«Եթե պետք լինի, սեփական կյանքով կվճարեմ»
Լոռու մարզի Մեծ Այրում համայնքի բնակիչներին տեղեկություններ են հասել, որ «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը» մտադրություն ունի վերակենդանացնել այն ծրագիրը, որով նախատեսվում էր նոր պոչամբար կառուցել Մեծ Այրում և Ճոճկան գյուղերի միջակայքում:
«Ոչ հավաստի տեղեկություններով՝ նախատեսվում է պոչամբար կառուցել «Նահատակ» պոչամբարի շարունակությունը հանդիսացող ձորում, գյուղատնտեսական հողերի վրա, Դեբեդ գետին ավելի մոտ, միջպետական երկաթգծին ավելի մոտ»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Մեծ Այրումի բնակիչ, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը:
Նա հիշեցրել է, որ 2015 թվականին ծրագիրը կասեցվել է «SOS Մեծ Այրում նախաձեռնության» պայքարի արդյունքում:
«Հետո այդ մտքից հետ կանգնելու հիմնավորման մեջ նշվեց, որ հետ են կանգնում, քանզի դեմ է գյուղի բնակչությունը և բացի դրանից, այդ տարածքում առկա է կարմիր գրքում գրանցված կենդանական և բուսական աշխարհ։ Այդ տարածքում ևս մեկ պոչամբարի առկայությունը թե գյուղի կործանման և թե արդեն ամբողջ տարածաշրջանի գլոբալ անապատացման և թունավորման վերջը կլինի»,- նշել է Մեծ Այրումի բնակիչը:
Օլեգ Դուլգարյանի խոսքով՝ նոր պոչամբար այդ տարածքում չի կառուցվելու: Ասում է՝ եթե պետք լինի, դրա համար սեփական կյանքով կվճարի:
«Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ի արտաքին կապերի բաժնի պետ Գագիկ Շահնազարյանը «ՉԻ»-ի հետ զրույցում նշեց, որ պոչամբարի համար 40 հեկտար հողհատկացումը եղել է 2015 թվականին և անցել է համապատասխան բնապահպանական փորձաքննություններ: Գործող «Նահատակ» պոչամբարից 1 կմ ներքև է գտնվում:
«Այդ հողերը մեզ են պատկանում: Դրանք ընդերքօգտագործման և արդյունաբերական նշանակության հողեր են: Հատկացվել են 1967 թվականին, այդտեղ ոչ ոք սեփականության իրավունքով հող չունի: Որևէ մեկը ոչ մի բան չի կառուցում: Ինչ-որ մեկը կամ մի քանիսը հավանաբար զբաղված չեն և գործ չունեն, որ նման լուրերով են զբաղված: Կառուցելու մտայնություն չկա: Ի՞նչ է նշանակում նախատեսել պոչամբար կառուցել: Նախատեսելու համար պետք է համապատասխան բնապահպանական փորձաքննություններ անցկացվի: Եթե այդ հարցը դրվի, նոր այդ թեմայի մասին կխոսենք»,- մատնանշեց գործարանի ներկայացուցիչը:
«Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ի արտաքին կապերի բաժնի պետը պնդեց, որ նոր պոչամբարի կառուցման հարց չի բարձրացվել:
«Ընդհանրապես ձեռնարկության զարգացման ծրագիրը ցույց կտա՝ ինչ անել: Եթե ձեռնարկությունն իր զարգացման ծրագրով ընդունելի տարբերակներ կառաջարկի բոլորի համար, այն ձեռք կտա կառավարությանը, գործարանին, համայնքին, մենք առաջ կգնանք: Դրա մեջ չգիտեմ՝ կլինի նոր պոչամբարի կառուցում, թե՞ պոչերի չորացման արտադրամաս, բոլորը որպես զարգացման ծրագիր պետք է ընդունելի լինի համապատասխան իրավասու մարմինների կողմից: Մեր գործարանն ուզում է, որ որոշումներն ընդունելի լինեն բոլոր կողմերի համար, փոխադարձ համաձայնությամբ աշխատենք»,- կարևորեց «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ի արտաքին կապերի բաժնի պետը:
«Նահատակ» պոչամբարի շուրջ կրքերը վերջին շրջանում այդպես էլ չեն հանդարտվում: «Ախթալա ԼՀԿ»-ն բարձրացնում է գործող «Նահատակ» պոչամբարի պատվարը: Շաբաթներ առաջ գյուղացիները բողոքի ակցիա էին արել՝ թույլ չտալով տեխնիկայի շարժը պոչամբար:
Գագիկ Շահնազարյանը պարզաբանում է՝ պատվարն այնքանով են բարձրացնում, որքան նախատեսված է ծրագրով: Իսկ պոչամբարի ռեկուլտիվացիայի աշխատանքներն ընթացքի մեջ են:
«Դա մի ժամում չենք կարող անել: Դա պրոցես է, հատուկ նախագիծ կա: 2 տարի կտևի»,- եզրափակեց նա:
Մանյա Պողոսյան