...

Արցախին ի՞նչ բնապահպանական վնասներ հասցրեց Ադրբեջանը

Արցախին ի՞նչ բնապահպանական վնասներ հասցրեց Ադրբեջանը

Ծայրահեղ վտանգավոր

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում Ադրբեջանի կիրառած քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակը Արցախի անտառներին ու կենսաբազմազանությանը մեծ վնասներ կհասցնի, «ՉԻ»-ի հետ զրույցում ասաց Բուսաբանության ինստիտուտի աշխատակից, հնեաբուսաբան Իվան Գաբրիելյանը:

Բացի այն, որ տվյալ զինատեսակի կիրառությունը միջազգային մարդասիրական իրավունքի, Ժնևյան, ինչպես նաև ՄԱԿ-ի կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում է, ֆոսֆորի կիրառությունը թույն է բույսերի և կենդանական աշխարհի համար:

«Այդ տարածքներում աճող բույսերը, ծառերը, թփուտները վտանգված են: Չեն կարող սերմեր առաջացնել: Հողը դառնում է բուսականության համար ոչ պիտանի: Բացի բույսերից, նաև հողի կազմն է ոչնչանում: Հողը զուտ հանքային նյութ չէ, օրգանական և անօրգանական նյութերի խառնուրդն է: Հողը կենդանի համակարգ է, որը ևս ոչնչանում է այդ քիմիկատի ազդեցության տակ: Եթե բակտերիաները մահանում են, չեն կարող սնունդ ապահովել նույն բույսերի արմատների աճի համար»,- սպիտակ ֆոսֆորի վնասակար հետևանքները ներկայացրեց մասնագետը:

Արդեն իսկ հրդեհված անտառների մերձակա արոտներում եղած կովերն անկել են: Փորձագետը նշում է, որ հրդեհված անտառների տարածքներում վտանգված են վայրի և ընտանի կենդանիները: Արցախի Մարտունու շրջանի Ննգի համայնքում, նախնական տվյալներով, արդեն այրվել է ավելի քան 150 հա անտառային տարածք:

Էկոցիդ՝ Արցախում

Ադրբեջանական կողմի՝ ֆոսֆորային զինատեսակների կիրառությունը ոչ միայն բնապահպանական վնասներ է պատճառում, այլև սպառնում է խաղաղ բնակիչների կյանքին: Սպիտակ ֆոսֆորը մարդու օրգանիզմին վնասներ է պատճառում ոչ միայն այրվածքների տեսքով, այլև կարող է առաջացնել տարբեր օրգան համակարգերի հիվանդություններ. նյարդային համակարգն է խաթարում, տեսողությունն է վնասում, որովհետև խախտում է բջջի կառուցվածքը։

«Սպիտակ ֆոսֆորը վտանգավոր է նաև սերունդների կյանքի համար: Այդ քիմիական նյութն ազդում է նաև գեների վրա՝ առաջացնելով մուտացիաներ, որոնք կարող են հետագա սերունդներում արտահայտվել: Բայց ամեն ինչը կախված է կիրառված ֆոսֆորի քանակից, թե ինչքան տարածքներում է կիրառվել և ինչ խտությամբ»,- նշեց նա:

Եթե սպիտակ ֆոսֆորը շատ է կիրառվել, այն կարող է բնության մեջ տասնամյակներով պահպանվել և անդառնալի հետևանքներ թողնել: Սակայն, մասնագետի պնդմամբ, քիչ քանակության դեպքում այն կարելի է մաքրել այլ քիմիական նյութերով:

Գաբրիելյանը նշեց, որ սպիտակ ֆոսֆորն ավելի երկար պահպանվում է հատկապես հողում և ստորգետնյա ջրերում:
Բնապահպանների կարծիքով՝ էկոլոգիական վտանգները չեն սահմանափակվի միայն Հայաստանի և Արցախի տարածքով, դրանք կարող են տարածվել ջրի, օդի միջոցով և տարածաշրջանային ազդեցություն ունենալ: Քամին նույն սպիտակ ֆոսֆորը կարող է տարածել հենց Ադրբեջանի տարածքում և այնտեղի բնությունը ոչնչացնել:

Ահազանգ՝ միջազգային բնապահպանական կառույցներին

Արցախում տեղի ունեցող էկոցիդի մասին հայաստանյան 50-ից ավել բնապահպանական կազմակերպություններ դիմել են միջազգային կառույցների:

«Բնության պահպանության միջազգային միավորում», «Բնապահպանական կոնվենցիաների» գրասենյակներ, անկախ հեղինակավոր բնապահպաններ Արցախում սպիտակ ֆոսֆորից վնասված կենսաբազմազանության նմուշներն այս և մի քանի այլ բնապահպանական կառույցների են ներկայացրել հայ մասնագետները:

«Էկոլոգիական» նախաձեռնության անդամ Արևիկ Մկրտչյանն ասում է, որ իրենց ձեռքի տակ Պաշտպանության և Շրջակա միջավայրի նախարարությունների տրամադրած նմուշներն են, որոնք միջազգային բնապահպանական կառույցներին կտրամադրեն: Բայց առաջինն այդ նմուշները միջազգային հեղինակավոր լաբորատորիաներ կուղարկեն, որպեսզի ոչ մի պետություն կասկածի տակ չդնի Ադրբեջանի կատարած բնապահպանական հանցագործությունը:

«Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը մի շարք կոնվենցիաներ են ստորագրել, որոնք միտված են մթնոլորտի, ջրի օդի, կենաբազմազանության պահպանմանը: Ակնկալում ենք, որ ոչ միայն այդ միջազգային կազմակերպությունները դատապարտեն Ադրբեջանի գործողություններն, այլև որոշակի գործողությունների դիմեն և բացատրություններ պահանջեն այդ երկրից: Չնայած ադրբեջանական կողմը հերքում է, որ քիմիական տարրեր պարունակող զենքի միջոցով հրդեհել է Արցախի անտառները. բայց հարց՝ ինչո՞ւ մենք պետք է մեր անտառներն այրենք»,- նշեց բնապահպանը:

Ոչ անտառներում, բայց ռազմական գործողությունների ընթացքում առաջին անգամ չէ, որ նման զինատեսակ է կիրառվում:

Աֆղանստան, Պաղեստին, Իրաք, Լիբանան, Սոմալի, Ուկրաինա, Եմեն. վերջին տասնամյակում այս տարածքներում ռազմական բախումների ժամանակ սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերք կիրառվել է։

Իսկ սպիտակ ֆոսֆորի՝ ռազմաօդային ճանապարհով քաղաքացիական ենթակառուցվածքների վրա օգտագործումն արգելված է Ժնևի կոնվենցիայով։

Մանյա Պողոսյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ