագրի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները բացակայում են ձեր կայքում, պատրաստ եղեք, որ մարդիկ պետք է ստիպված լինեն այլ աղբյուրներից հայթայթել անհրաժեշտ տեղեկատվությունը: Այնպես որ, մեր հրապարակումը ձեր գործունեության և տեխնիկական խոտանների արձագանքն է: