Շարունակվող որսագողություն
Թեև 2006 թվականից արգելված է սիգ տեսակի ձկան որսը, բայց մինչ օրս էլ որսագողությունը շարունակվում է:
Արդեն տևական ժամանակ է՝ հանրապետության տարբեր շրջաններում ջրի գնով սիգ է վաճառվում: 7-8 հատ միջին չափսի սիգը 1000 դրամով վաճառքի է հանված: Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը զայրանում է՝ մանրաձուկ որսալ չի կարելի: Նրա խոսքով՝ իրենք արդեն երկար տարիներ բարձրաձայնում են, որ ձվադրման շրջանում՝ գարնանը և ամռանը, սիգ չի կարելի որսալ, սակայն, որսագողությունը շարունակվում է:
«Մենք առաջարկել ենք, որ ձուկ չորսան, բայց չեն անում: Գոնե ձվադրման սեզոնին չորսան: Ոչ մի հսկողություն չկա: Ոնց որ առաջ էր, հիմա էլ է նույնը, փոփոխություն չկա այդ հարցում: Կլոր տարին ձուկ են որսում՝ չեն նայում չափս, ձվադրման շրջան է, թե՝ ոչ: Հետո էլ զարմանում են, թե ինչի է ձուկը քչացել և մանրացել, խեցգետինը քչացել: Ոչ վերահսկելի որս է կատարվում: Ավելի ճիշտ՝ որսագողություն է կատարվում: Եթե չունեն թույլտվություն նշանակում է, որ գողանում են, որսագողություն է տեղի ունենում: Վաճառողներին, որ հարցնում ենք, ասում են՝ մենք ինչ անենք, հանում են, բերում, մեզ տալիս, հո չենք թափելու: Պետք է չթողնեն մանրաձուկը որսալ»,- «ՉԻ»-ի հետ զրույցում նշեց մասնագետը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել էր, որ ձկան որսի մաֆիա է գոյություն ունեցել: Չնայած այս հայտարարությանը՝ կառավարությունը լճում ձկան որսն արգելելու ուղղությամբ ոչինչ չի արել, հակառակ գործընթացն է սկսել՝ օրինականացնելով սիգի որսը: Պիլոտային ծրագրով նախատեսվում է թույլատրել 150 տոննա ձուկ որսալ: Բացի այս, քննարկման է ներկայացված այս տարվա որսի չափաքանակի կառավարության որոշման նախագիծը: Թույլատրվելու է 500 գրամից ոչ պակաս սիգի արդյունագործական որս 200 տոննայի սահմանում, իսկ կարասի որս՝ անսահմանափակ: Որսը նախատեսվում է թույլատրել ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերի 17 տեղամասերում 2020 թվականի մարտի 15-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում:
«Նախարարը չգիտեմ, թե ինչ է մտածել այս մասին: Եթե նորմալ նախարար լիներ, որսագողության դեպքերին ուշադրություն կդարձներ և խնդրին լուծում կտար: Դե թող անտառ կտրողներին էլ թույլ տան և ասեն, որ մեկ է՝ հատում են ծառերը: Ինչի՞ չեն ասում, ի՞նչ տարբերություն ծառն էլ է ազգային հարստություն, սիգն էլ: Երկուսն էլ պետական սեփականություն են: Մի հատ կտրած ծառ են բռնում, տուգանում են, իսկ ձկան դեպքում, ասում են՝ մեկ է, մարդիկ իրենց կարիքների համար որսում են»,- նկատեց Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենը:
Այս առիթով հայտարարությամբ է հանդես եկել նաև Շրջակա միջավայրի նախարարությունը. կոչ է անում զերծ մնալ Սևանա լճում մանրաձուկ որսալուց, քանի որ այս պահին ընթանում են համալիր միջոցառումներ՝ Սևանա լճում ձկնապաշարների վերականգնման և կենսապաշարի օգտագործման կանոնակարգման վերաբերյալ։
«Արգելված պտուղի» բացահայտ կողմերը
Ըստ Գաբրիելյանի՝ միայն կոչ անելով չէ, այլ հատուկ ռազմավարություն է պետք մշակել:
«Թող բռնեն տուգանեն: Ձկնորսներին կոչ անելով՝ հարցը կլուծվի՞: Տարիներով կոչ են արել, բայց բան չի փոխվել: Ժողովրդին կոչ են անում դիմակներ կրել, ինչի՞ չեն կրում: Պետք է համալիր ծրագիր մշակել՝ հաշվի առնելով նաև տարածքի սոցիալ-տնտեսական վիճակը: Մեզ միայն նամակ են ուղարկում, թե քննարկենք: Մենք կարծիք են հայտնում, քննարկում ենք անում, իրենք նստած փող են աշխատում»,- ասաց նա:
Ի դեպ, հաշվարկների համաձայն, եթե 2018-ին սիգի արդյունագործական պաշարը լճում գնահատվել է շուրջ 740 տոննա, ապա 2019թ. այն նվազել է 9.5 %-ով՝ հասնելով 660 տոննայի: Իշխանի պաշարները 2017-ին գնահատվել են մոտ 17 տոննա, իսկ 2018-2019 թթ. իշխանի պաշարները 1-1,5 տոննայի սահմաններում են: Նվազել է նաև կարասի պաշարը:
Թեև արգելված է Սևանա լճից սիգի որսը, սակայն, միևնույն ժամանակ Հայաստանում վաճառվում է սիգ ձկան պահածո:
Պահածոյացված սիգ արտադրող ընկերություններից է «Գալիլիա» ՍՊԸ-ն, ինչպես նաև «էկո ֆուդ»-ը, «Համլետ Հովսեփյան» ԱՁ-ն, «Հարությունյաններ հայր և որդի» ընկերությունը և այլն:
Բնապահպաններն ու մասնագետները տարիներ շարունակ բարձրաձայնում են լճի խնդիրների մասին, մատնանշում ձկան քիչ պաշարները: Հիմա էլ կրկին Սևանի ծաղկումը սկսվել է: Մասնագետները պրոցեսը կապում են նաև ձկան որսի հետ, ուստի պետք է ձկնորսությունը լճում բացառել:
Փորձեցինք պարզել, թե այս հարցում ինչ քայլեր են ձեռնարկում իրավապահները: Ոստիկանությունից փոխանցեցին, որ հարցերին միայն գրավոր կպատասխանեն:
Մանյա Պողոսյան