...

Փակ են եղել, բայց վարձերն ուզում են

Փակ են եղել, բայց վարձերն ուզում են

«Սուրմալուի» աշխատակիցները տարակուսում են

Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ անցած երկու ամիսներին չաշխատած տոնավաճառի աշխատակիցներից վարձավճարներ են պահանջում: «ՉԻ»-ին ահազանգեցին «Սուրմալու» տոնավաճառի աշխատակիցները:

Նրանք բողոքում են, որ հարկադիր պարապուրդի ժամանակ տոնավաճառի տնօրինությունը պահանջում է, որ տաղավարների վարձավճարների 70 տոկոսը վճարեն:

«Մեզանից վարձերը պահանջում են մոտ 28-30 տոկոս զեղչով՝ մինչդեռ մենք գիտենք, երբ պարետի որոշումով առևտրի կետերը փակ են լինում, վարձավճարներ չեն տալիս: Օրինակ, եթե ամսական վարձավճարը 200000 դրամ է կազմում, ապա վարձը վերցնում են 140000-160000 դրամ: Տարբեր տաղավարներ տարբեր արժեքներ ունեն: Մենք ընդհանրապես 55 օր չենք աշխատել»,- դժգոհեց տոնավաճառի աշխատակիցը:

Տարակուսում են, որ մնացած տոնավաճառների աշխատակիցներից վարձավճարներ չեն պահանջում: Իսկ իրենց պարտավորեցնում են չաշխատած ժամանակահատվածի համար վճարել հագուստի և կոշկեղենի տաղավարների վարձերը:

««Փեթակն» ասել է, որ ոչ մի կոպեկ մի մուծեք: «Առինջ մոլն» էլ է հայտարարել, որ չեն պատրաստվում տաղավարների վարձավճարները վերցնել: «Մալաթիա», «Երևան» տոնավաճարներն էլ ոչ մի կոպեկ փող չեն վերցնում, բայց «Սուրմալուն» ուզում է: Տոնավաճառի տնտեսական և մթերային բաժինները մասամբ աշխատել են, իսկ հագուստը «կատեգորիկ» չի աշխատել: Մարդիկ նեղվում են, որ փող չեն աշխատել, բայց պետք է վճարեն: Մենք ուզում ենք մեր վարձերը տալ, բայց գումար չունենք, չենք աշխատել: Փակ ենք եղել, ուզում ենք հասկանալ՝ չաշխատելու դեպքում պարտավո՞ր ենք 70 տոկոս վճարել»,- ասաց նա:

51 տոկոս չկա

«Սուրմալու» տոնավաճառի տեղամասի պետ Վարդան Մանուկյանը հակադարձում է: Նրա պնդմամբ՝ պայմանագրով նախատեսված 100 տոկոսի փոխարեն վարձավճարները 30-50 տոկոսի չափով են վերցնում:

«Վարձավճարները պարետը թողնում է իմ և իմ աշխատողների՝ վարձակալների պայմանագրի համաձայն: Պետությանը հարկ ենք վճարում, որտեղի՞ց բա պետք է վճարենք: Պետությանը հո չե՞նք թողնի նենց, որ ամեն մեկս չտանք, թողնենք, ի՞նչ կլինի, ո՞նց են թոշակ տալու, դրա մասին էլ պետք է մտածել»,- ծիծաղելով պատասխանեց տոնավաճառի ներկայացուցիչը:

Դիտարկմանը, թե մյուս տոնավաճառները տաղավարների վարձակալության գումարները չեն վերցնում, արձագանքեց. «Մնացածների հետ ես ի՞նչ գործ ունեմ, քուրս: Ով ոնց կանի՝ կհավաքի, թե չի հավաքի: Ես գործ ունեմ իմ ՍՊԸ-ների հետ: Մենք զրուցել ենք, ժողով ենք արել: Ես վարձով մարդկանց տուն եմ տվել, հլը 100 տոկոս չեմ գանձել, մի հատ էլ իրենք են շնորհակալ, որ 30-ից մինչև 50 տոկոս եմ վերցրել: 51 տոկոս չկա: Կան վարձակալներ, որ եկել են մոտս: Անհատական մոտեցում ենք ցույց տվել: 50 տոկոս է եղել, իջեցրել ենք 40-ի»:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   3057 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ