Ռեստորանների սեփականատերերն իշխանությանը խնդրում են վերանայել բիզնեսի համար առաջարկած հակաճգնաժամային փաթեթը։ Պնդում են՝ հակառակ դեպքում ամբողջ ոլորտը կարող է սնանկության հասնել։
Իշխանությունը որոշել է բիզնեսին հարկային արձակուրդ չտալ։ Սակայն պատրաստ է օգնել հարկեր վճարելու գործում` համաֆինանսավորելու է արտոնյալ վարկերը։
Հանրային սննդի ոլորտն առաջիններից տուժեց կորոնավիրուսից: Եվ այն ակնկալիքները, որ ունեին բիզնեսի այս տեսակի ներկայացուցիչները, ի չիք դարձան:
«Քամանչա» և «Արմատ» ռեստորանների սեփականատեր Արեգ Գևորգյանը «ՉԻ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվելուց հետո այցելուների քանակն իսկույն նվազել է: Անվտանգությունից ելնելով՝ ռեստորանները ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը: Այս պահին միայն «Քամանչա» ռեստորանի առաքման ծառայությունն է գործում:
«Առաքման ծառայությունով ռեստորանները կարող են հոգալ միայն նվազագույն ծախսերը: Ըստ էության՝ մի քանի աշխատակիցների աշխատավարձի վճարում և վերջ: Այս ամիսների ընթացքում մեր ոլորտի համար եղել է պասիվ շրջան, որի ժամանակ բնականաբար աշխատել ենք վնասով: Սկսվում էր ակտիվ շրջանը, որի ժամանակ պետք է վնասները վերականգնեինք, բայց ստեղծված իրավիճակի պատճառով կորցրեցինք այն: Եթե համեմատում ենք նախորդ ամիսների առևտրի ծավալների հետ, ունենք առևտրի 95 տոկոս անկում»,- նկատեց բիզնեսմենը:
Կառավարությունը որոշել է պետական աջակցության մեխանիզմներ մշակել այս ոլորտներում գործող այն ՓՄՁ-ների համար, որոնց տարեկան շրջանառությունը 2019-ի ընթացքում կազմել է 24-ից մինչև 500 մլն դրամ: Որոշում է կայացվել, որ այն ընկերությունները, որոնք կորոնավիրուսի տարածման ժամանակ ու դրանից առաջ (հունվարի 1-ից ապրիլի 1-ը) չեն կրճատել աշխատակիցներին, պետությունից գումար կստանան նրանց աշխատավարձ վճարելու համար։
Մինչդեռ ոլորտի ներկայացուցիչները խնդրում են վերանայել իրենց ոլորտին վերաբերող առաջարկները։
«Առավել տուժած ոլորտներին աջակցելու համար հարկավոր են ավելի լայնածավալ գործողություններ: Ամեն ինչ անկանխատեսելի է, և դա հայաստանյան ռեստորաններին թույլ չի տալու լիարժեք օգտվել այդ վարկային ծրագրերից: Վստահ եմ՝ շատ ռեստորաններ, սրճարաններ ճարահատյալ կօգտվեն այդ վարկային ծրագրերից: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ վարկը, որը տրվում է որպես աջակցություն՝ ռեստորանների բեռը հավելյալ ավելացնելու է: Եթե անգամ լավագույն սցենարով գնանք և 1-2 ամսից սկսեն ռեստորաններն աշխատել, ցանկացած դեպքում ամբողջ վաճառքի շուկան փոխված է լինելու։ Ռեստորաններն աշխատելու են շատ ավելի վատ պայմաններում, բայց հաստատուն ծախսերի ավելի մեծ բեռով»,- նշեց նա:
Արեգ Գևորգյանի խոսքով՝ եթե ոլորտը պահպանելու ցանկություն կա, պետք է հանրային սննդի ոլորտի տնտեսվարողների համար երկարաժամկետ աջակցություն տրամադրել:
«Իրականում, հասկանալի է, որ Հայաստանը մեծ ռեսուրսներ ունեցող երկիր չէ, որ գնա, օրինակ, ԱՄՆ-ի ճանապարհով: Համենայնդեպս, կարծում եմ, որ այս քայլերը չեն բերի ցանկալի արդյունքի: Այս քայլերը չեն փրկի ոլորտը փլուզումից: Կոչ եմ անում դիտարկել հարկային արձակուրդի կամ հին հարկատեսակին վերադառնալու հնարավորությունը»,- նշեց գործարարը:
Կառավարությունը հակաճգնաժամային փաթեթներ է ներկայացրել՝ թիրախային ոլորտներին աջակցելու նպատակով: Հյուրանոցները դրանց ցանկում են: Պետության ձեռնարկած քայլերից մեկով ռեստորանների, հանրային սննդի այլ օբյեկտների, հյուրանոցների, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների, տուրիստական ընկերությունների աշխատակիցները կստանան 68000-136000 դրամ միանվագ փոխհատուցում: Ռեստորանատերը կարևոր է համարում այս ծրագիրը, բայց ասում է՝ դա էլ երկարաժամկետ առումով խնդրի լուծում չէ:
«Վաղ թե ուշ, եթե այս ոլորտը սկսեց անկում ապրել, նրանք կորցնելու են իրենց աշխատանքը: Կառավարությունը չի կարող անվերջ նրանց աջակցել: Միակ լուծումն աջակցությունն է բիզնեսին, որ այն կարողանա ապահովել աշխատատեղեր և վճարել աշխատավարձեր։ Ամեն դեպքում հասկանալի է, որ այս պահին տրված են ժամանակավոր լուծումներ, քանի որ Հայաստանի առջև կանգնած վտանգը առաջնային է և դրա լուծումից հետո կարծում եմ, կառավարությունը կանդրադառնա վերը թվարկված խնդիրներին՝ ավելի ֆունդամենտալ մոտեցումներով»,- կարևորեց մեր զրուցակիցը:
Ի դեպ, նշենք, որ «Արմատ» ռեստորանն իր գործունեությունը սկսել է 2017 թվականից: «Քամանչա»-ն ռեստորանային բիզնեսում հայտնվել է 2019 թվականին: Ռեստորաններում աշխատում է հիսուն աշխատակից։
Մանյա Պողոսյան