...

Սևանի ներկայիս իրավիճակը մեր վերաբերմունքն է էկոլոգիային

Սևանի ներկայիս իրավիճակը մեր վերաբերմունքն է էկոլոգիային

Կապույտ Սևանը դարձյալ կանաչել է: Շրջակա միջավայրի նախարարությունը արձանագրել է, որ այս պահին կապտականաչ ջրիմուռների ակտիվություն է դիտարկվում ինչպես մեծ Սևանի, այնպես էլ փոքր Սևանի հատվածներում։

Մասնագետները լճի «ծաղկման» հիմնական պատճառներ համարում են շոգն ու ջերմաստիճանի բարձրացումը, բայց հետազոտությունները ցույց են տվել, որ պատճառների թվում են լճում ֆոսֆորի պարունակության ավելացումը, ինչպես նաև ջրի մակարդակի տատանումները։

Ըստ Շրջակա միջավայրի նախարարության՝ 2019-ին մեկնարկած, Սևանի ափամերձ անտառածածկ հատվածների մաքրման աննախադեպ ծավալների շնորհիվ այս տարի լճում ֆոսֆորի կոնցենտրացիան անհամեմատ նվազել է։ Նախորդ տարվա ընթացքում ափամերձ հատվածներից մաքրվել է շուրջ 100 հեկտար անտառածածկ տարածք։ Այս տարի աշխատանքները կշարունակվեն։

Բնապահպանները արդեն մի քանի տարի է, ինչ բարձրաձայնում են այս խնդիրը և կանխատեսել էին, որ մի քանի տարի անց խնդիրը խորանալու է: 1964 թվականից ի վեր լիճը «ծաղկել» է, բայց այսչափ մեծ տարածքներ չի ներառել։

Բնապահպան Կարինե Դանիելյանը նկատում է՝ Սևանի խնդրի մասին հիշում են, երբ «ծաղկում» է: Իսկ այս խնդիրն արդեն 2 տարի է՝ լճում կա:

«Սա երկար տարիների հավաքված խնդիր է և տարիների լուծում է պահանջում: Այսինքն՝ լճի մակարդակը պետք է բարձրանա, մաքրման կայաններ լինեն, ափամերձ տարածքները և գետերը նույնպես պետք է մաքրվեն»,- «ՉԻ»-ի հետ զրույցում նշեց նա:

Արդեն սկսվել են Սևանա լճի ափամերձ հատվածներում 1901,5 մետր նիշից ցածր գտնվող, ապամոնտաժման ենթակա շենք-շինությունների քարտեզագրման և գույքագրման աշխատանքները։ Համայնքապատկան շենք-շինությունները կապամոնտաժվեն պետական միջոցներով։

Մասնավոր շենք-շինությունների սեփականատերերին արդեն իսկ ուղարկվել են համապատասխան ծանուցումներ՝ իրենց պատկանող շինությունները սեփական միջոցներով ապամոնտաժելու համար։

«Որոշ չափով արդեն այդ աշխատանքներն սկսվել են, բայց դա այնքան բազմակողմանի և տարիների կուտակված խնդիր է, որ մեկ տարվա մեջ լուծել հնարավոր չէ, բայց, իհարկե, պետք է շատ ավելի ակտիվ գործունեություն ծավալել»,- ասաց Կարինե Դանիելյանը:

Նրա խոսքով՝ էկոհամակարգը չի պահպանվում, Սևանա լճի համար մեծ խնդիր է նաև ձկնապաշարի նվազումը, ինչը ևս «ծաղկման» պատճառ է դարձել:

«Ձկնապաշարի նվազումը խնդիրներից մեկն է: Նաև մի փոքր կապված է կլիմայի փոփոխության հետ՝ ջերմաստիճանի բարձրացման, բայց հիմնականը 3 խնդիրներն են՝ մաքուր ջուր, ձկնային պաշարներ և ջրի մակարդակի բարձրացում»,- մատնանշեց մեր զրուցակիցը:

Բնապահպանության նախկին նախարարը շեշտում է, որ Սևանին սպառնացող վտանգների մասին միշտ ահազանգել է, բայց ապարդյուն:

«Սևանի ներկայիս իրավիճակը մեր վերաբերմունքն է էկոլոգիայի նկատմամբ՝ ինքնասպան վերաբերմունքը: Միշտ այդպես է եղել: Նախարար եղած ժամանակ 3 անգամ դիմում եմ գրել: Ճիշտ է՝ պատերազմի տարիներն էին, ուրիշ խնդիրներ էին առաջնային: Բայց հենց բերանս չբացած, ասում էին՝ Կարինե, բան չասես: Այսպես ենք անելու և վերջ, էկոլոգիան մի կողմ»,- հիշեցրեց նա:

Հավելենք նաև, որ Շրջակա միջավայրի նախարարության կողմից որպես հրատապ լուծում պահանջող միջոցառումներ ընտրվել են 3-ը՝ Գեղարքունիքի մարզից դեպի լիճ կեղտաջրերի հոսքի կանխարգելում, ընդերքօգտագործման թափոններով զբաղեցրած տարածքների ռեկուլտիվացիա և Սևանա լճի ջրհավաք ավազանի աղտոտված գետերի հուների մաքրման աշխատանքների իրականացում։

Շրջակա միջավայրի նախարարությունը վստահեցնում է, որ լճի կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հիմնախնդիրը գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները: Թե որքան հավատ է ներշնչում նախարարության մտահոգությունը, ցույց կտան կատարած աշխատանքները, երբ կապուտակ լիճը կանաչ գույն չի ստանա:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1156 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ