...

Ապաշրջափակումը սպասարկում է ռուս-թուրքական շահերը

Ապաշրջափակումը սպասարկում է ռուս-թուրքական շահերը

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ընթացքում ստորագրվեց եռակողմ հայտարարություն, որով Հայաստանը կկարողանա Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ հաստատել Ռուսաստանի ու Իրանի հետ, իսկ Ադրբեջանը Հայաստանի տարածքով՝ Սյունիքով, Նախիջևանի, իսկ այնտեղից էլ Թուրքիայի հետ։

Թեմայի շուրջ «ՉԻ»-ն զրուցել է «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ ղեկավար, տնտեսագետ Մովսես Արիստակեսյանի հետ:

- Պարոն Արիստակեսյան, կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ տարբեր կարծիքներ կան։ Շատ փորձագետներ դա հատկապես կարճաժամկետ կտրվածքում անիրատեսական են համարում։ Ձեր կարծիքով՝ այն որքանո՞վ է իրատեսական:

- Որոշակի տեղեկատվություն ինձ ասում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան արդեն ինտենսիվ աշխատում են այդ ավերված երկաթգծերը գործարկելու ուղղությամբ: Համոզված են՝ Հայաստանը, ՌԴ-ի ճնշման տակ, պետք է համաձայնի կատարել այդ պարտավորությունը:

Փաստաթուղթն ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր, ինչպես նաև ռիսկեր է պարունակում: Կարծում եմ՝ այդ հայտարարությունը ստորագրելուց առաջ վարչապետը պետք է պնդեր, որ եռակողմ հայտարարության 8-րդ կետը կատարվեր. գերիները վերադարձվեին, որից հետո նոր փաստաթուղթ ստորագրեր: Ինչքան էլ պատերազմում պարտված ենք, բայց վարչապետը լեգիտիմ է և պետության անունից իրավունք ուներ պնդելու, որ եռակողմ հայտարարության 8-րդ կետը կատարվի: Ապաշրջափակման որոշումը միակողմանի է, այն չի բխում մեր երկրի շահերից. ավելի շատ սպասարկում է ռուս-թուրքական, քան Հայաստանի շահերը: Երկրի տնտեսության զարգացման համար երկու գլխավոր խոչընդոտ ունենք՝ տրանսպորտային շրջափակումը և էներգետիկ կախվածությունը: Այսինքն՝ պայմանագիրը ստորագրելու ժամանակ պետք է խնդիր դրվեր նաև այս հարցերի լուծման համար: Մի կողմից՝ այս համաձայնագիրը լավ է, մտածում ենք՝ ճանապարհը կբացվի և տնտեսությունում աճ կգրանցենք, բայց արդյոք այդպե՞ս է: Երբ նայում ենք քարտեզը, տեսնում ենք, որ այն սպասարկում է ավելի շատ թուրք-ադրբեջանական կապերը՝ լուծելով Նախիջևանի հետ կապ ունենալու խնդիրը:

Կարծում եմ՝ համաձայնագրի մեջ պետք է կետ լիներ վերականգնելու մյուս երկաթուղային ուղին, որը ձգվում է Դիլիջանով-Իջևանով-Ղազախով դեպի Ռուսաստանի Դաշնություն: Եթե ապաշրջափակում ենք, դա էլ պետք է ապաշրջափակենք, որովհետև այն երկար ժամանակ խցանված է և խանգարում է մեր տրանսպորտային կապը ԵԱՏՄ երկրների հետ: Սա շատ կարևոր հանգամանք է: Այսինքն՝ պետք է սպասարկվի նաև Հայաստանի շահը: Ինչու չէ նաև պետք է վերականգնել երկաթուղային մյուս կապը՝ Աբխազիայով դեպի ՌԴ: Իհարկե, այստեղ կա Վրաստանի քաղաքական խնդիրը ՌԴ-ի հետ կապված: Պետք է բարձրացվեր նաև ՏՐԱՍԵԿԱ-ին մասնակից լինելու խնդիրը: Տրանսպորտային շրջափակումը միայն երկաթուղուն չի վերաբերում: Այն անդրադառնում է ինչպես ավտոմոբիլային ծրագրին, այնպես էլ գազային խողովակաշարային տրանսպորտին: Եթե մենք համաձայնում ենք մի ծրագրի, ապա նաև պետք է խոսենք մեր շահերից:

- Ի՞նչ է սպասվում ճանապարհների ապաշրջափակման պարագայում:

- Կարող է որոշ հնարավորություն լինել, օրինակ, Երասխից բեռների տեղափոխում Մեղրի: Մեծ հույսեր չունեմ, թե որոշակի բեռնաշրջանառություն կլինի դեպի ՌԴ՝ հաշվի առնելով ռիսկերը: Իրանի հետ ապրանքաշրջանառությունը, գուցե, լավանա: Սակայն, վտանգներ կան, որ խոչընդոտներ կստեղծվեն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից՝ սահուն երթևեկություն ապահովելու համար: Ավելին՝ երկաթուղին ՌԴ-ի սեփականությունն է, և այստեղ շահույթներ՝ հօգուտ ՀՀ-ի բյուջեի, չի կարող լինել:

- Ճանապարհների ապաշրջափակումն իշխանությունը ներկայացնում է որպես տնտեսական նոր հեռանկար: Որևէ օգուտ Հայաստանը չի՞ կարող ստանալ։

- Կարծում եմ՝ ոչ: Եթե այդ ճանապարհով մեր ապրանքները գնան, այն կրկնակի երկարում է: Բեռների փոխադրումը երկար ճանապարհով Հայաստանի վրա թանկ է նստելու: Հետևաբար, տնտեսության զարգացման վրա քիչ ազդեցություն է լինելու: Իհարկե, ավտոտրանսպորտի համեմատ էժան կլինի: Հիմա Լարսը փակ է, մտածում ենք՝ այն կլինի այլընտրանքային ճանապարհ: Բայց դա միակողմանի է՝ ՌԴ-ին, Ադրբեջանին և Թուրքիային է շահ բերում, մեր շահը շատ քիչ է: Բաքվով-Թուրքիայով Ռուսաստան հասնելու փոխարեն կարելի էր Դիլիջան-Ղազախով դուրս գալ ՌԴ:

- Հայկական կողմը չի՞ գիտակցել, որ այդ երկաթուղով իր համար ճանապարհը կրկնակի երկար է և շահավետ չէ:

- Կարծում եմ՝ վարչապետը բանակցություններին գնացել է անպատրաստ: Բանակցությունների ժամանակ տրանսպորտային խնդիրների մասին պետք է բարձրաձայներ, հիմնավորումներ ներկայացներ: Ասեր, որ համաձայնելով ձեր կետերին, իմ առաջարկներն էլ դիտարկեք, հակառակ դեպքում չստորագրեր այդ համաձայնագիրը: Տրանսպորտային շրջափակման մասին մի քանի միջազգային պայմանագիր Թուրքիան և Ադրբեջանը չեն կատարել՝ վնաս հասցնելով Հայաստանին: Պետք է պահանջ դներ այդ համաձայնագրով, որ Թուրքիան և Ադրբեջանը կատարեն նաև մյուս պայմանագրերը: Առաջինը՝ դեպի ծով ելք չունեցող երկրների մասին ՄԱԿ-ի միջազգային պայմանագիրն է, որը վավերացրել է Թուրքիան, իսկ Ադրբեջանը չի միացել, հետևաբար, երկուսն էլ պարտավորություն ունեն մեր երկրի նկատմամբ՝ թույլ տալով իրենց տարածքով բեռների ազատ տեղափոխումն առանց որևէ ծախսերի:

- Բեռները կարող են անվտանգ չանցնել այդ տարածքներով: Ըստ ձեզ՝ որո՞նք են ռիսկերը և վտանգները, որ կարող են առաջանալ ապաշրջափակման դեպքում:

- Ռիսկերը շատ մեծ են՝ ադրբեջանական ատելության և հայատյացության քաղաքականության շրջանակներում: Ինչպես են հիմա մեր զինվորներին գերեվարում, նույն կերպ էլ բեռների հետ են վարվելու: Այդ ճանապարհով բեռնափոխադրումներ իրականացնելու դեպքում շատ մեծ ռիսկ կա. չէ՞ որ 30 տարի շարունակ Ադրբեջան պետությունը՝ մանկապարտեզից սկսած իրենց սերունդներին ատելություն է սերմանել հայ ժողովրդի հանդեպ: Հիշում եմ՝ երբ երկրաշարժի ժամանակ հումանիտար օգնություն էր գալիս, անգամ այդ բեռները Խորհրդային Ադրբեջանի տարածքում թալանում էին: Այդ ռիսկը կա: Ինչքան էլ ապահովագրական ընկերություններն ապահովագրեն բեռները, միևնույն է՝ այն անվտանգ տեղ չի հասնելու: Չեմ կարծում, որ այս դեպքում կարող ենք խոսել մեր տնտեսության զարգացման մասին:

- Ըստ վարչապետի՝ ապաշրջափակման ծրագրի իրագործումը տարածաշրջանի դիմագիծը կփոխի: Համամի՞տ եք այս տեսակետին:

- Ես չեմ հասկանում՝ ինչ նկատի ունի դիմագիծ ասելով: Եթե խոսքն Ադրբեջան- Հայաստան-Թուրքիա քաղաքական հարաբերությունների մասին է, չեմ կարծում, թե այն պետք է փոխվի: Ադրբեջանն ու Թուրքիան իրենց սերունդներին ատելություն են սերմանում հայերի նկատմամբ: Դիմագիծը փոխելու համար մեկ սերունդ պետք է փոխվի: Եվ եթե անգամ, տնտեսաիրավական որոշակի հարաբերություններ փոխվեն, Թուրքիան և Ադրբեջանն իրենց հզոր տնտեսությամբ շատ մեծ ազդեցություն կունենան մեր շուկայի վրա՝ իրենց էժան ապրանքները լցնելով մեր երկիր:

- Բայց, ըստ էկոնոմիկայի նորանշանակ նախարարի, Թուրքիայի և Ադրբեջանի սահմանների բացումը շատ ձեռնտու է մեր երկրի համար:

- Էկոնոմիկան չի նշանակում միայն առևտուր: Այն նաև արտադրություն է: Եվ ամբողջ էկոնոմիկայում առևտրի մասնաբաժինը շատ քիչ է: Մեր էկոնոմիկայի նախարարը, ելնելով իր փորձառությունից, միայն մտածում է առևտրի սեգմենտի մասին: Նա չի մտածում արտադրական հզոր տնտեսություն ունենալու մասին, որը կարող է դիմագրավել որոշակի մարտահրավերների, ինչպես նաև միջազգային շուկայում իր ապրանքներով տեղ ունենալու մասին: Վահան Քերոբյանը սպառման ոլորտի բիզնեսմեն է, ոչ թե արտադրության:

Մանյա Պողոսյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 3, 2021

ՎԱՐԿԱՆԻՇ

   127273 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ