Բողոք՝ խոզի կերերից
Վերջին տարիներին Տավուշի, Լոռու մարզերում խոզերի անկման դեպքեր գրանցվեցին: Գյուղացիների պնդմամբ՝ կենդանիների անկման պատճառը ներկրված կերերն են: Այս վարկածը, սակայն, պաշտոնապես այդպես էլ չհաստատվեց:
Խոզերի անկման վերջին դեպքը դեռ թարմ է: Լոռու մարզի Աքորի համայնքում են մեծ քանակությամբ խոզեր սատկել: Լաբորատոր փորձաքննության տվյալներով՝ կենդանիների անկման պատճառը եղել են անաէրոբային և կոկային ինֆեկցիայի հարուցիչները:
Արձանագրվել է նաև, որ երեք տնտեսություններում մեկ անասնագոմում խոշոր ու մանր եղջերավոր կենդանիների հետ պահվել են նաև խոզեր՝ զոոհիգիենիկ շատ վատ պայմաններում:
Մեկ այլ փորձաքննությամբ անասնակերում հայտնաբերվել են աղիքային խմբի մանրէներ և բորբոսասնկեր:
Հիմա աշխատանքներ են տարվում՝ կերի ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:
Անասնատերերը սակայն պատասխանին չեն հավատում՝ ժանտախտ հիվանդություն են կասկածում: Ֆերմեր Կարեն Ավետիսյանը հայտնեց, որ խոզերին կերակրել է Արմավիր քաղաքի ալրաղացի պատրաստած թեփով: Նշենք նաև, որ գյուղացիներին չի գոհացնում նաև թեփի որակը: Պարբերաբար անասնապահներն ահազանգում են, որ ալրաղացներում հացահատիկեղենի փոխարեն աղում են ինչ պատահի:
Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը՝ ներկրող
«ՉԻ»-ին փորձեց պարզել, թե որ ընկերությունները որտեղից են անասունների համար նախատեսված կերեր և կերային հավելումներ ներկրում: ՊԵԿ-ից, սակայն, մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ կենդանիներին կերակրելու համար օգտագործվող մթերք, այս դեպքում՝ խոզի կեր կոնկրետ անվանումով ապրանք, առանձնացված չէ, ուստի տրամադրել են կենդանիներին կերակրելու համար օգտագործվող մթերք ներկրող ընկերությունների անունները:
Կենդանիներին կերակրելու համար օգտագործվող մթերք՝ բացառությամբ շների և կատուների կերի, Հայաստան են ներմուծվում տարբեր երկրներից: Կերերը գալիս են ՌԴ-ից, Բելգիայից, Գերմանիայից, Իտալիայից, Չեխիայից, Նիդերլանդներից, Ուկրաինայից, Չիլիից, Պորտուգալիայից, Վրաստանից, Չինաստանից, Սերբիայից, ԻԻՀ-ից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Բելառուսից, Ղազախստանից, Լեհաստանից:
Թռչունների համար նախատեսված կերեր ներկրում են «Լուսակերտ» ՍՊԸ-ն և «Գետամեջ-2016» թռչնաֆաբրիկան: Էլեկտրոնային ռեգիստրից տեղեկանում ենք, որ վերջինիս հիմնադիր Աշոտ Մովսիսյանն իր մասնակցությունը դադարեցրել է:
Ձկան կերեր ներմուծում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ներմուծող ընկերություններն են «Ֆիշ գոլդ», «Մոս ֆիշ», «Ինտեր Ա. Կ. Վ. Ա.» ՍՊԸ-ները: Վերջինս Արարատի մարզում գործող ձկնաբուծարան է: Այն Ծառուկյանինն է: «Վամաքս» ՍՊԸ-ն խոշոր եղջերավոր անասունների համար նախատեսված կերեր է ներմուծում: Համանուն ՍՊԸ գործում է Կապանում՝ մսի ու կաթի արտադրությամբ և վերամշակմամբ է զբաղվում:
Կերեր ներմուծող մյուս ընկերությունը կապ ունի գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գրիշա Բաղիյանի հետ: Ըստ պետռեգիստրի՝ «ՎԵՏՖԱՐՄ» ՍՊԸ-ի հիմնադիրն են վերոնշյալ փոխնախարարն ու Կարեն Հայրյանը: Ընթացիկ տարում, սակայն, այս ընկերությունը դեռ ապրանք չի ներմուծել: Ընկերության տնօրենը Ժիրայր Բաղյանն է:
Ներկրողներից է նաև «Անդթոր» և «Ագրոֆութեր» ՍՊԸ-ները: Նրանց հիմնադիրների անունները ոչինչ չեն ասում:
Ո՞վ է շան ու կատվի կեր ներկրում
Ըստ ՊԵԿ-ի՝ շների կամ կատուների կեր ներմուծում են «Ժոլլիի», «Փեթ շոփ սըփլայ», «Վետֆեմելի», «Գռալ», «Անդթոր» ՍՊԸ-ները, «Դերժավայի Արկադին»՝ Աժ նախկին պատգամավոր, գործարար Արկադի Համբարձումյանին պատկանող «ԴերժավաՍ» ընկերությունը: «Դոմզոո», «Փեթ հաուս», «Պրեմիեր Ֆուդս» ՍՊԸ-ները, ինչպես նաև նախկին գյուղատնտեսության փոխնախարարի ընկերությունն ու մի շարք անհատներ:
«ՉԻ»-ին, սակայն պարզեց, որ թվարկվածներից ոչ բոլորն են շների կամ կատուների կեր ներմուծում: Հիմնականում 4 ընկերություն է այդ գործով զբաղվում՝«Դոմզոո», «Փեթ հաուս», «Մարս» ՍՊԸ-ներն ու «ԴերժավաՍ» ընկերությունը: Ստացվում է, որ ներմուծողների ցանկն արհեստականորեն է ընդլայնված: Չորքոտանիների սնունդը ներմուծվում է ՌԴ-ից, Բելգիայից, Չեխիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից, Գերմանիայից, Նիդերլանդներից:
Ստուգվում է
«ՉԻ»-ին փորձեց ՍԱՏՄ-ից պարզել, թե վերահսկվո՞ւմ է արդյոք ներկրվող կերերի որակը: ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը տեղեկացրեց, որ վերահսկողություն կատարվում է:
«ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացնում ՀՀ ներմուծվող կենդանիների համար նախատեսված կերերի նկատմամբ՝ առաջնորդվելով ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2012 թվականի հունիսի 6-ի N 84-Ն հրամանի հավելվածի՝ «Հայաստանի Հանրապետության տարածք կենդանական ծագման, այդ թվում՝ թռչնից և ձկից ստացված կերերի և կերային հավելումների ներմուծման» և «Հայաստանի Հանրապետության տարածք կենդանիների համար նախատեսված բուսական ծագման կերերի ներմուծման», պահանջներով ու չափանիշներով»,- փոխանցեցին ՍԱՏՄ-ից:
Մանյա Պողոսյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 22, 2020