...

Ճգնաժամից բարգավաճող բիզնես

Ճգնաժամից բարգավաճող բիզնես

Նոր կյանք՝ նոր բիզնես 

Կորոնավիրուսը ստիպել է նոր բիզնես հիմնել: Երբ վիրուսի տարածումը կանխելու համար տարածքների ախտահանումը պարտադիր դարձավ, զուգահեռ հայտարարությունների տեղադրման կայքերում նոր ծառայության անուն հայտնվեց: Այսօր համացանցը ողողված է տարածքների ախտահանման վերաբերյալ մատուցվող ծառայությունների հայտարարություններով:

«VCM Clean» ընկերությունը մեկն է դրանցից, որն իր ախտահանման ծառայության մասին հայտարարություններ է տեղադրել:

Այս ընկերությունը, սակայն, շուկայում նոր չէ: Արդեն երկար տարիներ զբաղվում է քիմիական մաքրմամբ: Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված այդ գործը կաղեց: Բայց մաքրման ծառայություն մատուցող ընկերությունը չտուժեց: 

Վարակը թելադրեց շարժվել խաղի նոր կանոններով: Տարածքների ախտահանման համար անհրաժեշտ նոր սարքավորումներով վերազինվեցին և մոտ 2 ամիս է՝ կոմերցիոն տարածքների ախտահանմամբ են զբաղվում: Վարակազերծում են բանկերի, վարկային կազմակերպությունների, բանկոմատների տարածքներ, գեղեցկության սրահներ:

«Պահանջարկն առաջացրեց նաև առաջարկ, և ստացվեց գործը: Թե՛ մտածելու, թե՛ ժամանակի առումով մեր բախտը բերեց: Առաջիններից էինք, որ նմանատիպ հայտարարություններով հանդես եկանք: Մենք բնակելի տարածքների ախտահանմամբ չենք զբաղվում՝ զուտ ծանրաբեռնվածության պատճառով: Դրանք ավելի մեծ ծավալ են կազմում, ֆիզիկապես և ռեսուրսների մասով չունենք այդքան անձնակազմ, իսկ ոչ պրոֆեսիոնալ ծառայություն չուզեցինք մատուցել»,- «ՉԻ»-ի հետ զրույցում նշեց ընկերության տնօրեն Մելիք Մելոյանը:

Ախտահանմամբ զբաղվող ընկերության ղեկավարը վստահեցնում է՝ աշխատում են միայն բարձրակարգ, սերտիֆիկացված նյութերով: Օգտագործում են նաև եվրոպական և ամերիկյան նյութեր, բայց նախապատվությունը տալիս են հայկականին՝ այս կերպ խթանելով տեղական արտադրանքը:

«Հատուկ ծխանյութեր ենք օգտագործում: Այնպես ենք անում, որ գույքը չփչացնենք, հետքեր չմնան: Պարետատան որոշումով նշվում է, որ 60-70 տոկոս սպիրտային կամ քլորային լուծույթով պետք է ախտահանում կատարել, բայց մակերևույթներ կան, որ դրանցից փչանում են: Փայտից հատակը, համակարգչի ստեղնաշարն այնպիսի նյութերով պետք է մաքրել, որ չվնասվեն»,-  նկատեց նա:

Սնկի պես աճել են 

Իսկ ոչ պրոֆեսիոնալ ծառայություններ մատուցողներ հնարավոր է շատ լինեն:

Քանի որ Մելիք Մելոյանի խոսքով՝ այս օրերին ախտահանման ծառայություններ մատուցող բազմաթիվ կազմակերպություններ են հիմնվել: Նա առցանց տիրույթում տեղադրված հայտարարություններից հաշվարկել է, որ ախտահանում կատարող մոտ 100-150 նորաստեղծ կազմակերպություններ են բացվել: Որպեսզի ծառայությունից օգտվողը կարողանա ճիշտ կողմնորոշվել լայն ընտրության մեջ, խորհուրդ է տալիս առաջին հերթին ստուգել նյութերը՝ սերտիֆիկացվա՞ծ են, թե՞ ոչ:

«Այստեղ կարևորը ոչ այդքան շատ մասնագիտական պրոֆեսիոնալությունն է, որքան նյութերի որակը: Չեմ ուզում փնովել, բայց շատերն այդ ընկերությունների ծառայությունից օգտվում են և դժգոհ են լինում, հետո մեզ մոտ են գալիս: Որ մենք էինք նոր հիմնվել և նեղ մասնագիտական ծառայություն էինք մատուցում, նման հայտարարություն տեղադրում էին 1-2 ընկերություն, որոնք ախտահանմամբ են զբաղվում: Հիմա շատ-շատ են: Կարող է նորերի մի մասն էլ մեր նման վերափոխվել են և նախկինում էլ են նման աշխատանքով զբաղվել»,- մատնանշեց տնտեսվարողը:

Ի՞նչ արժե ախտահանումը

Իսկ ախտահանման գները որոշվում են քառակուսի մետրով՝ կախված նյութերի որակից և տարածքի ծանրաբեռնվածությունից: Ախտահանման արժեքը մեկ քառակուսի մետրը տատանվում է 100-500 դրամի սահմաններում:

«Բանկը կամ խորհրդակցությունների սենյակը չեն կարող լինել նույն արժեքով, որովհետև բանկի ծանրաբեռնվածությունն ավելի մեծ է, քան ինչ-որ դահլիճի: Բոլոր ընկերությունների մոտ էլ գրեթե նույն գներն են: Եթե աշխատանքը նորմալ նյութերով են անում, նյութի ծախսը աշխատանքի 60-70 տոկոս է կազմում: Իսկ, եթե հանենք աշխատավարձը, մնացած ծախսերը, եկամուտը կազմում է մոտ 5-10 տոկոս»,- նոր բիզնեսի եկամուտը հաշվարկում է տնօրենը:

Գործազրկության այս իրավիճակում նոր գործը շահութաբեր է համարում: Քիմմաքրման և ախտահանման դեպքում նույն գումարն է աշխատում: Ասում է՝ նոր հանգամանքներում եկամուտ չստանալու դեպքում էլ բարի գործ են անում: Այս ընթացքում եղել են դեպքեր, երբ ընդառաջել են իրենց հաճախորդներին և առանց վարձատրության վարակազերծել տարածքները:

Միայն մայրաքաղաքի տարածքով չեն սահմանափակվում, Գորիսից մինչև Վանաձոր պայմանագրեր ունեն կնքած:

Մանյա Պողոսյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1238 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ