...

Համ դժգոհ են, համ նեղացած

Համ դժգոհ են, համ նեղացած

Հանրապետությունում տեղացած ձյունն ու եղանակային անբարենպաստ պայմանները Արմավիրի մարզի Արագած համայնքի բնակիչների բիզնեսին «խփել» է:

Բքի և ճանապարհների մերկասառույցի պատճառով առևտրականները գյուղ չեն գնացել, և թարխունը շուկայում լճացել է:

«Այս երկու օրը, որ ցուրտ էր, մարզերից մարդ չկար, գինն իջավ, գյուղից վերավաճառողները թարխունի փունջը տանում էին 40 դրամով, հիմա 50-60 դրամ է դարձել: Եղել է դեպք, որ ապրանքը հետ են բերել շուկայից ու նորից տարել վաճառելու»,- «ՉԻ»-ի հետ զրույցում ասաց Արագածի  բնակիչ Արամ Հակոբյանը:

Այս համայնքը մասնագիտացել է բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, մասնավորապես՝ թարխունի արտադրությամբ: Մոտ 10 տարի առաջ թարխունի մշակությունը համարվում էր ընդամենը լրացուցիչ եկամտի աղբյուր, և ոչ բոլորն էին զբաղվում դրանով: Պահանջարկից ելնելով՝ աստիճանաբար ավելացրին թարխունի ցանքատարածությունները:

Այս պահին համայնքի հողերի 60-70 հեկտարը թարխունի ցանքատարածություններն են զբաղեցնում:

Այդ ամենի հետևանքով առաջարկը գերազանցեց պահանջարկը՝ ի վնաս արտադրողի:

Արամ Հակոբյանն արդեն 20 տարի թարխուն է մշակում: Նրա խոսքով, երբ փոքր ծավալներով էր մշակվում կանաչեղենի այս տեսակը, իրացման խնդիր չկար, հիմնականում սպառումը կատարվում էր տեղական շուկայում, մասնավորապես՝ մայրաքաղաքում:

«Սրա լավն այն է, որ փետրվարին արդեն մեր ձեռքը գումար է գալիս, իսկ ուրիշ բերքից ուշ ենք եկամուտ ստանում»,-  ասաց հողագործը:

Մեկ փունջ թարխունը վաճառվում էր 150-200 դրամով: Արտադրության ծավալները մեծանալով՝ իրացման գները կտրուկ անկում ապրեցին:

Գյուղացու հաշվարկով՝ 25 դրամով վաճառելու դեպքում արտադրողը մեկ կապից օգտվում է միջինը 15 դրամ, որի ողջ օգուտը կազմում է մոտ 500 հազար դրամ, չհաշված ընտանիքի ֆիզիկական ներդրումը: 25 դրամից էժան գնով վաճառելու պարագայում այլևս ձեռնտու չէ թարխուն մշակելը:

«Բանվորին ենք գումար տալիս, տանում ենք, բերում, հաց ենք տալիս, ծախս ենք անում, շուկա ենք տանում, չհաշված` մնացած ծախսերը՝ ցելոֆանի փող, պարարտանյութ և այլն: Թարխունի գումարով նույնիսկ խանութից վերցրած հացի, սուրճի, կոնֆետի գումարը չեմ կարողացել տալ»,- ներկայացրեց նա:

Թարխուն այստեղ մշակում են վարկերի ու պարտքերի միջոցով: Աշխատանքը սկսում են դեկտեմբեր ամսին: Թաղանթապատման համար վերցրած ցելոֆանի գումարները առաջին բերքահավաքից հետո են վճարում:
«Ցելոֆանը «նիսյա» ենք գնում, բայց մի 50-100 դրամ թանկ»,- ասացին նրանք:

Գնին համաձայնում են

Թարխունի հիմնական գնորդները վրացիներն են:

Գյուղացիները, սակայն, հայ-վրացական առևտրից գոհ չեն: Վրացի գնորդներն անսահմանափակ քանակությամբ թարխուն են արտահանում: Արագածցիները պատմեցին, որ լինում են դեպքեր, երբ գնորդները քաջ գիտակցելով, որ կանաչին ունի բերքահավաքի և իրացման սահմանափակ ժամանակ, իրենց գներն են թելադրում, երբեմն նույնիսկ տրամաբանությունից դուրս: Թարխունի մշակությամբ զբաղվող գյուղացին հիշում է` մոտ 5-6 տարի առաջ վրացիների հետ այլ կերպ էին առևտուր անում:

«Վրացիները թարխունը Հայաստանից տանում են այն ժամանակ, երբ գինը 20-30 դրամի սահմանը չի գերազանցում: Տարբեր անհատներ էին մեզ հետ համագործակցում, այսօր թարխունի առևտրի գործում Վրաստանում մենաշնորհ է գործում, ինչից նաև հայ արտադրողն է տուժում: Մի ընկերություն է մենակ տանում՝ ինչ գնով ուզում, այդպես էլ տանում են: Վերջին 4 տարին այսպես է: Այս տարի մոտ 6 օր առաջ տարել են 60 դրամով: Ասում են՝ այնտեղ էլ չի վաճառվում: Եթե նրանք չտանեն, այստեղ ընդհանրապես չի ծախվի»,- ասաց մեր զրուցակիցը:

Փոխարինող են գտել

Արագած համայնքի գյուղացիները վրացի գնորդներին նեղացնել չեն ցանկանում, քանի որ հարևանների շնորհիվ է, որ իրենց բերքը չի փչանում: Տեղական շուկայում բերքն իրացնելը դժվար է, իսկ վրացիները գյուղից օրական մոտ 6 տոննա թարխուն են արտահանում:

Վերջին տարիներին սկսել են պակասել թարխունի մարգերը: Դրա փոխարեն ելակ, վաղահաս կարտոֆիլ ու եգիպտացորեն են մշակում:

Մանյա Պողոսյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 20, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   2543 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ