...

Ընկերությունը շանտաժի է ենթարկում բնակիչներին

Ընկերությունը շանտաժի է ենթարկում բնակիչներին

Անօրինական ճանապարհով ուզում են պոչամբարը լցնել

«Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը» շանտաժի է ենթարկում Ախթալա խոշորացված համայնքի Մեծ Այրում բնակավայրի բնակիչներին:

Ընկերությունը մտադիր է «Նահատակ» պոչամբարի պատնեշը բարձրացնել, իսկ գյուղացիները դեմ են: «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատն» էլ գյուղացիներին սպառնում է, որ առանց աշխատանք կմնան:

«Սոցիալական շանտաժ է, երբ գյուղի բնակիչներին ասում են` եթե մենք հիմա չբարձրացնենք պոչամբարի պատվարը և չշարունակենք լցնել պոչամբարը թափոններով, ապա 600 հոգի աշխատանքից կազատվի: Իսկ Այրումից միայն 4-5 հոգի են կոմբինատում աշխատում, այսինքն՝ գործարանը կանգնելու է, և բոլորն աշխատանքից զրկվելու են: Գյուղացիների վրա են այդ սոցիալական պատասխանատվությունը բարդում»,- «ՉԻ»-ի հետ զրույցում տեղեկացրեց Մեծ Այրում համայնքի բնակիչ, «Համայնքային համախմբման և աջակցման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը:  

Ապրիլի 18-ին հանդիպում է տեղի ունեցել «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի, տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչների և Մեծ Այրումի բնակիչների մասնակցությամբ։

Օլեգ Դուլգարյանի փոխանցմամբ՝ բերել էին մի նախագիծ, որպեսզի համայնքի բնակիչները թույլատրեին «Նահատակ» պոչամբարի պատնեշը բարձրացնել ևս 30-80 սմ-ով։ Այնինչ պարզվեց, որ նախագիծ դեռ չկա՝ նախնական սխեմաներ են, որոնք պետք է ներկայացվեն փորձաքննության, հետո Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում արվեր և հետագայում արդեն ռեկուլտիվացիա կատարվեր։ 

«Պոչամբարը, ըստ Ախթալայի ԼՀԿ-ի, պոչերի չորացման և Շամլուղի բաց հանքում կուտակման նախագծի պետք է ռեկուլտիվացված և փակված լիներ 2020 թվականի մարտին: Սակայն այն չի փակվում և նախատեսվում է նրա պատնեշների բարձրացումը հետագա շահագործման համար առանց համապատասխան նոր թույլտվությունների և ռեկուլտիվացիայի պլանի։ Հիմա պետք է լրիվ արդեն փակված լիներ: Ապօրինի, առանց թույլտվության շահագործվել է և հիմա նույն կերպ ուզում են շահագործել: Այն գործում է անօրինական, և հիմա ուզում են համայնքի բնակիչների բանավոր համաձայնությունը ստանալ, առանց փորձաքննության, թույլտվության շարունակել բարձրացնել պատնեշը և լցնել «Նահատակի» պոչամբարը՝ ասելով, թե այլապես գործարանը կդադարի աշխատել»,- նշեց նա:

Բնափոխհատուցում են պահանջում 

Օլեգ Դուլգարյանի խոսքով, ըստ կոմբինատի ներկայացուցիչների, ստացվում է, որ դեռ 3 տարի էլ պոչամբարում պետք է պոչանքները կուտակվեն: Այրումցիները պոչամբարի անօրինական գործունեությանը համաձայն են միայն այն դեպքում, երբ իրենց փոխհատուցում տրամադրվի:

«Բնակիչները գիտակցելով, որ պոչամբարի հետագա շահագործումը լինելու է առանց նախագծի և իրենց առողջության հաշվին, մի պայմանով են միայն համաձայն, որպեսզի անօրինական կերպով պոչերը լցվեն, երբ յուրաքանչյուր բնակչի համար տրվի ամսական 30-50 հազար դրամի չափով բնափոխհատուցում մինչև պոչամբարի ռեկուլտիվացումը»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Բացի փոխհատուցման պահանջից, գյուղացիները կոմբինատին մի քանի պայման էլ են ներկայացրել: Պահանջում են պոչամբարի ռեկուլտիվացիան իրականացնել հնարավորինս շուտ՝ նախագծային փաստաթղթերի առկայությամբ, ինչպես նաև ներկայացնել պոչամբարի ռեկուլտիվացիայի պլանը ՇՄԱԳ քննարկման համար:

Օլեգ Դուլգարյանի խոսքով՝ չնայած ընկերության ներկայացուցիչները գյուղացիների փոխհատուցման պահանջին չեն արձագանքել, բայց մի քանի բնակիչների աշխատանքի տեղավորման առաջարկներ են արել: Նա ճիշտ չի համարում նման ձևաչափով խնդրին լուծում տալը:

«Գյուղացիները նշում են, որ համագյուղացիներից շատերը ընկերությունում աշխատելու առաջարկություն են ստանում, և դա գյուղում ստեղծում է ներքին լարվածություն մարդկանց միջև, քանզի մեծամասնությունը այդպիսով տեսնում է, որ տարբեր գործիքների կիրառմամբ անտեսվում է իրենց առողջ միջավայրում ապրելու իրավունքը, և դա արվում է իրենց պայքարը թուլացնելու համար: Եղել են մարդիկ, որ հրաժարվել են այդ առաջարկությունից»,- նկատեց նա:

Պոչամբարի մոտ ապրող երեխան խնդիրներ ունի

«Նահատակ» պոչամբարն արդեն տարիներ շարունակ գլխացավանք է դարձել Մեծ Այրումի համար: Բնակիչները մշտապես բարձրաձայնում են նաև իրենց առողջական խնդիրների մասին:

Օրեր առաջ էլ գյուղացիներից Արթուր Միկոյանն է ֆեյսբուք սոցիալական ցանցում ահազանգել, որ 5 տարեկան թոռան մոտ ի հայտ են եկել շնչառական խնդիրներ: Նա հայտնել է, որ բնակվում են պոչամբարից 200 մետր հեռավորության վրա և կասկածներ ունի, որ երեխայի մոտ առաջացած շնչառական խնդիրները կապված են պոչամբարից առաջացած թունավոր օդի հետ:

Ի դեպ, հիշեցնենք, որ մի քանի օր առաջ «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» տեխնիկան մտել էր գյուղ և փորձել բարձրացնել պոչամբարի ափին գտնվող աշտարակը: Գյուղացիները, սակայն, թույլ չէին տվել, որ տեխնիկան աշխատի:

«Նահատակի» ռեկուլտիվացման վերաբերյալ զրուցել էինք  «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ի արտաքին կապերի բաժնի պետ Գագիկ Շահնազարյանի հետ: Վերջինս փոխանցել է, որ այն ընթացքի մեջ է և կտևի ևս 2 տարի:

Այրումցիները զարմանում են, թե ինչու իրեն չի արդարացնում չոր պոչերի վերամշակման գործընթացը։ Ըստ նրանց հասած տեղեկությունների՝ պոչամբարի ռեկուլտիվացման գումարը վաղուց փոխանցված է պետությանը։

Մանյա Պողոսյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ