...

Ի՞նչ է կատարվում «Նահատակ» պոչամբարի շուրջ

Ի՞նչ է կատարվում «Նահատակ» պոչամբարի շուրջ

Բնակիչներն ըմբոստացել են 

Լոռու մարզի Մեծ Այրում համայնքում գտնվող «Նահատակ» պոչամբարի շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվում:
Հերթական անգամ իրադարձություններ են ծավալվում:

Առավոտյան «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» տեխնիկան մտել է գյուղ: Այս մասին «ՉԻ»-ին հայտնեցին Մեծ Այրում համայնքի բնակիչները: Նրանց փոխանցմամբ՝ «Ախթալա ԼՀԿ»-ն բարձրացնում է պոչամբարի ափին գտնվող կառույցը: Համայնքի բնակիչների խոսքով՝ դա իրականացվում է պոչամբարի պատվարի բարձրացման նպատակով, ինչին իրենք կտրականապես դեմ են և կանգնել են, որպեսզի կասեցնեն աշխատանքները։

Քիչ անց Մեծ Այրումի բնակիչ, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրեց, որ Մեծ Այրումի բնակիչները հաղթեցին՝ պոչամբարի ափամերձ տարածքի բարձրացման աշխատանքները կասեցված են և տեխնիկան արդեն հեռանում է:

«Մեր կատարած միջոցառումները տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեցին»,- «ՉԻ»-ի հետ զրույցում մեկնաբանեց «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ի արտաքին կապերի բաժնի պետ Գագիկ Շահնազարյանը:

Գործարանի ներկայացուցչի պնդմամբ՝ այսօր անվտանգության միջոցառումներ են կատարվել, որը կապ չունի պատվարի բարձրացման հետ: Ասում է՝ մտածել են լավ բան անել, բայց վատ մեկնաբանության առիթ է դարձել:

«Խնդիրն ուղղված է պոչամբարի անվտանգության բարձրացմանը: Այսօր փորձում ենք աղբյուրներից հավաքվող ջրերը հեռացնել՝ պոչամբարում կուտակվող ջրերից: Այստեղ պատվարի բարձրացման խնդիր չկա: Այդ մասին մենք դիմել ենք կառավարությանը: Մինչև պոչամբարի ռեկուլտիվացիայի կատարումը մեզ անհրաժեշտ կլինեն ևս նման միջոցառումներ իրականացնել»,- նշեց նա:  

Ռեկուլտիվացիան կտևի ևս 2 տարի

Փետրվար ամսին կրկին զարգացումներ էին եղել: «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» հողով բարձված բեռնատարները փորձել են հողը տեղափոխել «Նահատակ» պոչամբարի տարածք և բարձրացնել պոչամբարի պատվարը։ Գյուղացիները, սակայն, թույլ չէին տվել որպեսզի տեխնիկան աշխատի: Դրանից հետո ընկերությունը խոստացել էր համայնքի բնակիչներին, որ այլևս պատվարի բարձրացում չի իրականացնելու, այլ սկսվելու է պոչամբարի ռեկուլտիվացման գործընթացը։

Գագիկ Շահնազարյանի պնդմամբ՝ պոչամբարի ռեկուլտիվացման աշխատանքներն ընթացքի մեջ են: Նախագիծը պատվիրել են, այն ավարտական փուլում է: Գործարանի ներկայացուցիչն ասում է, որ ռեկուլտիվացիան կտևի ևս 2 տարի:

«Մենք ուզում ենք սկսել ընթացիկ ռեկուլտիվացման աշխատանքները, որոնք պետք է արվեն: Այն, ինչ որ հիմա արվում է, վաղ թե ուշ պետք է արվեր, այդ աշխատանքները ռեկուլտիվացիայի վերջում էլ են արվելու: Մեր խնդիրն այն է, որ գործարանի աշխատանքներն ապահովենք և միաժամանակ կատարենք օրենքով սահմանված ընթացակարգերը՝ ռեկուլտիվացիան ավարտելով և այդ հարցը փակելով: Գնալով պոչամբարի շահագործումը կդադարի և ռեկուլտիվացիան ընթացքում կավարտենք: Ռեկուլտիվացիան իրենից ենթադրում է որոշակի շինարարական աշխատանքներ, այդ աշխատանքները կատարվում են միայն նախագծով: Նախագիծն անցնում է համապատասխան փուլեր, այդ թվում՝ հանրային լսումներ՝ համապատասխան կառավարման օղակներով: Կա համապատասխան թույլտվությունների շարք, որը պետք է ստանանք և միաժամանակ կատարենք»,- շեշտեց նա:

Այրումի բնակիչները պահանջում են ռեկուլտիվացնել պոչամբարը և իրենց փոխհատուցում տրամադրել՝ առողջությանը և գյուղատնտեսությանը պատճառված վնասների համար։

Մանյա Պողոսյան 

Լուսանկարները՝ Օլեգ Դուլգարյանի ֆեյսբուքի էջից

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ