...

Կարող են տուգանել. արտակարգ իրավիճակ պոչամբարի շուրջ

Կարող են տուգանել. արտակարգ իրավիճակ պոչամբարի շուրջ

Կրկին փակել են տեխնիկայի շարժը դեպի պոչամբար

«Նահատակ» պոչամբարի շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվում: Արդեն մի քանի օր է՝ Լոռու մարզի Մեծ Այրում համայնքում արտակարգ իրավիճակ է: Այսօր էլ հերթական բողոքի ակցիան է: Առավոտյան մի խումբ բնակիչներ կրկին ստիպված փակել են տեխնիկայի շարժը դեպի պոչամբար: Այս մասին «ՉԻ»-ին փոխանցեց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը:

Երեկ նույնպես գյուղացիները փակել էին ճանապարհը և թույլ չէին տալիս, որ «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ն բարձրացնի պոչամբարի պատվարը:

«Այս ամենն արդեն նման է պրովոկացիայի: Բնակիչները կրկին ստիպված փակեցին տեխնիկայի շարժը դեպի պոչամբար այն դեպքում, երբ իրենք արդեն երկու օր է արտահայտում են իրենց դիրքորոշումը: Այսինքն՝ ընկերությունը հստակ իմանալով, որ գյուղացիները դեմ են պոչամբարի պատվարի բարձրացմանը, կրկին նույնն են անում»,- նշեց նա:

Գյուղացիներին ոստիկանություն են կանչել

Օլեգ Դուլգարյանը տեղեկացրեց, որ Մեծ Այրում է ժամանել ոստիկանության Լոռու մարզի Թումանյանի բաժնի պետի տեղակալը՝ կոչ անելով խնդրի կարգավորման նպատակով երկուշաբթի օրը երկու կողմին հանդիպել ոստիկանության բաժանմունքում։ 

Երեկ էլ գյուղ էր գնացել ոստիկանության Թումանյանի պետը:

«Նաև տուգանքների մասին է խոսվել: Ասել են, որ կարող են մարդիկ տուգանվել՝ մեքենան ոչ սահմանված վայրում կանգնեցնելու համար: Քաղաքացիները պնդել են, որ իրենք իրենց պահանջների տերն են, այսինքն՝ իրենց պահանջն է՝ օր առաջ ռեկուլտիվացնել պոչամբարը: Ոստիկանության պետն ասել է՝ եթե ուզում եք պոչամբարի պատվարի բարձրացման հետ կապված իմանալ, որ ամեն ինչ օրինական է, ապա դիմում կազմեք, և ոստիկանությունը դրանով կզբաղվի: Այնինչ ցանկանում եմ նշել, որ հանրային բնապահպանական դատարանի կողմից իրականացված վճիռը, որտեղ արտացոլված են պոչամբարի շահագործման բոլոր խախտումները, ուղարկվել են Դատախազություն»,- Facebook-ի իր էջի «լայվում» նշել է Օլեգ Դուլգարյանը:

Նրա պնդմամբ՝ գյուղացիները վճռական են տրամադրված: Այրումցիների պնդմամբ՝ պատվարի բարձրացումը կատարվում է առանց հաստատված նախագծի՝ մինչդեռ պոչամբարը պետք է վաղուց ռեկուլտիվացված լիներ: Պահանջում են օր առաջ ռեկուլտիվացնել պոչամբարը։

«Կասկածներ ունեմ, որ դա արվում է նրա համար, որպեսզի ակտիվիստների վրա ճնշում սկսեն իրականացնել վարչական վարույթներով: Ոստիկանապետի գյուղ այցելելը և այնտեղ ակտիվիստներին շտապ հավաքելը ընկալվել էր ակտիվիստների կողմից որպես հոգեբանական ճնշման մի ուրույն ձև: Իսկ գյուղացիները որևէ անօրինական գործողություն չեն արել, ավելին՝ կանխել են հերթական ապօրինությունը»,- նկատեց Դուլգարյանը:

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահի խոսքով՝ եթե պոչամբարը պետք է շահագործվի, բնակիչներն այդ ժամանակահատվածի համար փոխհատուցում են պահանջում շահագործող ընկերությունից:

Ի դեպ, մի քանի օր առաջ «Առնիկա» չեխական բնապահպանական հասարակական կազմակերպությունը և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն դիմել են և ՄԱԿ-ի մարդու իրավունքների համար էկոլոգիապես կայուն կառավարման հետևանքների և վտանգավոր նյութերի ու թափոնների վերացման հարցերով Հատուկ զեկուցողին՝ Հայաստանի հյուսիսում առկա իրավիճակի մասին նամակով ներկայացնելով «Նահատակ» պոչամբարի հետ կապված առկա իրավիճակն, առողջապահական և բնապահպանական խնդիրները Մեծ Այրում գյուղում:

Մանյա Պողոսյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ