...

Կլինիկական մահ տանող ծրագիրը վերակենդանացնողները պետք է պատասխան տան

Կլինիկական մահ տանող ծրագիրը վերակենդանացնողները պետք է պատասխան տան

Ակցիան կշարունակվի այսօր

Երեկ Ամուլսարի երկրորդ հենակետի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիան հետաձգվեց, Ջերմուկ տանող ավտոճանապարհը բաց է, իսկ ակցիան կշարունակվի այսօր։ Առայժմ պարզ չէ, թե այսօր երբ կշարունակվի Ամուլսարի համար պայքարը:

«Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է ու փոխարենը դրել իրենցը, ինչը դարձել է բնակչության և ակտիվիստների վրդովմունքի պատճառ: Երեկ երեկոյան Ամուլսարում իրավիճակը թեժ էր: Բողոքի ակցիայի ժամանակ մի քանի անգամ բախումներ տեղի ունեցան ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև: Բռնի ուժով ոստիկանները բերման ենթարկեցին բողոքի ակցիայի մասնակիցներին:

Ամուլսարի պահապաններից Շիրակ Բունիաթյանը «ՉԻ»-ի հետ զրույցում նշեց, որ ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառել: Ոստիկանները բռնի կերպով էին վարվում Ամուլսարի համար պայքարողների հետ: Մարդկանց հրում էին, գետնին գցում: Նրա տեղեկացմամբ՝ ոստիկանության բռնի գործողությունների արդյունքում Ջերմուկի բնակիչներից մեկը, որը նաև ազատամարտիկ է, ձեռքի կոտրվածք է ստացել:

«Սկզբում շատ վատ էին, հետո, երևի, ցուցում եղավ: Հավաքված ժողովուրդը ո՛չ զինված է եղել, ո՛չ ագրեսիվ, բոլորը եկել էին ընտանիքներով՝ կանանց և երեխաների հետ: Կարծում եմ՝ ցուցումից հետո սկսեցին այլևս իրենց կոպիտ չպահել, չնայած՝ էլի եղան որոշակի գործողություններ բերման ենթարկելու ժամանակ, բայց դաժան կադրեր չկային»,- նկատեց ակցիայի մասնակիցը:

Այդ ընթացքում Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանն Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսին անդրադարձել էր Ամուլսարի խնդրին և ձեռնպահ մնացել որևէ գնահատական հնչեցնելուց: Միայն ասել էր, որ դեռ հետևում է իրադարձություններին՝ կրկնելով վարչապետի այն տեսակետը, թե հանքը շահագործվելու դեպքում պետք է ունենանք ռիսկերի կառավարման բոլոր երաշխիքները:

Շիրակ Բունիաթյանը նախարարի ասածներից ենթադրում է՝ ոչ թե դեռ, այլ միշտ է Ռոմանոս Պետրոսյանը լուռ հետևելու Ամուլսարի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին:

Շատերին զարմացրեց նաև իշխանության ներկայացուցիչների պահվածքը: Ցանկացած երևույթին կամ իրադարձությանը տեղի-անտեղի մեկնաբանություն շռայլող իշխանականները երեկ զուսպ էին՝ կարծես Ամուլսարում տեղի ունեցածի մասին տեղյակ էլ չեն:

Ջերմուկի բնակիչը ընդգծում է՝ մեկ ամիս է, լարված իրավիճակ է, իսկ իշխանությունն անտարբեր է:

«Երեկ շատ հետաքրքիր դեպք եղավ: Մեկ ամիս է՝ բարձրաձայնում ենք, որ նոր պահնորդական խումբն արտասովոր պահվածք ունի՝ անընդհատ սադրանքների է դիմում: Այդ մարդիկ երեկ չկարողացան իրենց հանգիստ դրսևորել՝ արդեն ոստիկանության հետ բախում եղավ: Տեսանյութերում երևում է, թե ինչպես են փորձում ոստիկանության ներկայացուցիչների վրա ուժ կիրառել: Իրենցից էլ բերման ենթարկված կա: Կարծում եմ՝ այս դեպքում պետությունը պետք է իրավական լուրջ գնահատական տա, որովհետև ապօրինի զորքերը բռնություն են գործադրում: Երբ նոր էին եկել, հարցնում էինք, թե ովքեր են, պատասխանեցին, որ ոստիկանությանը կից զորքեր են: Հիմա կարծում եմ՝ պետության համար էլ պարզ է, թե ինչ պահնորդական ծառայության մասին է խոսքը»,- հավելեց մեր զրուցակիցը:

Ջերմուկի բնակչի համոզմամբ՝ հարցի ամբողջ պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի վրա է։ Դեմ գնալով ժողովրդին՝ վարչապետը ստանձնում է նախկինների եփածի ողջ պատասխանատվությունը:

«Երբ Քոչարյանի ժամանակ հանքարդյունաբերության կամ հետազոտությունների համար լիցենզիա էր տրամադրվում, դեմ մարդիկ կային, բայց չէր ձևավորվել հանրային պահանջ: Սերժ Սարգսյանի ժամանակ էլ, երբ արդեն շինարարական փուլն էր ձևավորվում, կրկին շատերը դեմ էին, բայց դարձյալ հանրային մեծ պահանջ չկար: Փաշինյանն ասում էր, եթե իմ ժամանակ լիներ այս ամենը, ես թույլ չէի տա: Հիմա իրենք սկսում են նոր տողից և անում են հանրային մեծ դժգոհության պայմաններում: Մենք տեսնում ենք, որ Ամուլսարում կլինիկական մահ տանող հանքարդյունաբերության ծրագիրը փորձում են վերակենդանացնել: Իսկ վերակենդանացնողները պետք է պատասխանատվություն կրեն»,- նկատեց նա:

Կառավարության և պատգամավորների քար լռությունը

Աշխարհագրագետ, «Հայկական բնապահպանական ճակատի» անդամ Լևոն Գալստյանի դիտարկմամբ՝ հանրության պահանջներից ոչ մեկը դեռևս չի բավարարվել: Իսկ Կառավարության և ԱԺ-ի ներկայացուցիչներն էլ շարունակում են քար լռություն պահպանել: Նրա խոսքով՝ արդեն մեկ ամիս է՝ նոր պահնորդական խումբն իր պահվածքով սադրում է համայնքի բնակիչներին: «Լիդիանն» էլ հանրապետության տարբեր վայրերից Ամուլսարի պայքարին միացած քաղաքացիներին սադրիչներ է անվանում:

«Օրենքը խախտելով՝ վագոն-տնակները տեղափոխել էին, ճանապարհն այնքան են նեղացրել, որ վթարային իրավիճակ է ստեղծվել: Սադրում են, որ բնակիչները գնան բախումների, և մարդկանց պատասխանատվության ենթարկեն: Երեկ ընկերությունը ինչ-որ հայտարարություն էր տարածել, որ Երևանից սադրիչներ և խուլիգաններ են գալիս: Այս ծիծաղելի խոսքերն արդեն պատռում են իրենց ամբողջ գործունեությունը: Ջերմուկի բնակիչները վաղուց ամեն ինչ ցույց են տվել իրենց պահվածքով, որակով, իսկ մեզ սադրիչ ու խուլիգան անվանելու համար առնվազն պետք է դատարան դիմենք: Սակայն, այդքան ժամանակ, էներգիա և փող չունենք: Իրենք ունեն ժամանակ, էներգիա և գումար, որ մեզ դատի են տալիս կարծիք գրելու համար: Պետությունն ընդհանրապես ուզո՞ւմ է մի բան անել, որ ինչ-որ մի ընկերության կողմից մարդկանց միջև ատելություն է սերմանվում»,- մատնանշեց Գալստյանը:

«Հայկական բնապահպանական ճակատի» անդամը ևս մեկ անգամ շեշտեց, որ հանքի շահագործման վերաբերյալ ջերմուկցիների կարծիքը հաշվի չեն առել: Իսկ նրանք իրավունք ունեն պայքարելու իրենց քաղաքի միջավայրի համար: Լևոն Գալստյանի կարծիքով՝ դեմ գնալ բնակչության կարծիքին, նշանակում է՝ կողմ չլինել ժողովրդավարությանը:

Այսպիսով, Ամուլսարի շահագործման դեպքում, որպես առողջարանային քաղաք՝ Ջերմուկի վրա խաչ է քաշվելու:

Մանյա Պողոսյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ