Արագիլները ոտքից գլուխ կեղտոտված են
Արագիլների դեպքում նախորդ տարվա աղետը կրկնվում է՝ դարձյալ կեղտոտվել են յուղոտ սև մածուկով:
Կենդանաբան Վասիլ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգել էր, որ Արմավիրի մարզի Երասխահուն համանքում արագիլներն աղտոտվել են:
«Տարածքի բներից շատերում անցած տարվա նույն խնդիրն է»,- իր հրապարակած լուսանկարներն այսպես է մակագրել նա:
Արագիլներ Երասխահունում շատ կան, գյուղացիների հաշվարկով՝ մոտ հազար ընտանիք:
Համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանը կեղտոտված մոտ 20 արագիլ տեսել է, բայց չի բացառում, որ ավելի շատ լինեն: «ՉԻ»-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ բարի արագիլների կյանքին վտանգ չի սպառնում: Ասում է՝ յուղոտված արագիլներն աշխույժ են, կարողանում են թռչել և կեր որսալ: Իսկ թե որտեղ կարող են սպիտակափետուր թռչունները սևացած լինել, չի կարող ասել:
«Անձրև էլ եկավ, բայց թռչունների վրայից սև կեղտը չանցավ: Ինչ-որ մի տեղ կեղտոտ ջուր կա: Մեր տարածքում կեղտոտ ջուր չկա, բայց թե որտեղ են կեղտոտվել, չեմ կարող ասել: Հասկանում եմ, որ յուղային մաս կա ջրում, որտեղ արագիլները կեղտոտվում են: Տարածքում ձկնաբուծարան էլ չունենք»,- փաստեց նա:
Այս օրերին յուղոտ սև մածուկով պատված արագիլներ նաև Արարատի մարզի Հովտաշեն համայնքում են նկատել: Համայնքի ղեկավար Սեյրան Փիլոսյանը վստահեցնում է, որ իրենց համայնքում բնադրած արագիլները կեղտոտված չեն:
Ինքն ու գյուղացիները աղտոտված թռչուններին դաշտերում են տեսել, որոնք թռել են տարբեր ուղղություններով, իսկ Հովտաշենում սևացած արագիլներ չունեն:
Իսկ անցյալ տարի հենց այս համայնքում բույն դրած արագիլների փետրուրները յուղանման զանգվածով պատվեց:
Նախորդ տարի այս օրերին Հովտաշենում և Արարատի մարզի մի քանի համայնքներում արագիլներ էին անկել՝ թռչունների փետուրների յուղոտ սև մածուկով աղտոտման հետևանքով: Թռչունները չէին կարողանում թռչել։
Մասնագետների, կամավորների ջանքերով աղտոտված արագիլները մաքրվել, կերակրվել էին։ Նախնական վարկածով էլ արագիլների աղտոտման պատճառը ձկնաբուծարանների ճարպոտ թափոններն էին:
Թռչունների աղտոտման պատճառները և մեղավորներին բացահայտելու նպատակով քրեական գործ էր հարուցվել: Շուրջ ինն ամիս տևած հետաքննությունը հանրությանը հուզող հարցի պատասխանը չտվեց: Հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ գործը կարճվեց: Հնարավոր չի եղել պարզել, թե արագիլների փետուրները որտեղ են աղտոտվել:
Հարցը լուրջ է, բացահայտել է պետք
Պատմությունը նորից կրկնվեց, քանի որ ոչ մի պետական կառույց ոչինչ չարեց անցած տարվա դեպքը բացահայտելու ուղղությամբ:
Հայաստանի թռչունների պահպանման միություն հասարակական կազմակերպության ղեկավար Մամիկոն Ղասաբյանի խոսքով՝ կրկնվում է անցած տարվա պատմությունը: Ըստ նրա՝ հարցը լուրջ է, պետք է բացահայտել պատճառը, տեսնել, թե որտեղ են կեղտոտվում։
«Եթե մեծ արագիլներ են կեղտոտվել, դա արդեն լուրջ հարց է: Անցյալ տարի փոքրեր էին աղտոտվել: Մեծ արագիլները գնում էին, ինչ-որ տեղ կեր հայթայթում, յուղային մասը քսվում էր իրենց, միայն նրանց կրծքավանդակի հատվածն էր սևացած: Հետո գալիս էին, բներին նստում ու ձագերին քսում: Անցյալ տարի ոտքից գլուխ յուղով պատված էին միայն ձագերը: Պատկերացնո՞ւմ եք, անցած տարի մոտ 150 արագիլ կար կեղտոտված, թե քանիսը սատկեցին՝ չեմ կարող ասել․ նույնն այս տարի է կրկնվում։ Հիմա նույն վիճակն է, ոտքից գլուխ կեղտոտված են, սա լուրջ բան է, ուսումնասիրել է պետք»,- նկատեց մասնագետը:
Կեղտոտված արագիլներ ոչ միայն այս տարածքներում են տեսել՝ Արմաշում, Զարթոնքում էլ են նման դեպքերի հանդիպել:
Թռչունների պահպանման միություն հասարակական կազմակերպության ղեկավարն անհանգստանում է, որ գնալով կարող են մեծ թվով արագիլներ նույն վիճակում հայտնվել:
Նրա խոսքով՝ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, Շրջակա միջավայրի նախարարությունն ու իրավապահ մարմինները պետք է զբաղվեն այդ հարցով՝ աշխատանքային խումբ ձևավորեն և պարզեն, թե որտեղ են թռչունները կեղտոտվում: Հակառակ դեպքում, ըստ Մամիկոն Ղասաբյանի, կարող ենք մեծ թվով արագիլներ կորցնել:
Աղտոտված արագիլներով զբաղվում են
Մասիսի շրջանի Հայանիստ համայնքի արագիլներն էլ են յուղոտված:
Շրջակա միջավայրի նախարարությունն արձանագրել է, որ խնդիրն ավելի ակնառու է Մասիսի տարածաշրջանի գյուղերում, իսկ դեպի Էջմիածին աղտոտված թռչունների թիվն անհամեմատ փոքր է: Փոխնախարար Վարդան Մելիքյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ մասնագետները շրջայց են կատարել Արարատի և Արմավիրի մարզերի այն համայնքներում, որտեղից ահազանգեր էին ստացվել արագիլների աղտոտման վերաբերյալ։ Նա հավաստիացրել է, որ առաջիկա օրերին կփորձեն հասկանալ՝ որն է թռչունների աղտոտման պատճառը, իսկ մինչ այդ մշտադիտարկումը կշարունակվի։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղյակ է Երասխահունի աղտոտված արագիլների մասին: Տեսչական մարմնի Իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Նաիրա Աղաբաբյանի փոխանցմամբ՝ մասնագետները խնդրի հետքերով գնացել են: Տարածքներում ուսումնասիրություններ են կատարվել, դեռ արդյունքները հայտնի չեն:
Մնում է հուսալ, որ պատկան մարմիններն այս տարի էլ գործը չեն «ջրի»: Առաջիկայում կիմանանք, թե ինչ նյութով են պատվում արագիլները, որ սպիտակ փետուրներից յուղոտ սև զանգվածը չի անցնում:
Ի դեպ, մեր երկրում բնադրվող 600-800 զույգ արագիլ կա:
Մանյա Պողոսյան