...

Ռեստորանային ոլորտում 60-65%-անոց անկում է

Ռեստորանային ոլորտում 60-65%-անոց անկում է

«ՉԻ»-ի զրուցակիցն է ռեստորատոր, հանրային սննդի ոլորտի փորձագետ Աշոտ Բարսեղյանը:

- Պարոն Բարսեղյան, պարետի որոշմամբ արդեն գործում են հանրային սննդի օբյեկտերը: Ի՞նչ դիտարկումներ ունենք, ինչպե՞ս են աշխատում: Կարողանո՞ւմ են շրջանառություն վերականգնել: Հաճախորդներ ունեն: Այս ընթացքում որքանո՞վ հանրային սննդի օբյեկտների շրջանառությունը նվազեց:

- Ռեստորանային ոլորտը պատրաստ էր կոշտ կարանտինի դեռ արտակարգ դրություն հայտարարելու առաջին օրվանից՝ մարտ ամսից, և այդ օրերին բոլոր ռեստորանները պատրաստակամություն հայտնեցին անհրաժեշտ ժամանակով փակվել և վերաբացվել բոլոր հարկավոր գործողությունների կատարումից հետո: Բայց, ցավոք սրտի, մենք ականատես եղանք վիրուսի տարածման թերի կառավարման հետ և որպես հետևանք ունեցանք այն, ինչ կատարվում է այսօր` երկիրը և տնտեսությունը արդեն չորրորդ ամիսն է, գտնվում են անհասկանալի և անկանխատեսելի իրավիճակում: Մենք չտեսանք տրամաբանական գործողությունների հերթականություն, ինչի հետևանքով վերաբացումից ի վեր նույնիսկ մոտավոր չի վերականգնվում հաճախորդների հոսքերի փոքր մասը:

Միաժամանակ, տնտեսվարողի ուսերին են մնացել բոլոր ծախսային հոդվածները իրենց ամբողջ ծավալով: Պետությունը չառաջարկեց օգնության էֆեկտիվ ծրագրեր, արդյունքում ունենք բազում փակված ռեստորաններ: Ռեստորանների շրջանառությունը մնում է շատ ցածր մակարդակի վրա և չունի վերականգնման միտում: Հաշվի առնելով տուրիզմի և միջոցառումների չեղարկումները՝ կարող ենք ֆիքսել տարեկան շրջանառության 60-65 տոկոսանոց անկում: Խոսքը հարյուրավոր միլիոն դոլարների հասնող գումարային կորուստների մասին է:

- Մինչև հանրային սննդի օբյեկտների գործունեության վերահսկումը՝ հայտարարում էիք, որ այս ոլորտը վտանգի տակ է: Որոշ տնտեսվարողներ փակման եզրին են, կրճատում են աշխատակիցների թիվը: Հիմա ի՞նչ վիճակագրություն ունեք:

- Մեր ոլորտի առաջին փակման դեպքը գրանցվեց հենց արտակարգ դրության առաջին ամսվա ընթացքում և ցավով պետք է արձանագրեմ, որ փակումները շարունակվում են: Ոլորտում արդեն արձանագրվում է աշխատավարձերի անկում և աշխատատեղերի կրճատում: Ի պատիվ մեր կոլեգաների՝ պետք է արձանագրեմ, որ բոլոր տնտեսվարողները աշխատում են պահել բոլոր աշխատակիցներին, հերթափոխային համակարգով հրավիրելով նրանց աշխատանքի:

- Վերջին օրերին ռեստորաններում ընդհատակյա միջոցառումներ կազմակերպելու դեպքեր են բացահայտվում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ կորոնավիրուսի տարածման աղբյուր են իր ձևակերպումով ասած ընդհատակյա հարսանիքները, հոգեհացի արարողությունները: Ռեստորանատերերը պարետի որոշումները հաշվի չե՞ն առնում։

- Միջոցառումների առումով գործում է արգելք և, ինչպես գիտեք, մի շարք ռեստորանների սեփականատերեր, միավորվելով կազմակերպիչների, աստղերի, երաժիշտների և մոջոցառումների կազմակերպման այլ ընկերությունների հետ, անցկացրեցին բողոքի ակցիա կառավարության առջև՝ պահանջելով թույլատրել անցկացնել միջոցառումներ: Պետք է ֆիքսեմ մեկ փաստ` միջոցառումների անցկացման պահանջարկը շարունակում է մնալ ստաբիլ և ինչպես տեղեկացանք` տեղի են ունենում տարբեր ֆորմատների արարողություններ: Ինձ հայտնի չեն կանոնը խախտող ռեստորաններ: Բայց, ինչպես ես երկու օր շարունակ Ազգային Ժողովում տարբեր խմբակցությունների հետ հանդիպման ժամանակ նշել եմ` մեր ոլորտին և տնտեսությանը ընդհանրապես խիստ անհրաժեշտ է կանխատեսելիություն, և տնտեսվարողները պետք է հստակ իմանան արտակարգ դրության վերացման օրացույցը:

- Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելուն ուղղված կառավարությունը քայլեր ուղղեց ՓՄՁ-ներին: Արդյո՞ք այդ քայլերով իրավիճակը մեղմացավ: Օգտվողներ եղա՞ն այդ ծրագրերից:

- Կառավարությունը նախաձեռնեց տարատեսակ միջոցառումներ, որոնք միտված էին տնտեսվարողների ծանրացած բեռի թեթևացմանը, բայց, անկեղծ ասած, ոչ մի ծրագրի էֆեկտիվությունը զգալի չէր, և ես շարունակում եմ մնալ իմ այն համոզմունքին, որ պետությունը պարտավոր էր կատարել ուղիղ ներգործություն` ներելով հարկերի և տուրքերի մասով պարտավորություններ, սահմանել աշխատակիցների հարկադիր պարապուրդի վճարման այլ կանոնակարգ՝ հավասարեցնելով այն մինիմալ փաթեթի շեմին, ներումներ նախատեսեր սոցվճարների մասով: Մենք նաև հասկացանք, որ ֆորս-մաժորի (անհաղթահարելի ուժի ազդեցության) մասով հարկավոր է կատարել օրենսդրական փոփոխություն՝ այլ երկրների օրինակով:

Մանյա Պողոսյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ