Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պատասխանել է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի գրությանը: Օրեր առաջ ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը դիմել էր Սուրեն Պապիկյանին՝ առաջարկելով ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի Ախթալա համայնքի տարբեր բնակավայրերում առկա թափոնակույտերը, նրանց հետ կապված խնդիրները և կմշակի համայնքը թափոններից մաքրելու ռազմավարություն։
Այս մասին «ՉԻ»-ին փոխանցեց «Համայնքային Համախմբման և աջակցության Կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը:
Վերջինիս փոխանցմամբ՝ պատասխանել են, որ Շրջակա միջավայրի նախարարությունը 2019 թվականին իրականացրել է հանքարդյունահանման թափոնակույտերի գույքագրում, այդ թվում՝ նաև Լոռու մարզում:
Շրջակա միջավայրի նախարարությունը, ֆինանսների առկայության դեպքում նախատեսել է իրականացնել գույքագրված թափոնակույտերի ռեկուլտիվացիա։
Իսկ աշխատանքային խումբ ստեղծելու նպատակահարմարության վերաբերյալ գրությունը ուղարկել են Ֆինանսների, Արտակարգ իրավիճակների և Շրջակա միջավայրի նախարարություններ՝ կարծիքներ ստանալու նպատակով։
Օլեգ Դուլգարյանի խոսքով՝ Ախթալայի ձորերը տասնամյակներ շարունակ լցվել են հանքարդյունաբերական թափոններով: Այն մաքրելու անհրաժեշտությունն օրակարգային է դարձել:
«Ախթալա գետակի հունում կուտակված են թափոնակույտեր, որոնք տարածվում են քամիների միջոցով և ակտիվանում են անձրևների ժամանակ, հոսում և խառնվում են Դեբեդ գետին: Նախորդ տասնամյակներում շահագործված «Նազիկ» պոչամբար, որը ռեկուլտիվացնելու փորձ է կատարվել։ Պոչամբարի թափոնները և նրանց հոսքը տեսանելի են անզեն աչքով, և տարածվում են դեպի Ախթալայի ներքևի հատվածը, այդ թվում՝ Ախթալա գետակի հունը ակտիվանում է յուրաքանչյուր անձրևից հետո։ Պոչամբարից ներքև է գտնվում Ախթալայի թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Պոչամբարը ունի վերառեկուլտիվացման կարիք»,- նշեց նա:
Ըստ նրա՝ մեծ թափոնակույտ կա Արամյանցի դղյակի ձորում: Այստեղ թափոնները կուտակվել են «Ախթալայի ԼՀԿ» ընկերության կողմից «Պայթուցիկների ձոր» պոչամբարից թափոնների տեղափոխման արդյունքում։
«Թափոնակույտը գտնվում է Ախթալա-Ճոճկան միջհամայնքային ճանապարհին կից։ Թափոնակույտից քամիների միջոցով թափոնները սփռվում են դեպի Ախթալայի ներքևի թաղամասեր և այգիներ»,- մատնանշեց Դուլգարյանը:
Մանյա Պողոսյան