...

Իմիտացիա չստեղծել

Իմիտացիա չստեղծել

Վաճառվող սիգ տեսնելիս քաղաքացին կզանգի՞ իրավապահներին

«SOS Սևան» նախաձեռնության անդամ, բնապահպան Սիլվա Ադամյանը չի կարծում, թե սիգի որսի օրենքով արգելման դեպքում, ապօրինի ձկնորսությունը կդադարի: Նրա համոզմամբ՝ ցանկացած դեպքում օրենք խախտողներ միշտ էլ լինում են:

Բնապահպանը նաև հավատացած է, որ քաղաքացիների՝ սիգ վաճառելու վերաբերյալ պատկան մարմիններին դիմելու դեպքում էլ խնդիրը չի լուծվելու: Նրա խոսքով՝ պետք չէ ամեն ինչ բարդել հասարակության ուսերին:

«Հասարակության մոտ 20-30 տոկոսը, հավանաբար, կահազանգի, որ դրսում սիգ են վաճառում: Մնացածներն ուղղակի շատ անտարբեր կանցնեն դրա կողքով: Բացի այդ, հասարակության մի մասը պատճառաբանում է, որ սիգը Սևանի ավազանի բնակչության մեծ մասի ապրուստի միջոցն է: Ես տեսա ձկնորսների բողոքը, նրանք վրդովված են, որ իրենց թույլ չեն տալիս որս անել: Եթե սոցիալական տեսանկյունից նայենք, խնդիրն այդպես չպետք է լուծել: Ձկնորսներին, ձկնավաճառներին այլընտրանք պետք է առաջարկել՝ նրանց լուծման այլ տարբերակ պետք է առաջարկել»,- «ՉԻ»-ի հետ զրույցում նշեց նա:

Սևանն էկոլոգիապես մահանում է

Սիլվա Ադամյանի խոսքով՝ սիգի մանրաձկան որսը կարող է մահաբեր լինել Սևանի համար: Ձկան պակասի հետևանքով լիճն էկոլոգիապես մահանում է: Արդեն մի քանի տարի է՝ Սևանը նաև «ծաղկում» է:

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի՝ մանրաձկան որսի արգելքի հայտարարությունից հետո, ձկնորսներն ու ձկնավաճառները փակեցին Երևան-Սևան միջպետական ճանապարհը: Ձկնորսները դժգոհում են, որ նոր պայմանագրով առաջարկվող ուռկանների չափերով ձկնորսություն իրականացնելիս անհնար է վերահսկել 500 գրամից քիչ քաշ ունեցող ձկների որսը: Հետևաբար, ձկնորսները ակամայից դառնում են ապօրինություն գործողներ և անխուսափելիորեն պետք է պատասխանատվության ենթարկվեն:

«Ո՞նց պետք է ձկնորսները մինչև 0,5 կգ ձկան որսը կազմակերպեն: Ո՞նց պետք է անեն՝ պետք է բռնեն, հետո բաց թողնեն: Գիտնականները պնդում են, որ գոնե 2 տարի այնպես պետք է անեն, որ ձկնապաշարներն ավելանան, որից հետո Սևանի ավազանի այդ նույն բնակիչները կկարողանան օգտվել ձկնապաշարներից: Սևանի ավազանում բազմաթիվ սրճարաններ կան, հանրային սննդի կետեր, որոնք հիմնականում ձկան ուտեստներ են մատուցում՝ անխնա ոչնչացնելով սիգի պաշարները: Չեմ կարծում, որ հանրության ահազանգից հետո խնդիրը կկարգավորվի: Ճիշտ է՝ կգտնվեն մարդիկ, որոնք կդիմեն պատկան կառույցներին, բայց խնդիրը պետք է պետական մակարդակով լուծվի: Նախևառաջ պետք է հնարավորության տալ, որ ձուկը բազմանա: Հիմա մեր երկրում այնպիսի սոցիալական վիճակ է ստեղծվել, որ սպառողներն էժան վաճառվող սիգի վերաբերյալ դժվար թե բողոքեն: Եթե պետությունն, իրոք, ուզում է ՝ այդ խնդիրը լուծվի, ուղղակի վիզուալ տպավորություն չի ուզում ստեղծել, գոնե պետք է մեկ տարի խստությամբ հետևել ձկնապաշարների որսին»,- ասաց մասնագետը:

Սիլվա Ադամյանը ԳԱԱ գիտնականների պնդումներն է հիշատակում, որ Սևանա լիճը վատ վիճակում է:

«Արտոնագրային որսի դեմ բողոքող ձկնորսն ասում է, թե ներքին ինֆորմացիա ունեն, որ ձկան պաշարները շատ են, բայց դա այսպես չէ: Ես և լճի ձկնապաշարների քանակն ուսումնասիրող գիտնականներն այդ կարծիքին չենք, դրա համար պետք է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել: Չստեղծել իմիտացիա: Սա իմիտացիա կարելի է անվանել»,- հավելեց նա:

«SOS Սևան» նախաձեռնության անդամն ակնկալիքներ չունի, որ ապօրինի որսագողության դեմը կարող են առնել: Ըստ նրա՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն էլ չունի համապատասխան ուժեր, մասնագետներ, տեխնիկա, որ կարողանա իր առջև դրված խնդիրն իրագործել:

Այս ամենը և երկրի սոցիալական վիճակը հաշվի առնելով՝ բնապահպանը չի կարծում, որ որսագողության դեմ պայքարը կաշխատի:

Ի դեպ, հաշվարկների համաձայն, եթե 2018-ին սիգի արդյունագործական պաշարը լճում գնահատվել է շուրջ 740 տոննա, ապա 2019թ. այն նվազել է 9.5 %-ով՝ հասնելով 660 տոննայի: Իշխանի պաշարները 2017-ին գնահատվել են մոտ 17 տոննա, իսկ 2018-2019 թթ. իշխանի պաշարները 1-1,5 տոննայի սահմաններում են: Նվազել է նաև կարասի պաշարը:

Նշենք, որ «Չորրորդ իշխանությունը» մի քանի հրապարակմամբ էր հանդես եկել սիգի որսի վերաբերյալ՝ ներկայացնելով, որ ջրի գնով սիգ է վաճառվում:

Օրեր առաջ Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը հայտարարեց, որ 7 սիգը 1000 դրամով է վաճառվում, ինչն անընդունելի է:

Պետրոսյանը կոչ է արել 0,5 կգ թեթև մանրաձուկ չորսալ: Իսկ իրավագիտակից քաղաքացիներին էլ հորդորել է մանրաձուկ չգնել և հանդիպելու դեպքում՝ ահազանգել պատկան մարմիններին:

Նախարարի պնդմամբ՝ չեն հանդուրժելու ապօրինի ձկնորսությունը, չափորոշիչներով սահմանված արգելված ձկնաչափերի որսը Սևանա լճում և սահմանված նորմերի շրջանցումը:

Սիգի որսի մինչև 200 տոննայի թույլտվություն կա: Ռոմանոս Պետրոսյանի պահանջն առաջացրել էր ձկնորսների վրդովմունքը:

Նկատենք, որ թեև 2006 թվականից արգելված է սիգ տեսակի ձկան որսը, բայց մինչ օրս էլ որսագողությունը շարունակվում է:

Իսկ օգոստոսի 10-ին ԱԱԾ-ն տեսանյութ էր հրապարակել, որտեղ ներկայացվում էին Սևանա լճից շուրջ 127 տոննա ձկների ապօրինի արդյունահանման հանցավոր սխեմայի մանրամասները։

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   910 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ