...

Մաքսատուրքը կբարձրանա. ինչ է սպասվում թռչնամսի շուկայում

Մաքսատուրքը կբարձրանա. ինչ է սպասվում թռչնամսի շուկայում

ՀԱՎԵ՛Ր, ԲԱԶՄԱՑԵՔ

Նախարարի կոչը՝ արտադրողներին

Ուղիղ մեկ տարի հետո Հայաստան ներմուծվող թռչնամսի մաքսատուրքը կտրուկ կաճի և կդառնա 80 %:
Ըստ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ դա Հայաստանում թռչնամսի արտադրությունը կդարձնի շատ գրավիչ:

Այդ շանսից օգտվելու համար նախարարը ներդրումներ անելու կոչով էր հանդես եկել՝ ուղղված թռչնամսի արտադրությամբ, ինչպես նաև ներմուծմամբ զբաղվող գործարարներին։

Հայաստանում տարեկան արտադրվում է մոտ 15 000 տոննա թռչնամիս, ներմուծվում՝ մոտ 44 000 տոննա: Պակասուրդը լրացնելու համար, Վահան Քերոբյանի կարծիքով, պետք է մոտ 120 մլն եվրոյի ներդրում կատարել թռչնաֆաբրիկաներում։

Իսկ թռչնամսի մաքսատուրքի բարձրացումը Հայաստանի համար ԵԱՏՄ-ի շրջանակներում պարտադրված որոշում է։

Այս տարվանից տարբեր չափերով բարձրանում են ոչ միայն թռչնամսի, այլև մոտ 650 ապրանքատեսակի ներմուծման մաքսատուրքերը։ Մեղմացման մեխանիզմներ, սակայն, կգործեն թռչնամսի, խոշոր եղջերավոր անասունների և խոզի մսի ներմուծման համար:

Մաքսատուրքերի բարձրացման նպատակը ԵԱՏՄ միասնական դրույքաչափերին հավասարվելն է: Մաքսատուրքերի փոփոխման գրաֆիկը կախված է ներկրումների ծավալից: 2021 թվականից թռչնամսի և մսամթերքի ներմուծման մաքսատուրքը 22-ից դառնում է 50 %: Թռչնամսի դեպքում, օրինակ, քվոտավորման շրջանակներում Հայաստանի համար 2021 թվականին սահմանված է 44 000 տոննա։

Երբ ոչ ԵԱՏՄ երկրներից Հայաստան ներմուծվող թռչնամսի քանակը գերազանցի նշված 44 000 տոննան, ներմուծողներն արդեն ստիպված կլինեն վճարել ոչ թե 25 % մաքսատուրք, այլ՝ 50:

Իսկ 2022 թվականից ոչ ԵԱՏՄ՝ երրորդ երկրներից հավի մսի ներմուծման մաքսատուրքը դառնալու է 80 %: Թե որքան կլինի քվոտայի շեմը և ինչ մաքսատուրքեր կսահմանվեն դրա շրջանակներում, առայժմ հայտնի չէ:

Կարճ ժամանակում ինքնաբավության հասնելն անիրատեսական է

Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն անիրատեսական է համարում կարճ ժամկետներում Հայաստանում թռչնամսի պահանջարկն ամբողջությամբ տեղականով բավարարելը: Նախարարի կոչն ավելի շատ բարի ցանկություն է համարում: «ՉԻ»-ի հետ զրույցում մեր զրուցակիցը նշեց, որ յուրաքանչյուր լրացուցիչ 5 000 տոննա թռչնամիս արտադրելու համար հարկավոր են 16 մլն եվրոյի ներդրումներ:

«Վերջին 4-5 տարիներին մեծ թվով ներդրումներ են կատարվել։ Մասնավորապես, մասնագիտացված տնտեսություններում մոտ 6-6,5 միլիոն դոլարի ներդրում է եղել։ 120 մլն եվրոն էլ, եթե վերլուծում ես, նշանակում է՝ մոտ 30 000 տոննա թռչնամսի արտադրություն: Միանգամից այդ ծավալին դժվար կարող ենք հասնել: 12 տարվա մեջ 3 անգամ ենք կարողացել արտադրության ծավալներն ավելացնել: 2007-2008 թվականներին 5 000 տոննա ենք արտադրել, իսկ 2020-ին՝ 14 000: Թռիչքային ներդրումներ և ավելացումներ չենք կարող անել: Մենք 5 000 տոննայի արտադրության ծրագիր ունենք, բայց 2 տարի է՝ չենք կարողանում ֆինանսավորում գտնել, ուր մնաց՝ 120 մլն եվրոյի ներդրում արվի»,- ասաց նա և ընդգծեց, որ թռչնամսի արտադրության պետական ծրագիր է պետք:

«Արտադրողները քիչ-քիչ են ներդրումներ անում: Հիմա մեր բոլոր գործարարները բանկերից վարկեր են վերցրել ու հազիվ են աշխատում։ Լրացուցիչ խոշոր ներդրում ոլորտում անհնար է։ 2019-ի ներդրումներով 2020թ. իներցիայով անցկացրինք, բայց 2021-2022 թվականները ոլորտի համար դժվար են լինելու։ Առկա ռեսուրսներն արդեն ներդրել ենք, ոլորտում հիմա ներարկում է պետք։ Եթե պետությունը բիզնեսում ներարկում կատարելու ուղղությամբ գնա, շատ լավ կլինի»,- մատնանշեց թռչնաբույծը:

Նույնիսկ գնային էական բարձրացման պարագայում, գնի առումով տեղական թռչնամիսը չի կարողանա մրցակցել ներկրվածի հետ, քանի որ այն տեղականից անհամեմատ էժան է:

Եթե նախկինում Հայաստանը Ռուսաստանից, ԱՄՆ-ից և մյուս երկրներից էր ավելի շատ թռչնամիս ներմուծում, ապա վերջին 2-3 տարիներին գերիշխում են Ուկրաինայից ներկրումները:

Կասկածելի թռչնամիս՝ Ուկրաինայից

Վիճակագրությունը փաստում է, որ 2019 թվականին Հայաստանը թռչնամիս է ներմուծել հիմնականում Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Ռուսաստանից, Բելգիայից: Իսկ գերմանական թռչնամիսը բերվում է Վրաստանից, որտեղից նախկինում ներկրումներ չեն եղել: Սերգեյ Ստեփանյանի խոսքով՝ Ուկրաինայից ներմուծվում է շատ էժան, կասկածելի ծագմամբ և որակի թռչնամիս:

«Ներկրողը երբեք արտադրության մեջ ներդրումներ չի անի: Էժան միս է բերում և արագ սպառում: Այսպես, 30 000 տոննա ներկրման դեպքում և 12 000 տոննա արտադրողները գրեթե նույն քանակի բյուջե փող են վճարում: Նրանք 5 աշխատող են պահում, մենք՝ շատ»,- բացատրեց մասնագետը:

Հավասար պայմաններ են պահանջում

Թռչնաբույծների միության նախագահի կարծիքով, եթե կառավարությունն ուզում է զարգացնել տեղական թռչնամսի արտադրությունը, ապա պետք է հավասար մրցակցային պայմաններ ստեղծի և՛ տեղական արտադրողի, և՛ ներկրողի համար:

«Շուկայի ամբողջ թարմ պաղեցված միսը տեղական արտադրողներ են ապահովում: Սառեցված մսի դեպքում էլ թող հավասար մրցակցային պայմաններ ստեղծեն, մեր ուժերով կավելացնենք»,- նկատեց նա:

Թռչնաբույծի խոսքով՝ տեղական արտադրությունը զարգացնելու համար, պետությունը կարող է դրսից ներդրումներ բերել:

Առաջիկայում հեշտ օրեր չեն սպասվում թռչնաբույծների համար: Կերի գինը 30-35 տոկոսով բարձրացել է, գազն ու էլեկտրաէներգիան նույնպես թանկանում են, որը թռչնամսի ինքնարժեքի վրա է ազդելու: Ստեփանյանը նշեց, որ շուկայում թռչնամսի գների բարձրացում է սպասվում:

Մանյա Պողոսյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 4, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ