...

Սնանկությունների շարք կարող ենք ունենալ

Սնանկությունների շարք կարող ենք ունենալ

Չեղարկումները հասնում են մինչև հունիս

«Կորոնավիրուսի համավարակի պատճառով Հայաստանում ամենաշատը տուժել է զբոսաշրջության ոլորտը։ Առաջին հարվածը հենց այս ոլորտը ստացավ և դեռ տեսանելի չէ, թե երբ կվերականգնվեն զբոսաշրջային այցելությունները»,- «ՉԻ»-ի հետ զրույցում ասաց «Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ Մեխակ Ապրեսյանը:

Նրա փոխանցմամբ՝ ոլորտում ծառայություններ մատուցողները նշում են, որ զբոսաշրջային չեղարկումները հասնում են մինչև հունիս ամիս։ Ասում է՝ մեծ հավանականությամբ այս տարի դժվար թե զբոսաշրջային այցելությունները վերականգնվեն։ Եթե այս տարվա աշնանը չվերականգնվեց, զբոսաշրջային այցելությունները սկսվելու են հաջորդ տարվա ապրիլ ամսից։

Իսկ կառավարությունը հակաճգնաժամային փաթեթներ է ներկայացրել՝ թիրախային ոլորտներին աջակցելու նպատակով: Զբոսաշրջության ոլորտն այդ ցանկում է: Մեխակ Ապրեսյանը կառավարության մոտեցումը ողջունում է և նշում, որ այն դրական նշանակություն կունենա: Բայց, ըստ նրա, շատ կարևոր է հաշվի առնել զբոսաշրջության ոլորտի առանձնահատկությունները և հատուկ ուշադրություն ցույց տալ:

Մեխակ Ապրեսյանի կարծիքով՝ որպեսզի հակաճգնաժամային ծրագրերը լինեն առավել արդյունավետ և հասցեական, պետք է որոշակի փոփոխություններ կատարել:

«Արտոնյալ վարկերի մասով ասեմ՝ այնտեղ արտոնյալ ժամկետը 24 ամիս է սահմանված։ Մնացած ոլորտների համար սա իրատեսական է, բավականին դրական է և կարող է հարց լուծել, իսկ զբոսաշրջության համար, ըստ էության, կարելի է համարել, որ առաջին միջոցառումը զբոսաշրջության համար չէ: Իսկ այս տարվա զբոսաշրջային այցերի վերականգնումը դեռ տեսանելի չէ: Բանկերի համար զբոսաշրջության ոլորտը ռիսկային է: Եթե զբոսաշրջության ոլորտի տվյալ տնտեսվարողներն աշխատել են սպիտակ դաշտում՝ հարկերը վճարել են, վարկային լավ պատմություն ունեն, բայց քանի որ ոլորտը ռիսկային է, բանկերն այստեղ շատ կմտածեն և միգուցե վարկեր չտրամադրեն: Այդ 24 ամիսը անհրաժեշտ է երկարաձգել մինչև 36 ամիս։ Բայց անպայման լինի 12 ամիս արտոնյալ ժամանակահատված։ Այսինքն՝ վարկի մարումը սկսվի վարկը ստանալուց 1 տարի հետո»,- առաջարկեց զբոսաշրջության ոլորտի մասնագետը:

Կառավարությունը որոշել է պետական աջակցության մեխանիզմներ մշակել այս ոլորտներում գործող այն ՓՄՁ-ների համար, որոնց տարեկան շրջանառությունը 2019-ի ընթացքում կազմել է 24-ից մինչև 500 մլն դրամ: Որոշում է կայացվել, որ այն ընկերությունները, որոնք կորոնավիրուսի տարածման ժամանակ ու դրանից առաջ (հունվարի 1-ից ապրիլի 1-ը) չեն կրճատել աշխատակիցներին, պետությունից գումար կստանան նրանց աշխատավարձ վճարելու համար։   

«Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահն ընդգծում է, որ այս դեպքում սահմանափակ թվով տնտեսվարողներ կօգտվեն դրանից:

«Կան շատ զբոսաշրջային ընկերություններ և ծառայություններ մատուցողներ, որոնք դեռևս 24 միլիոնի շրջանառություն չունեն: Նրանցից շատերն ունեն վարկեր: Այստեղ նպատակային առումով նույնպես խնդիրներ կան: Շատերին անհրաժեշտ են այս արտոնյալ վարկերը ոչ միայն աշխատավարձ վճարելու և այլ ծառայությունների համար, այլև՝ վերաֆինանսավորելու նախկին վարկը: Նրանք վերցրել են նպատակային վարկեր, ներդրումներ են կատարել՝ զարգացրել են ենթակառուցվածքները, ծառայությունների որակի բարձրացմանն են ուղղել: Գյուղերում մարդիկ իրենց խնայողություններն են ներդրել, վարկ են վերցրել, զբոսաշրջային տներ են պատրաստել, բայց նրանց շրջանառությունը մեծ չէ: Հիմա վարկը մարելու խնդիր ունեն՝ հասկանալի պատճառով զրկված լինելով եկամտից»,- նշեց մեր զրուցակիցը:

Փոփոխությունների առաջարկ կառավարությանը

Պետության ձեռնարկած քայլերից մեկով էլ տուրիստական ընկերությունների, ռեստորանների, հանրային սննդի այլ օբյեկտների, հյուրանոցների աշխատակիցները միանվագ 68000-136000 դրամ փոխհատուցում կստանան: Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ սա որոշ չափով մեղմում է աշխատավարձը վճարելու հոգսը, բայց շատ փոքր քայլ է:

«Մեր առաջարկն է, կարիքներն ու հնարավորությունները գնահատելով, քննարկել զբոսաշրջության ոլորտի համար առաջին երկու-երեք ամիսների աշխատավարձերի սուբսիդավորումը, դրանով մենք կկարողանանք փրկել ոլորտը: Կարծում եմ՝ դա հնարավոր կլինի։ Պետք է հաշվի առնել զբոսաշրջության ոլորտի առանձնահատկությունները»,- տեսակետ հայտնեց Ապրեսյանը:

Ըստ նրա՝ պետք է զբոսաշրջության ոլորտի համար առանձնահատուկ փոփոխություններ արվեն, նոր մեխանիզմներ մշակվեն, այլապես կարող է ունենաք սնանկությունների շարք, իսկ դա ձեռնտու չի լինի ո՛չ բանկերին, ո՛չ ոլորտի տնտեսվարողներին, ո՛չ էլ տնտեսությանը:

«Բայց զբոսաշրջության ոլորտի համար պետք է հաշվի առնել առաջին երկու-երեք ամիսներին աշխատավարձերի սուբսիդավորման հարցը։ Բանկերը պետք է գիտակցեն և հնարավորության դեպքում իրական, վարկային արձակուրդներ տրամադրեն, ոչ թե ասեն 1-2 ամիս կարող եք չվճարել, հետո վճարել միանգամից, այլ՝ վարկի վճարման ժամանակահատվածը որքան հնարավոր է տեղափոխել»,- եզրափակեց փորձագետը:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2384 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ