Ամուլսարի հանքը նորից կբացվի
Մեծ է հավանականությունը, որ Ամուլսարի հանքը նորից կբացվի՝ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իմ վերաբերմունքը չի փոխվել, որովհետև ես այն կարծիքին եմ, ինչ կարծիքի եղել եմ մեկ տարի առաջ: Ի դեպ, ուզում եմ հիշեցնել, որ Ամուլսարի հետ կապված շատ կարևոր էի համարում անվտանգային բաղադրիչը, ասելով, որ, տեսեք՝ պատերազմական իրավիճակի մեջ ենք և երբ պատերազմ սկսվի, զբոսաշրջիկների հոսքը չի շարունակվելու մեր երկիր ու այդ ժամանակ մենք արժութային խնդիրների առաջ կարող ենք կանգնել: Եվ այդ իրավիճակում կոնկրետ հանքարդյունաբերությունն է, որ երկրի համար վալյուտային հոսքեր է երաշխավորում: Ժամանակը դա ցույց տվեց: Բայց մյուս կողմից կարող եմ արձանագրել, որ մենք նաև կարողացանք պատշաճ կառավարել ֆինանսական շուկան, ինչի արդյունքում հունվարին եվրոպարտատոմսերի թողարկում ունեցանք, որն ամենահաջողված թողարկումն էր ՀՀ պատմության մեջ»,- 1in.am-ի հետ զրույցում նշել է վարչապետը:
Չեն նահանջելու
Ամուլսարի պահապաններից, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը «ՉԻ»-ի հետ զրույցում ասում է՝ եթե հանքը շահագործվի, մարդիկ դուրս կգան իրենց դիրքորոշումը ևս մեկ անգամ վերահաստատելու:
«Ուղղակի նահանջի տեղ չունենք, Հայաստանի այսօրվա սահմանները մեզ թույլ չեն տալիս, որ մենք թողնենք, որպեսզի Ամուլսարում հանք շահագործվի: Վարչապետն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ցանկանում է ճանապարհ հարթել Ամուլսարի շահագործման համար։ Բայց հավատացեք՝ իրավիճակ է փոխվել: Եթե նա իր փառքի գագաթնակետին լինելով չի կարողացել կոտրել ժողովրդի մեջ Ամուլսարի համար պայքարի ոգին, հիմա առավել ևս չի կարողանալու։ Բոլոր համոզմունքներին ավելացել է այն, որ Արցախի հանձնումից հետո Ամուլսարն այլևս կենսատարածք է դարձել»,- նկատեց մեր զրուցակիցը:
Ըստ նրա՝ անթույլատրելի է Ամուլսարը դիտարկել այդ հարթության վրա ու խնդիրը ներկայացնել ուղղակի բանավեճ կամ տարաձայնություն՝ բնապահպանների ու կառավարության միջև։ Ավելին՝ Շիրակ Բունիաթյանի պնդմամբ՝ Ամուլսարը խորքային, բազմաշերտ խնդիր է Հայաստանի համար։
«Այստեղ կան ժողովրդի խախտված իրավունքներ, առողջարանային գոտու հարց ու մյուս ներդրողների իրավունքների հարց։ Ջերմուկում կան այլ ներդրողներ ևս ու չկա երաշխիք, որ այդ բնագավառը չի տուժելու։ Հանք շահագործող ընկերությունը չի տալիս ոչ մի երաշխիք, որ իր գործունեության հետևանքով մյուս ոլորտները չեն տուժելու»,- մատնանշեց նա:
Ամուլսարի պահապանի խոսքով՝ հանքի շահագործմամբ ոչ թե սոցիալ-տնտեսական խնդիրներն են լուծվելու, այլ հակառակ պրոցեսն է կատարվելու։
Հանքի հարևանությամբ գտնվող Գնդեվազ և Կետչուտ համայնքների բնակիչների ապրուստի միակ միջոցն անասնապահությունն է, Ամուլսարի ստորին հատվածներն արոտավայրեր են: Եթե այն հանք դառնա, գյուղացիները չեն կարողանալու անասնապահությամբ զբաղվել:
«Սյունիքի մարզի բնակչության 99 տոկոսն անասնապահությամբ է զբաղվում: Եթե անասուններին մինչև պատերազմը Ջրակնի (Ջաբրայիլի) արոտավայրերն էին տանում, հիմա տեղ չունեն, պետք է բերեն Ամուլսարի հատված: Հակառակ դեպքում հազարավոր գյուղացիներ չեն կարող անասնապահությամբ զբաղվել»,- նշեց Շիրակ Բունիաթյանը:
Ջերմուկի բնակիչն ընդգծում է, որ հանքի շահագործման դեպքում 10 տարով 600-700 աշխատատեղ է ստեղծվելու, բայց, ի վերջո, ավելի շատ քաղաքացիներ են աշխատանքը կորցնելու՝ առողջարանների և հանքային ջրերի գործարանների աշխատակիցները գործազուրկ են դառնալու:
Բացի այս, ըստ նրա, խաղասեղանին դրված են մեր փոքրիկ երկրի ջրային պաշարները, մեր Սևանա լճի գոյությունը, առողջարանային չքնաղ Ջերմուկի ճակատագիրը և, ի վերջո, հազարավոր մեր հայրենակիցների անվտանգ ապրելու իրավունքը։
«Պետք է համախմբվենք Ամուլսարի փրկության շուրջ և անկախ նրանից, թե որ բնակավայրից ենք, երևում է Ամուլսարը մեր պատուհանից, թե՝ ոչ, ունենք ծանոթ կամ բարեկամ Ջերմուկից, թե՝ ոչ, պետք է գիտակցենք մեկ բան. Ամուլսարը հայրենիք է, և սա պայքար չէ կառավարության և բնապահպանների միջև: Օտարները պետք է ոսկին հանեն տանեն, և մենք այստեղ ի շահ պետության ոչինչ չենք տեսնում»,- վրդովված նշեց Ամուլսարի պահապանը:
Աղետաբեր հանք
Բնապահպան Հակոբ Սանասարյանի պնդմամբ՝ հանքի շահագործմամբ մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակն ավելի կվատանա:
«Երբ ասում են՝ հանքը շահագործվի տնտեսական շահ կունենանք, սխալ է: Նախ ասեմ, որ ԱԺ-ն ստեղծեց հանձնաժողով և ուսումնասիրեց հանքարդյունաբերությունը: Հանձնաժողովն արդեն հաշվետվությունը ներկայացրել է: Հաշվետվության մեջ գրված է հետևյալը, որ 30 մետաղական հանքերի մի մասը շահագործման ամենաակտիվ փուլում պետական գանձարան շահութահարկ չի մուծել: Դա նշանակում է, որ հանքատերը գալիս է Հայաստանում բանվորներ է վարձում, իր ուզած չափով աշխատավարձ է տալիս և ոչ մի կոպեկ պետությանը չի տալիս»,- շեշտեց նա:
Բնապահպանի գնահատմամբ՝ Ամուլսարը համարվում է հատուկ պահպանվող տարածք: Եթե հանքը շահագործվեց, մասնագետի խոսքով, շատ ենք տուժելու: Կորցնելու ենք մեր ջրերը, որոնք հոսում են Արփա և Որոտան գետերով:
«Ջերմուկը, որպես առողջարանային քաղաք, վերանալու է: Սկսվելու է միգրացիա: Մի բան իմացեք. այդ աշխատատեղերը միայն մոտ 10 տարվա համար են նախատեսված։ Գալու են և տարեկան 10 մլն հանքաքար են շահագործելու, որի մեջ ոսկին շատ աննշան է: Սա նախագիծ չէ, այլ կողոպուտ է, հանցագործություն: Սա բնության բնաջնջում է՝ ամայացում»,- եզրափակեց բնապահպանը:
Մանյա Պողոսյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 9, 2021