...

Դիահերձարանը բարձիթողի վիճակում է. պարզաբանում

Դիահերձարանը բարձիթողի վիճակում է. պարզաբանում

Երևանի դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղի տարածքը, որտեղ ուղարկվում են կորոնավիրուսի հետևանքով մահացած մարդկանց մարմինները, բարձիթողի վիճակում է:

Մահացածների հարազատները «ՉԻ»-ին ահազանգեցին, որ ամբողջ տարածքով մեկ դիմակներ ու ձեռնոցներ են փռված:

Լցված աղբամանը հենց այն հատվածում է, որտեղից դուրս են բերվում մահացածների աճյունները և փոխանցում հարազատներին:

Երևանի դատաբժշկական գիտագործնական կենտրոնից պարզաբանում են՝ օրը 2 անգամ բակը մաքրում են, բայց չեն կարող անպատասխանատու քաղաքացիներին ստիպել տարածքը չկեղտոտել:

«Սովորաբար հավաքարարները առավոտյան և երեկոյան մաքրում են: Օրվա ընթացքում, օրինակ, Հերացու փողոցի վրա, մի քաղաքացի դիմակը կարող է հանել և գցել, ո՞վ է դրա պատասխանատուն: Մեր հավաքարարներն այստեղ էլ, այնտեղ էլ, աշխատում են: Բայց քաղաքացիների դաստիարակության և պատասխանատվության համար մենք չենք կարող պատասխանատվություն կրել: Այնտեղ այնքան մեծ է շարժը, որ մեր աշխատակիցները ֆիզիկապես էլ չեն կարող հասցնել մաքրել կամ էլ քաղաքացիներին խնդրել, որ մաքուր պահեն տարածքը»,- մեկնաբանեց աշխատակիցը:

Բայց միակ խնդիրն աղբը չէ: Քաղաքացիների խոսքով՝ դիահերձարանն անմխիթար վիճակում է գտնվում:

«Տեղյա՞կ եք, որ շինության դուռը այնքան նեղ է, որ դագաղը միայն կողքի թեքած վիճակում է դուրս գալիս այնտեղից: Մահացածի իրերը սովորական ծակ տոպրակով հանձնում են հարազատներին, և մարդիկ չեն կողմնորոշվում՝ ինչ անել դրանց հետ (մի կողմից վախենում են մեքենայի մեջ դնել, մյուս կողմից՝ չեն կարող պարզապես վերցնել և դեն նետել), և այսպիսի հարցերը կարելի է շարունակ թվարկել: Այդտեղ տիրող իրավիճակը պարզապես սարսափելի է»,- մանրամասնեցին մեր զրուցակիցները:

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն արձագանքում է՝ դիահերձարանն այս պահին վերանորոգման փուլում է:

«Դիահերձարանը վերազինվում է հատուկ կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացածներին դիահերձելու նպատակով: Ինչ վերաբերում է նշված խնդիրներին, ես կխոսեմ՝ կշտկեն: Հարազատները պետք է հաշվի առնեն, որ դա դիահերձարան է»,- նշեց խոսնակը:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2249 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ