...

Տոներին ո՞ր երկրներից են ավելի շատ Հայաստան այցելել

Տոներին ո՞ր երկրներից են ավելի շատ Հայաստան այցելել

Ձմռան շրջանում՝ հատկապես Ամանորին և Սուրբ Ծնունդին մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելել մեր երկիր: 

Համարվում է, որ Հայաստանում զբոսաշրջային ամենապասիվ կամ նվազ ակտիվ սեզոնը ձմռանն է: Վերջին տարիներին, սակայն, պատկերը փոխվել է: Զբոսաշրջային այցելություններն ակտիվացել են այս շրջանում: «ՉԻ»-ի հետ զրույցում նկատում է Տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

«Ընդհանրապես տարվա ընթացքում զբոսաշրջային այցելությունների թիվը տարեցտարի ավելանում է: Եվ կարևոր է, որ ակտիվանում է հատկապես Ամանորյա զբոսաշրջությունը: Շատ զբոսաշրջիկներ այցելում են Ամանորն այստեղ նշելու նպատակով: Եվ մենք ամեն տարի ավելի լավ ենք պատրաստվում Ամանորին՝ ավելի լավ զարդարանքով, ավելի լավ միջոցառումներով: Այս տարի էլ բացառիկ էր այն իմաստով, որ Հանրապետության հրապարակում վարչապետի հետ դիմավորեցին Ամանորը: Սա հետաքրքիր էր»,- մատնանշեց զբոսաշրջության ոլորտի մասնագետը:

Տոնական օրերին Հայաստանը տեսնելու են եկել Ռուսաստանից, Իրանից, Եվրոպական տարբեր երկրներից: Մասնագետը նշում է՝ եթե նախորդ տարիներին Իրանից մեր երկիր այցելող զբոսաշրջիկների թվի նվազում կար, այս տարի դրական շարժ է գրանցվել: Շատ իրանցիներ են եկել:

«Մենք պետք է այնպես անենք, որ զբոսաշրջիկը մեր երկրից հիասթափված չգնա, որ բոլոր զբոսաշրջիկներն իրենց սպասումները գերազանցեն, որ մյուս տարիներին կրկին հոսքեր լինեն»,- ասաց նա:

Թե որքան զբոսաշրջիկ է այցելել տոներին Հայաստան, դեռ վիճակագրություն չկա:  Զբոսաշրջության կոմիտեի կանխատեսմամբ՝ 2020-ի առաջին եռամսյակում զբոսաշրջիկների թիվը 14 տոկոսով կաճի: Տուրիզմի ֆեդերացիայի նախագահն այս թիվն իրատեսական է համարում:

«Նախորդ տարվա սկզբին իմ կանխատեսումն է եղել, որ 2019 թվականի ցուցանիշը 15 տոկոսով աճ է գրանցելու: Այս տարի մենք ունենալու ենք տարեկան ցուցանիշի բավականին լավ աճ: Կարծում եմ, որ առաջին եռամսյակի տվյալները նույնպես վատը չեն լինի: Պետք է ամեն ինչ անենք, որ այդ ցուցանիշին հասնենք»,- հավելեց փորձագետը:

Չնայած զբոսաշրջության ոլորտում գրանցված հաջողություններին, դեռ բազմաթիվ խնդիրներ կան կուտակված, որոնց լուծման դեպքում մեր երկիրը ճանաչելու համար ավելի շատ կայցելեն:

«Պետք է այնպես անենք, որ զբոսաշրջիկները գնան իրենց սպասումները գերազանցած: Դրա համար մենք մեկ կարևոր բան պետք է հաշվի առնենք, որ գլուխներս չկորցնենք այդ այցելությունների աճով և չմոռանանք, որ մեզնից միշտ գոհ են վերադարձել, և դա պետք է պահպանենք: Դա պետք է գիտակցեն պետական և մասնավոր բոլոր մակարդակներով՝ տարբեր տեսակի ծառայություններ մատուցողները պետք է դա հաշվի առնեն: Որպես սկզբունք դա պետք է ներդնենք: Դրա համար պետք է նաև համապատասխան պետական կարգավորումներ լինեն: Բազմիցս նշել ենք և հետամուտ ենք լինելու, որպեսզի այդ կարգավորումները լինեն: Զբոսաշրջային ծառայություններն անպայման պետք է լիցենզավորվեն՝ նրանց նկատմամբ սահմանելով համապատասխան որակական չափանիշներ»,- կարևորեց Մեխակ Ապրեսյանը:

Հայաստանում ձմեռային ժամանցի տարբերակներ կան՝ Ծաղկաձորը, Ջերմուկը, Աշոցքը: Թեև վերջին օրերին այս տարածքներում ձյուն եկավ, բայց այս սեզոնին ձյան պակաս կար, և համեմատաբար զբոսաշրջիկների հոսքերն այս տարածքներ քիչ էին: Մասնագետի խոսքով՝ այս բացն էլ կարելի է լրացնել ներդրումների միջոցով: Միջազգային փորձն է մատնանշում:

«Որպես օգնություն արհեստական ձյունով ապահովելն է: Դա ընդունված է աշխարհում, ըստ անհրաժեշտության արհեստական ձյունով ապահովելու տեխնոլոգիաներ կան, դա նույնպես պետք է մենք կարողանանք կիրառել»,- եզրափակեց նա:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1948 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ