...

Իրանին չնեղացնելու համար պետք է միայն հումք ներմուծել

Իրանին չնեղացնելու համար պետք է միայն հումք ներմուծել

ՅՈԼԱ

«ՉԻ» զրուցակիցն է «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը:

- Պարոն Ստեփանյան, Կառավարությունը ժամանակավոր արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Մեր տնտեսության վրա ի՞նչ հետևանքներ կունենա թուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրման ժամանակավոր դադարեցումը, արդյոք ցնցումներ կլինե՞ն:

- Արգելքի որոշումն ընդունվել է 2020 թվականի հոկտեմբերի կեսին: Այսինքն՝ տնտեսվարողները ունեին առնվազն 2 ամիս ժամանակ, որպեսզի գտնեին նման ապրանք այլ երկրներում: Դա քիչ ժամանակ չէ: Նրանք նաև կարող էին մինչև դեկտեմբերի 31-ը Թուրքիայից ներմուծել սովորականից շատ արտադրանք, որպեսզի ստեղծվի որոշակի պաշար 2021 թվականի համար: Այսպիսով, պետությունը բավական ժամանակ է հատկացրել տնտեսվարողներին, որպեսզի ցնցումներ հնարավորինս քիչ լինեն:

Այնուամենայնիվ, արգելքը դժվարություններ առաջացնելու է: Արգելքը նաև կհանգեցնի որոշ ապրանքների գծով թանկացման: Եվ դրանով իսկ կառաջացնի որոշակի սոցիալական լարվածություն: Նաև որոշ տնտեսվարողներ չեն կարողանա հարմարվել նոր իրականությանը: Այդ առումներով պետությունը պարտավոր է տեր կանգնել և պատասխանատվություն կրել կայացրած որոշումների համար: Պետք է օգնել տնտեսվարողներին հաղթահարել անցումային փուլը` օգնել գտնել նոր գործընկերներ, օգնել խորհրդատվությամբ և վերջապես աջակցել՝ հիմնելու սեփական արտադրություն:

Կարծում եմ՝ արգելքը երկարաժամկետում օգտակար է Հայաստանի համար: Մենք պետք է սովորենք աշխատել առանց Թուրքիայի, ինչպես այժմ և միշտ աշխատել ենք առանց Ադրբեջանի: Հետագայում՝ մի քանի տարի հետո, եթե նույնիսկ որոշ հանգամանքներից ելնելով, որոշվի հանել արգելքը, ապա մեր տնտեսությունը շատ ավելի ամուր կլինի և այդքան հեշտ չի պարտվի թուրքական կամ որևիցե այլ ներմուծված արտադրանքի հետ պայքարում:

- Մտավախություն կա, որ մեծ հաշվով այն շուկաները, որտեղից հնարավոր է ներկրումներ լինեն՝ ռուսական, վրացական և իրանական, չի բացառվում այդտեղ էլ թուրքական ապրանքներ լինեն և արտահանեն: Արդյոք հնարավո՞ր է այս տարբերակով կրկին թուրքական ապրանքներ ներմուծվեն:

- Մտավախություն միշտ էլ կա: Որտեղ կա օրենք, այնտեղ էլ կգտնվեն օրենքը շրջանցել ցանկացողները: Բայց հավատացած եմ, որ մեր ՊԵԿ-ում բավական արհեստավարժ մասնագետներ են աշխատում, որոնք տիրապետում են օրենքը շրջանցելու բոլոր հնարքներին: Բացի սեփական փորձից, մերոնց կարող են օգնել ռուս գործընկերները, որոնք ունեն արգելված արտադրանքի դեմ պայքարելու հարուստ փորձ: Վստահ եմ, եթե լինեն նման զանգվածային դեպքեր, կնշանակի, որ ՊԵԿ-ում կրկին սկսել են գործել կոռուպցիոն սխեմաները:

- Կառավարությունն ասում է, որ պետք է խթանել տեղական արտադրությունը: Ի՞նչ անել, որ չտուժի տնտեսվարողը, ի՞նչ խնդիր պետք է դնել տեղական արտադրությունը զարգացնելու նպատակով, որը կփոխարինի ներմուծումներին:

- Ասել եմ ու կասեմ, որ մեր տեղական արտադրողները չունեն արտադրելու խնդիր: Մեծ մասն աշխատում է սեփական արտադրական հզորությունների շատ փոքր մասով: Արտադրողներն ունեն ոչ թե արտադրելու, այլ արտադրածն իրացնելու խնդիր: Հայաստանի վաճառակետերի տարածքի 90 %-ը զբաղեցրել են մի կողմից մեր երկրի բյուջեից ավել շրջանառություն ունեցող միջազգային գիգանտ ընկերությունների և մյուս կողմից առևտրային ցանցերի սեփական ներմուծումը: Վիճակը նույն է թե՛ սննդի ոլորտում, թե՛ տնտեսական ապրանքների, թե՛ տեքստիլի, թե՛ այլ ոլորտներում:

Ուստի, հարց է ծագում՝ ինչպե՞ս զարգանա տեղական արտադրողն իրեն բաժին հասած 10% տարածքի վրա: Ինչպե՞ս նոր սարքավորումներ գնի, ինչպե՞ս նոր աշխատատեղեր ստեղծի…

Պետությունը պետք է մեխանիզմներ մշակի, որպեսզի տնտեսվարողները հասկանան, որ արտադրելն ու արտահանելն ավելի շահավետ է և պատվաբեր, քան ներմուծելը: Արդեն 30 տարի է բիզնեսն ավելի շատ գերադասում է ներմուծել:

Հայաստանը պետք է ներմուծի միայն հումք: Իսկ արտահանի բարդ, պրեմիալ պատրաստի արտադրանք: Հիմա հակառակն է՝ պետության մեղքով: Պետության ձեռքերում են ազդելու բոլոր լծակները: Լծակներ, որոնք չեն օգտագործվում:

- Կարծես ուրվագծվում է նոր շուկա՝ ի դեմս իրանականի: Նախատեսվում է 2250 թուրքական ապրանքներ փոխարինել իրանական արտադրանքներով: Ի՞նչ հորիզոններ կբացվեն Հայաստան-Իրան առևտրային նոր համագործակցությունից:

- Իրանը յուրահատուկ, «դժվար» պետություն է՝ փակ տնտեսությամբ, մեծ պետական աջակցությամբ և շատ էժան էներգակիրներով: Իրանի հետ Հայաստանի առևտուրն արդեն իսկ շատ բացասական է: Ավելի քան 200 մլն դոլար ավելի շատ ենք ներմուծում, քան արտահանում: Եթե պետք է ստիպված լինենք չնեղացնել Իրանին և կրկնապատկել այդ թիվը՝ դարձնելով մինուս 400 մլն դոլար, ապա գոնե ներմուծենք հումք, այլ ոչ թե պատրաստի արտադրանք:

Իրանական հումքը մեր տեղական արտադրողները կմշակեն և կարտահանեն այլ երկրներ՝ բերելով Հայաստան այդքան մեզ անհրաժեշտ արտարժույթը: Ի դեպ, այդպես արդեն անում են որոշ արտադրողներ և հաջողությամբ արտահանում են: Բայց դա պետք է լինի ոչ թե մասնավոր արտադրողի խելացի որոշում, այլ դառնա պետական քաղաքականություն:

Մենք նաև պետք է ավելացրած ներմուծման դիմաց ձգտենք ներգրավել իրանական ներդրումներ: Օրինակ, Իրանից 200 մլն ավել ներմուծման դիմաց՝ 200 մլն ներդրում ներգրավենք: Կարող ենք կառուցել բազմաթիվ գործարաններ, որոնք կաշխատեն իրանական ներկրված հումքով և կարտահանեն ԵԱՏՄ երկրներ: Դա ազնիվ և տրամաբանական գործարք է: Կարծում եմ՝ Իրանը միայն կհարգի Հայաստանի նման դիրքորոշումը:

- Հայաստանում վերջին շրջանում դրամը գնալով արժեզրկվում է: Արտարժույթի շուկայի փոխոխություններն ի՞նչ հետևանքներ կունենան ներկրումների և արտահանումների վրա:

- Դրամի պահվածքի վրա կարող է մի քանի գործոն ազդել՝ քաղաքական անկայունությունը, պատերազմը և նաև այդ թվում՝ ՀՀ Կենտրոնական բանկի վարած քաղաքականությունը: Եթե նկատենք, դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվում է 5-6 տարին մեկ: Այդ առումով 2009-ից և 2014-ից հետո 2020-ի արժեզրկումը բավականին տրամաբանական է թվում:

Մենք ստիպված ենք սովորել ապրել և աշխատել թուլացող ազգային արժույթի պայմաններում, ինչպես դա անում են մեր հարևանները: Հակառակ դեպքում հարևան երկրներից ներմուծված արտադրանքը վերջնականապես կխեղդի մեզ: Մեր տեղական արտադրությունը շատ կտուժի:

Մանյա Պողոսյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 2, 2021

ՎԱՐԿԱՆԻՇ

   121171 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ