Առողջապահության նախարարի կոչը՝ մահվան դատավճիռ
Ռեստորանների հայկական միության նախագահ Վահե Գևորգյանը դժվարանում է ասել, թե Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի սրճարան-ռեստորան չայցելելու կոչից հետո հաճախորդների հոսքն ինչքան է նվազել:
Նրա խոսքով՝ արտակարգ դրություն հայտարարելուց հետո արդեն իսկ հաճախորդների քանակը կրճատվել է. այսօր 10-15 տոկոս են կազմում այցելությունները:
«Առանց այն էլ շատ ծանր վիճակում գտնվող հանրային սննդի ոլորտի համար այս հայտարարությունը վերջին հարվածն էր: Վաճառքների բազմապատիկ անկման պայմաններում մի կերպ գոյատևող հանրային սննդի ընկերությունների համար նման կատեգորիկ կոչը մահվան դատավճռի է նման՝ ոլորտում ներգրավված տասնյակ հազարավոր մարդկանց համար աշխատանքի կորստի անխուսափելի հետևանքներով»,- «ՉԻ»-ի հետ զրույցում մատնանշեց Ռեստորանների հայկական միության նախագահը:
Ռեստորանները կարևորում են հանրային առողջությունը, հետևում պարետատան կողմից սահմանված բոլոր կանոններին: Ըստ Գևորգյանի՝ երբ կա թույլատրված գործունեություն, չի կարող բիզնեսի որևէ ոլորտ թիրախավորվել և մարդկանց կոչ անել չօգտվել այդ ծառայություններից:
«Այդ կոչը սխալ ենք համարում: Մենք չենք համարում, որ գործող պայմաններում հանրային սննդի ոլորտն է հանդիսանում վարակի տարածման աղբյուր։ Եթե պարզ խոսենք, չկա որևէ դեպք, գոնե պաշտոնապես հայտարարված, որ, օրինակ, որևէ հանրային սննդի, ոլորտի ընկերություններից այսինչի մոտ դեպք է եղել, ինչի պատճառով վարակը տարածվել է։ Այսինքն` բռնկման մասին խոսք չի եղել։ Առանց այն էլ այդ ռեստորաններում մարդկանց հոսքը նվազել է, նման թիրախավորումը տեղին չէ»,- շեշտեց նա:
Վահե Գևորգյանի ներկայացմամբ՝ այսօր հանրային սննդի ոլորտը ճգնաժամի մեջ է: Որպեսզի ռեստորանները կարողանան ծախսերը փակել, առնվազն պետք է 75 տոկոս շրջանառություն ունենան, բայց այսօր այն 10-15 տոկոս է կազմում: Իսկ սա նշանակում է, որ ռեստորանները մինուսով են աշխատում:
«Պետք չէ մեզ շփոթել առաքման ծառայությունների հետ, դրանք այլ ծառայություններ են և մեզ հետ կապ չունեն: Դրանք միջնորդ ծառայություններ են և գումար են աշխատում՝ ծառայություն մատուցելով: Իսկ մեր դեպքում վիճակը ծանր է: Եվ ավելի շատ վիճակը ծանր է հայկական խոհանոցի ռեստորաններում: Այստեղ շրջանառությունը նույնիսկ 5-7 տոկոսի է հասնում: Ռեստորաններն աշխատում են բացասական հաշվեկշռով՝ թեև մեկ-երկուսը կարող են բացառություններ կազմել: Շատ ռեստորաններ կան, որոնք բացօթյա հատվածներ չունեն, իսկ մարդիկ այսօր հիմնականում նախընտրում են նստել բաց տարածքներում: Այն ռեստորանները, որոնք չունեն բաց տարածքներ, այդտեղ վիճակը շատ վատ է: Այստեղ շրջանառությունը չի հատում անգամ 5 տոկոսի շեմը»,- նկատեց փորձագետը:
Վնասով են աշխատում
Ունենք նաև փակված ռեստորաններ: Գևորգյանը ցավով է փաստում, որ որոշ գործարարներ ժամանակավորապես դադարեցրել են իրենց գործունեությունը ռեստորանային բիզնեսում:
««ՍԵԳԱՖՐԵԴՈ» սրճարանների ցանցից մեկ-երկուսն արդեն փակվել են: «Ծիրանի» ռեստորան կա հայտնի, որը նույնպես փակվել է: Մի քանիսն էլ մտածում են՝ փակեն, թե՝ ոչ: Որոշ հայտնի ռեստորաններ, որոնք մինչև հիմա փակ են եղել, սեփականատերերը մտածում են՝ բացեն, թե ոչ»,- արձանագրեց մեր զրուցակիցը:
Իսկ ռեստորանների փակվելը ծանր հետևանքներ է ունենալու, քանի որ այս ոլորտը մեծաթիվ աշխատատեղեր ունի:
Հանրային սննդի ոլորտն ուղիղ աշխատանքով է ապահովում 35 հազար մարդու, եթե դրան ասոցացված աշխատատեղերն էլ դիտարկենք, խոսքը գնում է մոտ 60-70 հազար աշխատատեղի մասին: Հանրային սննդի ոլորտը մուլտիպլիկատիվ էֆեկտ ունի, և վերջինիս անկումը բացասական հետևանքներ է թողնելու տնտեսության մյուս ճյուղերի վրա:
Թեև ռեստորանային բիզնեսը բաց է, բայց այն առնվազն 50 տոկոս վնասով է աշխատում:
«Ընկերություններ ունենք, որոնք 1000 աշխատող ունեն և չեն կրճատել իրենց աշխատակիցներին, հարյուրավոր աշխատողներ ունեցող բազմաթիվ ռեստորաններ, սրճարաններ կան, որոնք աշխատակիցներին չեն կրճատել և վճարում են նրանց, առաքման ծառայություններ ստեղծում՝ աշխատակազմն ու իրենց բրենդը պահելու համար, բայց մարդիկ մինուսով են աշխատում»,- ասաց Գևորգյանը:
Այսօր ռեստորանները պատրաստ են կրկին ժամանակավորապես չաշխատել, միայն թե կորոնավիրուսով վարակվածների թիվը նվազի: Միության նախագահը, սակայն, նկատում է՝ ճգնաժամը երկար է տևելու, անգամ հիվանդության դեպքերի թվի կրճատման դեպքում էլ զբոսաշրջության հոսքերն առաջվանը չեն լինելու: Իսկ այդ դեպքում ռեստորանային բիզնեսը դժվար թե կարողանա ճգնաժամը հաղթահարել:
Մանյա Պողոսյան