Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստի ընթացքում, դատարանի բակում ՀՀԿ-ականները, այդ թվում՝ նախկին պատգամավորներ, բողոքի ակցիա են իրականացնում: Նրանց թվում է ՀՀԿ-ական նախին պատգամավոր, գործարար, «Դերժավայի Արկադ» անունով հայտնի Արկադի Համբարձումյանը: Վերջինս՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որ ինքը իր բիզնեսների աշխատակիցներին պարտադրել է մասնակցել այսօրվա ակցիային, ասել է. «Չեմ պարտադրել, բայց որ ես մի տեղ գնում են, աշխատակիցներս իմ հետ գալիս են»:
«ՉԻ». Փաստորեն, արդեն լրանում է հեղափոխության երկրորդ տարին, իսկ սերժական և քոչարյանական օլիգարխներն ու գործարարները շարունակում են իրենց բիզնեսների աշխատակիցներին ոչխար համարել:
Որքան հիշում ենք, ոչխարներն են միահամուռ, կուռ շարքերով գնում այնտեղ, որտեղ չոբանը կգնա:
Ու այս գործարարները 20 տարի մարդկանց վերաբերվել են որպես ոչխար, քշել են այնտեղ, որտեղ անհրաժեշտ է. լինի դա Սերժ Սարգսյանի համար հանրահավաք, լինի՝ ընտրատեղամաս: Ու այդպես ռոբասերժական վարչախումբը հայ ժողովրդին է վերաբերվել:
Ու սրա համար պատասխանատու են նաև այսօրվա իշխանությունները, որոնք 2 տարում չեն կատարել քայլեր, որպեսզի «Դերժավայի Արկադի» պես չոբանների մտքով անգամ չանցներ աշխատակիցներին վերաբերվել որպես սեփական ապրանք: