...

Ովքեր են պատրաստ սպանդանոց կառուցելու

Ովքեր են պատրաստ սպանդանոց կառուցելու

ՍԱՏՄ-ն 272 հայտ է ստացել

Պարտադիր սպանդանոցային մորթի պահանջի ժամկետները երկարացվեցին մինչև հուլիսի 1-ը: Սա անասնատերերի ու մսավաճառների բողոքների արդյունքն էր: Այս ժամկետում հանրապետությունում կառուցվելու են սպանդանոցներ, իսկ դրանք կառուցողներին կառավարությունն աջակցելու է սուբսիդավորվող վարկերով ու լիզինգային ծրագրերով: 

Սպանդանոցների կառուցման ու պայմանների շուրջ քննարկումներ են տեղի ունենում հանրապետության բոլոր մարզերում՝ ձեռներեցներին ներկայացնելով պայմանները, որոնցով աշխատելու են սպանդանոցները:

Հանրապետությունում այս պահին գործող 40 սպանդանոց կա: Կառուցման փուլում է 25-ը: Այս մասին «ՉԻ»-ին հայտնեց ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը
Նրա տեղեկացմամբ՝ այս ընթացքում սպանդանոց կառուցելու վերաբերյալ 272 հայտ են ստացել:

Ամառվանից մսամթերքի իրացման բոլոր կետերում տնտեսվարողները պետք է ունենան անասնաբուժական V ձևը։ Սա տեղեկանք է այն մասին, որ միսը ստուգված է, անվտանգ է, անասունը մորթվել է սպանդանոցում։ Այս տեղեկանքը տրամադրելու են սպանդանոցները։ Կենդանիներին սպանդանոցում մորթելը դառնում է պարտադիր:

Սպանդանոցների բաշխվածությունը դեռ համաչափ չէ։ Մանավանդ Տավուշում, Վայոց ձորում և Արագածոտնում այս խնդիրը ակնհայտ է։

Պատկան մարմինները պնդում են՝ այս փոփոխությունները գյուղացիների գործը չեն բարդացնում, այլ շուկայից դուրս են հանում «կեղտոտ» մորթ անող, վատ սանիտարական պայմաններով մեքենաներով միսը տեղափոխող վերավաճառողներին։

Ամենաշատը՝ 9, սպանդանոց կա Կոտայքում, 5-ական սպանդանոց կա Երևանում  և Արմավիրում: 1 սպանդանոց է գործում Վայոց ձորում, 3-ը՝ Գեղարքունիքում, 2-ական՝ Տավուշում, Շիրակում, Սյունիքում և Արագածոտնում: Արարատի տարածքում 3 սպանդանոց կա, 4-ը՝ Լոռու մարզում:

Ի դեպ, օրինակ՝ Շիրակում, որոշ հաշվարկներով ամենաքիչը 8 սպանդանոց է անհրաժեշտ, որպեսզի պահանջարկը բավարարվի՝ հաշվարկը կատարվել է մարզի անասնագլխաքանակի մորթի պահանջարկից ելնելով:

Սպանդանոցները տարբեր ծառայություններ են մատուցում։ Այսպես՝ 12-ում իրականացնում են մանր, խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի մորթ։ Մատուցվում են նաև թռչնի մորթի ծառայություններ: Միայն խոզի մորթ կատարվում է 11 սպանդանոցում։

Ովքեր են սպանդանոցների տերերը

Ըստ պատկան մարմինների՝ որոշման կիրառումը կարող է եկամտաբեր բիզնես դառնալ սպանդանոցների սեփականատերերի համար։ Փորձեցինք պարզել, թե ովքեր են արդեն գործող սպանդանոցների տերերը։
 
Արմավիրում գործող «Տեղական միս» ՍՊԸ-ի սպանդանոցի հիմնադիրը ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն է՝ Ճոյտը:

Մարզում գործող մյուս սպանդանոցների ղեկավարներն անհատ ձեռներեցներ են:
 
Մասիս քաղաքում է գործում «Ոսկե կացին» ՍՊԸ-ն։ Ընկերության հիմնադիրը իրանահայ Արմոնդ Հաղվերդյանը և 3 իրանցի գործարարներ են:

Արարատում գործող մյուս 2 սպանդանոցներն անհատ ձեռներեցների են պատկանում:

Սյունիքի մարզում գործող 2 սպանդանոցները՝ «Մարիլա» ՍՊԸ-ի և «Գյուղարտ» ՓԲԸ-ի սեփականատերերին ԶԼՄ-ները կապում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի ընտանիքի հետ։ 

Լոռու մարզի Օձուն համայնքում գործում է անհատ ձեռնարկատեր Խասիկ Տիտանյանին պատկանող սպանդանոցը։ Դարպաս համայնքում է գործում «Միտք-Կ» ընկերության սպանդանոցը, մյուսների տերերը ևս անհատներ են:

Տավուշում գործող խոզերի մորթ կատարող սպանդանոցը «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ն է: Ընկերության մասնակիցը գործարար Դավիթ Երեմյանն է:

Վայոց ձորում գործող միակ սպանդանոցը շահագործում է «Վայոց ձոր մսամթերք» ՍՊԸ-ն։ Ընկերության տնօրենը Եղեգնաձորի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Սիրեկան Բաբայանն է:

Գրեթե չեն աշխատում

Փորձեցինք նաև պարզել, թե մինչև սպանդանոցային մորթի պարտադիր ուժ ստանալը, սպանդանոցներն ինչպես են գործում:

Անասունների մորթի բացակայության պայմաններում գրեթե չենք աշխատում՝ դժգոհում է Նոյեմբերյանում խոշոր, մանր եղջերավոր կենդանիների և խոզերի մորթ իրականացնող սպանդանոցի տնօրեն Արմեն Ամիրաղյանը:

«Ֆերմերները չեն օգտվում սպանդանոցի ծառայությունից: Դեռ նոր օրենքով ոչ մի գործարք չեմ արել: Մենք պատրաստ ենք իրականացնել չափանիշներին համապատասխան մորթ: Մեզ մոտ դեռ խանութներում պարտադիր պահանջ չէ սպանդանոցային մորթը, դրա համար ֆերմերները չեն դիմում»,- ասաց գործարարը:

Իսկ Փարաքարում գտնվող սպանդանոցներից մեկի հիմնադիր Լյուդվիգ Մանուկյանը դժգոհ չէ գործից: Ասում է՝ իրենք ղասաբների նման չեն աշխատում, փորոտիքն ու մնացած ենթամթերքը գյուղացուն են տալիս: Օրական 8 գլուխ մորթ են անում:

Մանյա Պողոսյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 23, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1675 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ