...

Ավելի շատ արտադրում ենք, քան՝ օգտագործում

Ավելի շատ արտադրում ենք, քան՝ օգտագործում

Ձուն էժանացել է

Հունվարի 20-ից հանրապետությունում ձվի գները նվազել են: Այս օրերին իրացման մի քանի ցանցում տարբեր ընկերությունների արտադրած միջին չափի ձուն վաճառվում է մոտ 30-40 դրամով:

«Աշտարակ ձու» ընկերության ներկայացուցիչ Արմեն Գալստյանը «ՉԻ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ գնանկման պատճառը գերարտադրությունն է. ավելի շատ ձու է արտադրվում, քան՝ սպառվում: Արդ ամենի պատճառով էլ շուկայում գնանկում է տեղի ունենում:

Ձվի բացթողնման գինը 26-27 դրամ է: «Աշտարակ ձու» ընկերության ներկայացուցիչը պնդում է՝ այս գնով արտադրանքը վաճառելը ձեռնտու չէ. ինքնարժեքից էլ ցածր գին է գոյացել շուկայում:

«Արտահանման տարբերակներ չկան, փորձում ենք տեղում իրացնել, քանի որ ձուն շատ երկար պահել հնարավոր չէ, հակառակ դեպքում կփչանա: Եթե արտադրողների մոտ գտնվեն մեծ քանակությամբ ձվեր, հնարավոր է, որ դրանք պահեն և հետո վաճառեն»,- նշեց նա:

Պաշտոնական վիճակագրությունը փաստում է՝ ձվի շուկայում գնանկում է եղել:

Ձվի գինը 2020թ. հունվարին 2019թ. հունվարի համեմատ նվազել է 10.4 %-ով, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ` 3.8 %-ով: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում ընթացիկ տարվա հունվարին 2019թ. դեկտեմբերի համեմատ կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբի գները նվազել են 1.7-0.4 %-ով, այդ թվում՝ գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Հրազդան քաղաքում: Մայրաքաղաքում կաթնամթերքի, պանրի և ձվի գները նվազել են 0.8 %-ով:

Գերարտադրություն է

Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի խոսքով՝  նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ, ձվի բացթողման միավորի միջին գինը տարվա կտրվածքով նվազեց 9.6 դրամով: 

Մասնագետը գնանկումը բացատրում է հանրապետությունում ձվի գերարտադրությամբ: Բացի սա, կա նաև այլ պատճառ՝ թռչնաբուծությամբ զբաղվող տնտեսությունների թիվն է ավելացել:

Ստեփանյանը շեշտեց՝ եռապատկվել է ձու արտադրող ֆերմերային տնտեսությունների քանակը, քանի որ պետությունն է խրախուսել թռչնաբուծության զարգացմանը՝ մատչելի վարկեր տրամադրելով:

«2019 թվականի արտադրության աճը 10 տոկոսով գերազանցել է նախորդին, որից կեսն արտադրել են մասնավոր տնտեսությունները, իսկ մնացածը՝ ֆաբրիկաները: Ներմուծում չկար և նախատեսել էինք շատ արտադրել: Կա նաև մեկ այլ հանգամանք:  Տնտեսություններն արտադրության ծավալների առավել աճ ապահովեցին հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, սակայն սպառողական շուկայի պահանջարկը ավելի ցածր էր նույնիսկ նախորդ տարվա նախատոնական պահանջարկից՝ թեև գինն էլ նվազել էր 9 դրամով»,- նկատեց նա:

Թռչնաբույծների միության նախագահը նշեց, որ ձվի արտադրության ոլորտում հասել ենք Եվրոպական երկրների մակարդակին: Մեկ շնչի հաշվով արտադրվում է 240-250 հատ ձու: 

Արտադրողներն անհանգստացած են

Արտադրողները պնդում են՝ շուկան չկարգավորվելու դեպքում, փակման եզրին են կանգնելու:

Ս. Ստեփանյանը ավելացնում է, օրինակ, Եվրոպայում նման իրավիճակում պետությունն աջակցում է, որ ճյուղը չտապալվի: Որպեսզի տնտեսությունները կարողանան դիմակայել և չկործանվեն, միությունը դիմել է կառավարությանը՝ աջակցություն ստանալու նպատակով:

«Գերարտադրության դեպքում պետությունն օգնում է արտադրողներին, որ չսնանկանան: Մենք առաջարկում ենք, որ պետությունը մասնակցի, կամ աջակցի, և ստեղծենք ձվի վերամշակման արտադրություն, որտեղ ավելցուկը կվերամշակվի ձվի փոշու և հեղուկի: Այս տարբերակով թույլ չենք տա, որ արտադրողը սնանկանա»,- կարևորեց նա:

Ձվի արտադրությամբ մեր երկիրն ինքնաբավ է: Վերջին տարիներին ձվի գինը տատանվել է 60-65 դրամի սահմաններում: Ձվի ամենաբարձր գինը եղել է 2017 թվականին, երբ իրացման կետերում գինը հասնում էր 70-90 դրամի:

Մանյա Պողոսյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 19, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ