...

Հուլիսի կեսից կկարողանանք սահմանները բացել

Հուլիսի կեսից կկարողանանք սահմանները բացել

Այս տարվա տուրիստական սեզոնին Հայաստանը հայտնվել է խաղից դուրս վիճակում:

Արդեն իսկ բախվել ենք դաժան իրականությանը՝ Վրաստանը պաշտոնապես հայտարարեց, որ չի բացի Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ համարվում ենք այսպես ասած «կարմիր գոտի»։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը հույսը չի կորցնում, որ իրականացվող միջոցառումների արդյունքում կկարողանանք հաղթահարել համավարակը և դուրս կգանք այսպես կոչված «կարմիր գոտուց»։ Նա հույս ունի, որ հաջորդ ամսվա կեսից կկարողանանք հետևել մի շարք երկրների փորձին և սահմանները կբացենք զբոսաշրջիկների առաջ:

«Մինչև այդ մենք պետք է ամեն ինչ անենք, որ վերականգնենք ներքին զբոսաշրջությունը: Ներքին զբոսաշրջությունը սկսելը և զարգացնելը ինչպես անհրաժեշտություն է, այնպես էլ հնարավորություն է, կամ հակառակը: Ներքին զբոսաշրջության զարգացումն առիթ է, հնարավորություն լավ ճանաչելու, բացահայտելու մեր հայրենիքը, մեր ժառանգությունը Հայաստանում, Արցախում: Սա շատ կարևոր է»,- «ՉԻ»-ի հետ զրույցում նշեց փորձագետը:

Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ Հայաստանը հարևան Վրաստանի զբոսաշրջության համար եղել է հիմնական դոնոր երկիրը: Ըմբռնումով է մոտենում Վրաստանի քաղաքականությանը:

«Բոլորն էլ առաջին հերթին անվտանգությունն են գերադասում: Հայաստանից մեծ քանակությամբ զբոսաշրջիկներ են Վրաստան գնում: Համաշխարհային շուկայի համար Հայաստան-Վրաստան շատ դեպքերում դիտվում են որպես մեկ զբոսաշրջային վայր՝ միասնական փաթեթով, և սահմանը փակ լինելու դեպքում և՛ Վրաստանը, և՛ Հայաստանը զբոսաշրջիկներ են կորցնում: Սա նույնպես պետք է հաշվի առնել: Հուսանք, որ մեզ մոտ իրավիճակը կգնա դեպի լավը, իսկ վրացական իշխանություններն այս ամենը հաշվի կառնեն: Կարծում եմ՝ արդյունքում բալանսավորված որոշում կընդունեն»,- նկատեց մեր զրուցակիցը:

Տուրիստական գործակալություններն արդեն սկսել են ներքին տուրեր կազմակերպել՝ պահպանելով համաճարակային կանոնները: Մեխակ Ապրեսյանը նշում է՝ այս իրավիճակում շատ կարևոր է, որ զբոսաշրջային գործակալությունները նաև պահպանեն բարեխիղճ մրցակցության կանոնները՝ ցածր որակ առաջարկելով՝ դեմպինգ չանեն:

«Պետք է բարեխիղճ մրցակցեն, հարկերը վճարեն: Սա շատ կարևոր է: Այս պահին շատերը կարող են մտածել, որ կարող են հարկերից խուսափել, ցածրորակ ծառայություններ մատուցել: Ավելի մատչելի գներ առաջարկեն՝ դրանով փորձելով շուկայում առաջնակարգ դիրք գրավել: Չեմ կարծում, որ սա այս պահին լավագույն լուծումն է: Դրանով կարող ենք մեկ-երկու օրվա խնդիր լուծել, բայց նույնիսկ կարճաժամկետ հատվածում էլ կտեսնենք, որ այդ կերպ կորցնում ենք շուկան՝ խաթարում ենք մրցակցային միջավայրը և կարող ենք իմիջ կորցել»,- մատնանշեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը:

Որոշ դիտարկումներ արդեն արել է: Շեշտում է, որ զբոսաշրջային գործակալություններն այս ընթացքում բարձր գներ չեն առաջարկում ներքին զբոսաշրջիկներին: Չնայած դրան՝ փորձագետը մտահոգված է:

«Պետք է գիտակցել, որ բնակչության եկամուտներն էլ լավ վիճակում չեն և պետք է համարժեք գնային առաջարկով լավ ծառայություններ մատուցել՝ պահպանելով բարեխիղճ մրցակցություն: Հիմա բարձր գին չեն առաջարկում: Բոլորն էլ գիտակցաբար իրավիճակին համապատասխան քայլեր են անում: Նույնիսկ նկատվում են երևույթներ, որ կարող են անբարեխիղճ մրցակցության պայմաններում ողջամիտից ավելի ցածր գներ լինել: Այստեղ կա մտավախություն, որ հնարավորինս մատչելի գներ պետք է առաջարկել, բայց պահպանելով մրցակցությունը: Որակի հաշվին գներ չիջեցնեն»,- եզրափակեց նա:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2938 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ