...

Գներն ընկել են, արտահանումն էլ ժամանակ առ ժամանակ կաղում է

Գներն ընկել են, արտահանումն էլ ժամանակ առ ժամանակ կաղում է

Գներն ընկել են

Տարին փոքր և միջին ձկնաբուծական տնտեսությունների համար այդքան էլ բարենպաստ չէր: 2 ամիս առաջ ձկան գնանկում է եղել, ինչն էլ, ըստ «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ նախագահ Արմեն Բունիաթյանի, ազդել է տնտեսությունների վրա:

Գնանկումը մեկ կիլոգրամի մեջ շուրջ 300 դրամ է կազմում:

Ամիսներ առաջ, կախված ձկան չափերից, կարմիր մսով ձուկը մեծածախ շուկայում մեկ կիլոգրամը վաճառվում էր 2200 դրամ, հիմա դարձել է 1900 դրամ: Իսկ սպիտակ մսով ձկան կիլոգրամը 1700 դրամով են իրացնում:
Տեղական շուկայում լճացում է առաջացել, ինչի հետևանքով էլ գներն են նվազել: «ՉԻ»-ի հետ զրույցում ասում է Արմեն Բունիաթյանը:

Այս սեզոնին արտահանումը կաղում է

Հայկական ձկան արտահանման հիմնական շուկան Ռուսաստանի Դաշնությունն է: 

Ձկան արտահանման ծավալների այս տարվա տվյալները վկայում են, որ առաջին 9 ամիսներին արդեն Հայաստանն արտահանել է 3747 տ ձուկ, այսինքն՝ ավելին, քան նախորդ տարվա ընթացքում. 2018-ին արտահանվել էր 3726 տ թարմ ձուկ:

Սակայն տարվա այս սեզոնին Ռուսաստանից ձկան պահանջարկը քիչ է լինում. արտահանումը կաղում է:

«Ռուսները լավ չեն տրամադրված՝ մեր ձուկը չեն ուզում վաճառել: Մեր ձուկը, սակայն, որակապես իրենց արտադրածից ավելի բարձր է: Ներքին կարգով հրամայում են, որ իրենց ձուկն առաջինը վաճառեն, և մի քիչ խնդիրներ են առաջացնում, բայց դա սեզոնային է և լուծվում է»,- նկատեց ձկնաբույծը:

Արտահանման ծավալները թեպետ ավելացել են, բայց, ըստ ձկնաբույծի, այստեղ էլ ամեն ինչ հարթ չէ: Դժգոհում է, որ ձկնաբուծության շուկայում հազիվ են գոյատևում, որովհետև ձկան ինքնարժեքը տեղական արտադրողի վրա թանկ է նստում: 

«Կարելիայի հանրապետությունում 600-700 հատ բնական լճեր կան, արտադրում են իշխան տեսակի ձուկ և ջրի դիմաց գումար չեն վճարում, բայց իրենք այդ ձուկը սեզոնային են վաճառում, միշտ չունեն»,- մատնանշեց նա:

Իսկ հայ ձկնաբույծներն իրենց ամենամեծ խնդիրը ջրի բարձր սակագինն են համարում, որն ամեն տարի մոտ 10 տոկոսով թանկանում է: Ձկնաբույծը զարմանում է՝ աշխարհի ոչ մի երկրում նման մոտեցում չկա:

«Մեզ մոտ 2014 թվականին ջուրը 10 անգամ թանկացրեցին, հիմա էլ ամեն տարի 10 տոկոսով թանկանում է, որն ազդում է ինքնարժեքի վրա: Այսօր մենք ռուսական շուկայի հետ չենք կարողանում մրցել գնի պատճառով, որովհետև իրենց ձուկն ավելի էժան են վաճառում: Դանիայի ամենահզոր ձկնային տնտեսություններից մեկի ղեկավարն ինձ մոտ էր հյուրընկալվել, մենք իրենցից բեղմնավորած ձկնկիթ ենք պատրաստվում գնել: Ասում է՝ տարեկան արտադրում ենք 45.000 տոննա ձուկ, որից 30.000-ն արտադրում ենք քաղցրահամ ջրերում, 15.000-ը՝ աղի: Հարց եմ տալիս դանիացուն՝ ջրի գումար տալի՞ս եք, ասում է՝ ոչ»,- նշեց ձկնաբույծը:

Նշենք, որ ձկնաբուծական տնտեսությունները սակագնային կարգավորման դաշտում չեն գործում: Վճարում են բնապահպանական վճարները, որոնք հաշվարկում է Շրջակա միջավայրի նախարարությունը:

Գնաճ չի սպասվում

Ամանորին և հատկապես Սուրբ Ծնունդին ձկնամթերքի պահանջարկն ավելանում է: 

«Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ նախագահ Արմեն Բունիաթյանի պնդմամբ՝ պահանջարկը չի հանգեցնի գների բարձրացման:

«Գները չեն փոխվի, չեն բարձրանա, կմնան նույնը, որովհետև ձուկ շատ է  արտադրվում»,-  հավաստիացրեց տնտեսվարողը:

Շատից վնաս չկա

Ձկնաբույծները կառավարությունից աջակցության քայլեր են ակնկալում: Ուզում են, որ ջրի դիմաց բարձր սակագին չվճարեն:

«Ռիսկային ոլորտ են համարում և վարկ դժվար են տալիս: Իբրև սուբսիդավորված վարկեր են տրամադրում, բայց միայն սարքավորումների համար: Ձկնաբուծությունը հո՞ միայն սարքավորումները չեն, սարքավորումների վրա քիչ գումար է ծախսվում, մեծ գումարները ծախսում ենք կերի, հոսանքի, ջրի վրա»,- նշեց մեր զրուցակիցը: 

Նիկոլ Փաշինյանը հորդորել էր ձկնաբուծարանների հարցը պահել ուշադրության կենտրոնում՝ շեշտելով, որ 200 տնտեսությունները զգալի են:

Ձկնաբույծների միավորման նախագահի խոսքով՝  ձկնաբուծական տնտեսությունների քանակը շատ չէ, այսօր դրանք 116-ն են, նախկինում 330-ն են եղել: Նրա կարծիքով՝ ձկնաբուծական տնտեսությունները միայն օգուտ են պետությանը, և շատից վնաս չկա:

Մանյա Պողոսյան

«Չորրորդ իշխանություն», 15, 2019

ՎԱՐԿԱՆԻՇ

   2014 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ