...

Վրաստանից թուրքական լոլիկ է բերվում

Վրաստանից թուրքական լոլիկ է բերվում

Մրցակցությանը չեն դիմացել

Այս շրջանում շուկայում տեղական լոլիկ ու վարունգ չես գտնի: Մեր կերած լոլիկի ու վարունգի մեծ մասը ներկրված է: 

Նախորդ տարի լոլիկ են բերել Թուրքիայից: 2019թ. 9 ամիսներին Հայաստան ներմուծվել է մեծամասամբ թուրքական ծագման լոլիկ, մինչդեռ 2018-ի 9 ամիսներին Թուրքիայից լոլիկ չէր ներմուծվել առհասարակ: Իսկ Իրանից ներմուծման ծավալները 2018-ի համեմատ ավելացել են շուրջ 40 անգամ:

Իրանից ներկրվել է 693 տոննա լոլիկ: Տեղական շուկայում ներկրված լոլիկներից 46.1 տոննան Վրաստանից է բերվել: Առյուծի բաժինը Թուրքիայինն է՝ 2756 տ:

Նախորդ տարվա դեկտեմբեր ամսից մինչև հիմա լոլիկ ու վարունգ են բերում: «ՉԻ»-ին Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացավ, որ դեկտեմբերի մեկից փետրվարի տասնմեկն ընկած ժամանակահատվածում հանրապետություն է ներմուծվել 395,5 տոննա լոլիկ և 1281,4 տոննա վարունգ: Ներկրումները կատարվել են Վրաստանից և Իրանից:

Մինչդեռ տեղական արտադրողները պնդում են՝ ներմուծված լոլիկները թուրքական ծագման են: Թուրքիայից էժան լոլիկ է Վրաստանը գնում և վրացականի անվան տակ Հայաստան է արտահանում:

«Լոլիկների 30 տոկոսն է Վրաստանից գալիս, իսկ 60 տոկոսը բերում են Իրանից: Նույնը նաև վարունգի դեպքում»,- ասաց Արարատի մարզի Դարակերտ համայնքի ֆերմեր Արմեն Սիմոնյանը:

70 տոկոսը դատարկ է

Նա այս շրջանում ջերմոցային տնտեսությունում լոլիկ չի մշակում: Սպասում է օրերը տաքանա, նոր սածիլ տնկի, որպեսզի գազի վճարը քիչ կազմի:

«Դրսից բերվածը ցածր գներով է վաճառվում: Երբ մենք ձմռանը ջերմոց ենք դնում, վառելիքի համար մեծ գումար ենք վճարում, ապրանքի ինքնարժեքը բարձր է ստացվում: Եվ երաշխավորված չենք, որ դրսից ապրանք չի գա ու ինքնարժեքից ցածր վաճառք չենք ունենալու»,- նշեց ֆերմերը:

Այսօր ջերմոցների 70 տոկոսը դատարկ է: Արմեն Սիմոնյանն ասում է՝ թուրքական լոլիկն աճեցվում է պոլիէթիլենային թաղանթի տակ, էներգակիրների խնդիր չկա, և դրա համար ավելի էժան է:

«Մեր լոլիկի ինքնարժեքը կազմում է 600-700 դրամ: Եթե ներկրումները դադարեցնեն, մենք կարող ենք 800 դրամով վաճառել, իսկ սպառողին կհասնի 900 դրամով: Ե՛վ գյուղացին շահույթ կստանա, և՛ սպառողը որակյալ գյուղմթերք կօգտագործի»,- ներկայացրեց հողագործը:

Խորամանկությունների են դիմել

Քանի որ տեղական արտադրանքն այլևս չի կարողանում մրցակցել ներկրվածի հետ և ապրանք գրեթե չեն հանում շուկա, ներկրողներն էլ առիթից օգտվել են ու գները բարձրացրել:

«Մեկ հեկտար, որ վարունգ լինի, դա արդեն մեծ հաղթանակ կլինի: Ներկրված լոլիկի և վարունգի գինը մեծածախ շուկայում հասնում է 800 դրամի, իսկ մանրածախում՝ 1000-1200 դրամ է կազմում»,- հայտնեց գյուղացին:

Ջերմոցատերերը խոստանում են՝ հայկական լոլիկ ու վարունգ կուտենք միայն ապրիլից հետո: Իսկ մինչև այդ նրանք խորամանկությունների են դիմել, որ կարողանան բիզնեսը պահել: Արմեն Սիմոնյանն իր ջերմատանը միաժամանակ լոլիկ, կաղամբ, լոբի ու բրոկոլի է մշակում, որ կարողանա գումար աշխատել:

«Ո՛չ թուրքական լոլիկին»- գյուղացիներն իշխանություններին հորդորում են պաշտպանել իրենց իրավունքները:

«Երբ գյուղատնտեսության նախարարությունը կար, նախարար Գեղամ Գևորգյանի հետ հարցը քննարկեցինք, և ներկրվեց այնքան լոլիկ ու վարունգ, ինչքանի կարիք կար: Իսկ հիմա մեր գրպանին խփեցին՝ մեծաքանակ ներկրումների միջոցով»,- վրդովվեց հողի մշակը:

Լոլիկի մշակությամբ զբաղվողներն ահազանգում են՝ ներկրումները շարունակելու դեպքում, իրենք այլևս գյուղատնտեսությամբ չեն զբաղվի:

Պետությունը պարտավոր է օրենսդրական փոփոխություններ կատարելով պաշտպանել տեղական արտադրողի շահերը:

Մանյա Պողոսյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 21, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   2689 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ