...

Բիզնեսը տարանջատել քաղաքականությունից. կոչ

Բիզնեսը տարանջատել քաղաքականությունից. կոչ

«Ռեստորանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հաղորդագրություն էր տարածել, որում Հայաստանում գործող հասարակական սննդի և հյուրընկալության ոլորտի գործարարներն իրենց խորը մտահոգությունն են հայտնում ՀՀ առողջապահության նախարարության կողմից նոր սահմանափակումների հնարավոր ներմուծման կապակցությամբ:

Նրանք համարում են, որ «կառավարության շարժառիթներն ունեն բացառապես քաղաքական հիմք», սահմանափակումները ունեն կենսական վտանգ իրենց ոլորտի համար, և կոչ են անում չխոչընդոտել բիզնեսի համար կենսական նշանակություն ունեցող սեզոնի սկիզբը գործարկելուն, զերծ մնալ չմտածված գործողություններից և տարանջատել քաղաքականությունը, առողջապահությունը և բիզնեսը։

Թեմայի շուրջ «ՉԻ»-ն զրուցել է հանրային սննդի ոլորտի փորձագետ, ռեստորատոր Աշոտ Բարսեղյանի հետ:

- Պարոն Բարսեղյան, Հայաստանում գործող հասարակական սննդի և հյուրընկալության ոլորտի գործարարները կոչով հանդես եկան, որով իրենց մտահոգությունն են հայտնում ՀՀ առողջապահության նախարարություն կողմից նոր սահմանափակումների հնարավոր ներդրման կապակցությամբ: Ի՞նչ եք կարծում իրավիճակն այն աստիճանի է հասել, որ պետք է նման քայլի գնալ:

- Մենք արդեն մեկ տարի է՝ ապրում ենք կորոնավիրուսի հետ: Ինձ թվում է, որ վիրուսի պիկն արդեն անցել ենք, և արդեն բոլորին պարզ է, որ կորոնավիրուսը համաշխարհային լավ գործիք է դարձել մանիպուլյացիաների համար: Իմ խորին համոզմամբ՝ մեր կառավարությունը ևս ցանկանում է օգտագործել այդ գործիքը՝ հասարակական ընդվզման դեմ: Վիրուսը հիմա փորձում են որպես քաղաքական գործիք օգտագործել, որովհետև հնարավոր չէ մեկ օրվա ընթացքում տասն անգամ վիրուսի դեպքերն ավելանան: Այս ամենը նման է բեմականացման: Եվս մեկ անգամ պետք է նշեմ, որ նախարարների մեծամասնությունը չի տիրապետում իրենց վստահված ոլորտներին, ունեն խորհրդատվության պակաս: Բայց, այնուամենայնիվ, իրենք զբաղեցնում են բարձր պաշտոն: Մենք տեսանք, որ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի հեռանալուց հետո այս նորանշանակ նախարարը նույնիսկ մասնագիտական կապ չունի իրեն վստահված ոլորտի հետ: Եվ այս ամեն ինչը նմանվում է քաղաքական գործողությունների: Հանրային սննդի բիզնեսմենները կոչ են անում քաղաքականությունը դուրս բերել բիզնեսի և մյուս ոլորտներից: Եվս մեկ անգամ կոչ ենք անում, որ բիզնեսն ու առողջապահությունը զերծ պահեն քաղաքականությունից: Մեր ոլորտին վերաբերող երկու օրինագծեր կան, որոնք ուղիղ տնտեսական հարված են հասցնում բիզնեսին, դրանք հակածխախոտային և հակաալկոհոլային նախագծերն են: Այս օրինագծերը կյանքի կոչվելու դեպքում հանրային սննդի ոլորտը տուժելու է, բայց քաղաքական շահերից ելնելով, իշխանություն դրանք ամեն գնով փորձում է կիրառության մեջ դնել՝ առանց լսելու ոլորտի գործարարներին:

- Նոր սահմանափակումների դեպքում ի՞նչ խնդիրներ են առաջանալու այս ոլորտում:

- Մենք մեկ տարի է՝ սպասում ենք, թե երբ է վերականգնվելու տնտեսությունը: Այս ընթացքում մենք կորցրել ենք մեր շրջանառության մի մասը: 2020 թվականին 2019-ի համեմատ մեր շրջանառության 30 տոկոսն է կատարվել: Շուրջ 1000 հասարակական սննդի օբյեկտ ժամանակավորապես փակվել է, մոտ 100-200 օբյեկտ էլ լուծարվել է: Իսկ մնացածները պարզապես գոյատևում են սեփականատերերի միջոցների հաշվին՝ չցանկանալով, որ աշխատատեղերը կրճատվեն՝ բնակչությանը թողնելով գործազուրկ: Հիմա ինչ է կատարվում, եթե այս սեզոնն էլ բաց թողեցինք, այլևս չենք կարող մեր շրջանառությունը վերականգնել: Հույս ունենք, որ կարող ենք հենց այս սեզոնին սկսել փող աշխատել և պարտքերը ծածկել: Եթե այս սեզոնն էլ «հարամ» արեցին և չթողեցին, որպեսզի սկսենք բնականոն աշխատել, ծանր վիճակում ենք հայտնվելու: Իրենք ոչ թե պետք է նոր սահմանափակումներ մտցնեն, այլ պետք է էկոնոմիկայի նախարարության տուրիզմի վարչությունն ամեն ինչ անի, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունից զբոսաշրջիկներ ներգրավվեն: Ապրիլ-հունիս ամիսներին մենք կարող ենք հազարավոր զբոսաշրջիկներ ընդունել, որովհետև մեծ է հավանականությունը, որ ՌԴ-ից զբոսաշրջիկներ կգան: Բոլոր ջանքերը պետք է ուղղվեն հենց այս ուղղությամբ: Մենք անդառնալի կորուստներ կկրենք, եթե նոր սահմանափակումներ լինեն, և բոլոր գործարարները պատրաստ են ընդվզման: Ես չեմ տեսնում մարդ, որը գործիքակազմ կունենա այդ խնդրի դեմն առնելու համար:

- Դեռ նախորդ տարի «լոքդաուններ»-ի հետևանքով հանրային սննդի ոլորտի շրջանառությունը նվազեց: Այս ընթացքում որքանո՞վ է հանրային սննդի օբյեկտների շրջանառությունը վերականգնվել:

- Հանրային սննդի ոլորտը շրջանառությունը կարողացել է վերականգնել ոչ ավել, քան 50 տոկոսով, սա էլ հետպատերազմյան շրջանում, երբ փոքր-ինչ սկսվել է հաղթահարվել սթրեսային իրավիճակը: Հիմա եղանակը բարենպաստ է, և մենք մոտենում ենք մեր սովորական 30-50 տոկոս շրջանառությանը: Եթե զբոսաշրջությունը վերականգնվի, հանրային սննդի շրջանառությունը նույնպես կավելանա: Եթե դա չլինի, ոլորտի համար շատ տխուր է լինելու: Զբոսաշրջիկներ այցելելու դեպքում էլ ամբողջությամբ շրջանառությունը չի վերականգնվի, նման հույս չունենք: Սակայն, եթե բիզնեսի շրջանառությունը կարողանանք վերականգնել 60-70 տոկոսով, կարող ենք արձանագրել, որ ոլորտը փրկել ենք:

- Պարոն Բարսեղյան, «լոքդաուններ»-ից հետո քիչ չէին գործարարները, որոնք հայտարարեցին, որ իրենց բիզնեսը փակման եզրին է, որոշ բիզնեսներ հենց այդ ընթացքում էլ փակվեցին: Հիմա ի՞նչ վիճակագրություն ունեք: Այս ընթացքում որևէ ռեստորան, հանրային սննդի այլ օբյեկտ փակվե՞լ է կամ ֆինանսական ծանր վիճակո՞ւմ են:

- Ստույգ թվեր չկան, բայց իմ գնահատականներով բիզնեսմենները ֆինանսական ծանր վիճակում են: Վարկային միջոցներ են ներգրավում, որպեսզի կարողանան բիզնեսն աշխատեցնել, որովհետև ծախսածածկույթը շատ դժվար է հասնում, վարձավճարները դեռ շարունակում են բարձր մնալ: Պետությունը սուբսիդիաներ չի տրամադրում: Պետությունը պետք է կարողանա արտոնություններ սահմանել, օրինակ, հետաձգել շրջանառության հարկի ժամկետներ, սոցվճարներ: Հասկանում ենք, որ տնտեսությունը վատ վիճակում է, և այդ հարկերն անհրաժեշտ են պետությանը, բայց դրանք ուղղակի քամում են մեր եկամուտը: Նշեմ նաև, որ ոլորտը մասսայաբար նվազեցրել է աշխատավարձը: Բիզնեսը եկամուտ չի ակնկալում, բայց գոնե փորձում են այնպես անել, որ աշխատատեղերը չկորցնեն, բիզնեսը պահեն քիչ թե շատ աշխատող վիճակում: Այն ռեստորաններն ու հյուրանոցները, որոնք փակվել են, բոլոր աշխատատեղերը կրճատվել են: Ես, ցավոք, չունեմ, տվյալներ, թե հանրային այդ սննդի կետերը փակվելու հետևանքով ինչքան մարդ է կորցրել աշխատանքը:

- Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելուն ուղղված կառավարությունը քայլեր ուղղեց ՓՄՁ-ներին: Արդյոք այդ քայլերով իրավիճակը մեղմացա՞վ: Օգտվողներ եղա՞ն այդ ծրագրերից: Ինչպե՞ս եք գնահատում այդ ծրագրերի արդյունավետությունը:

- Որոշ գործարարներ օգտվեցին վարկային ծրագրերից, բայց դա վարկ է և պետք է վերադարձվի: Եվ վերջին ծրագիրը, որն ուղղված էր բիզնեսին, դրանից որոշ չափով օգտվողներ եղան, դա համեմատաբար ամենարդյունավետ ծրագիրն էր, այդ միջոցառման շնորհիվ գործարարները կարողացան վարկ վերցնել և աշխատակիցներին վարձատրել: Հիշում եք՝ նախորդ տարի գործարանները բողոքի ակցիա կազմակերպեցին, ի պատասխան, կառավարությունը հասկացավ, որ խնդիրներ կան և փորձեց այն կարգավորել:

Կառավարությունը նախաձեռնեց տարատեսակ միջոցառումներ, որոնք միտված էին տնտեսվարողների ծանրացած բեռի թեթևացմանը, բայց, անկեղծ ասած, ոչ մի ծրագրի էֆեկտիվությունը զգալի չէր, և ես շարունակում եմ մնալ իմ այն համոզմունքին, որ պետությունը պարտավոր էր կատարել ուղիղ ներգործություն` ներելով հարկերի և տուրքերի մասով պարտավորություններ, սահմանել աշխատակիցների հարկադիր պարապուրդի վճարման այլ կանոնակարգ: Մենք նաև հասկացանք, որ ֆորս մաժորի (անհաղթահարելի ուժի ազդեցության) մասով հարկավոր է կատարել օրենսդրական փոփոխություն:

Մենք պահանջում ենք, որ կառավարությունը հեռանա, որպեսզի հասարակական համերաշխություն լինի: Կառավարությունը պաշտոնյաններին իր նեղ շրջանակից է ընտրում, իսկ դա նշանակում է, որ հետագայում ևս մենք կառավարման համակարգում արհեստավարժ մասնագետներ չենք ունենալու: Իսկ սա իր հերթին կհանգեցնի նրան, որ պետական համակարգը լինելու է գերքաղաքականացված, իսկ մենք չենք կարող թույլ տալ, որ տնտեսական ոլորտը լինի քաղաքականացված: Էկոնոմիկայի նախարարի հայտարարությունները պոպուլիստական են, որոնք հասարակության մեջ շատ սուր են ընկալվում: Հակառակ խոստացած վարդագույն ապագայի՝ մենք ստացել ենք փլուզվող տնտեսություն:

Մանյա Պողոսյան 

«Չորրորդ իշխանություն», թիվ 10, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ